Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/202

Այս էջը հաստատված է

աչքը բռնել, լալիս, որ Հռովմայեցվոց գազան բնությունը՝ նրանց արինը խմեց, կշտացավ. Պասքեվիչ՝ Մասիս էր առաջին տեսնում ու ուրախությունիցը աչքը սրբում։ Տիգրանա, Վաղարշակի, Աննիբալա, Տրդատի, Վարդանի պատմությունն էր մտածում, նրանց պատկերն էր առաջին կանգնել։ Նրանց անմահ հոգիքն էին երկնային լուսով նրա աչքի առաջին, նրա գլխովը պտտում, ժպտում, զմայլում, ձեն տալիս։ «Տե՛ս Հայկ աստղի կամարը, է՛ն լուսեղեն, է՛ն կապտագույն գրքումն քո անունը գրվեց, փրկիչ որդվոց մերոց։ Էն տեղ տարանք քո մեծագործության պատգամը։ Հայկի մոտ, Լուսավորչու գրկումն, իրար կտեսնինք, այժմ պահի՛ր մեր աշխարքը»։ Հայկա որդիքն էին նրան[1] երկրպագություն տալիս, Հայոց անմեղ լեզուն էր նրա կյանքը օրհնում. Հայոց սուրբ աշխարհն էր իր սիրտը բաց արել՝ նրան պատվում, պաշտում․ Երևանու բերդի անվան կեղտը[2] պետք էր նա սրբեր ու իր անունովը նոր կնքեր, Երևանցվոց, Հայոց մեծ ազգին հավիտյանս հավիտենից հեր, տեր դառնար, ի՞նչ սիրտ ըլեր, որ էստոնք մտածելիս՝ չվերանար, չմեծանար․ ի՞նչ աչք ըլեր՝ որ էս սհաթին իրան բռներ ու էնքան օրհնության, ուրախության ձենը լսելով՝ դինջ մնար․ ծով չդառնար։ Նա արեգակ էր դառել Հայաստանի, Ռուսք մոլորակի պես նրա գլխովը պտտելով՝ նո՛ր կենդանություն էին բերել, ո՞վ կարեր էս մտածել ու լուռ կանգնիլ, որ էնպես քաջ հսկայն կարողանար դիմանալ։ Հասան-խանն ընկել էր ոտը, իր վերջին սհաթին էր սպասում, նա չէ՛ թե Սցիպիոնի պես՝ իր ազգի կատաղի բնությունն իմանալով, ոտնահար արեց, այլ Ռուսաց ազնիվ հոգին ճանաչելով՝[3] էնպես անօրեն ավազակին գրկեց, էլ իր պատվով՝ հրամայեց՝ որ ճամփու քցեն, գնա դհա ավելի իմանա, թե ո՛րքան ողորմած է հզոր տերությունն Ռուսաց։ Ռուսք էն մութը հոգին չունեին, որ Նապալեոնի պես մարդին[4] իրանց մեծահոգությանը ապավինելիս՝[5] [6]նավ քցեն, որ գնա՝ իր դառն օրը օվկիանոսի միջումը վերջացնի, չէ՛․ Ռուսք իրանց թշնամուն, էնպես անարգ հոգուն էլ ցույց տվին էս օր՝ որ իրանց ոտքը որտեղ որ մտնի, էնտեղ բախտավորություն ու խաղաղություն պետք է ըլի։ Հասան-խանը գլուխն էր դեմ անում՝ որ կտրեն, Պարսիկք երեսներն էին փռում՝ որ ոտնակոխ անեն, բայց Պասքեվիչ, անօրինակ հսկայն՝ մեկին հանդիսով Թիֆլիս ուղարկեց, մյուսոցը շնորհք, ողորմություն ցույց տվեց։ Այլ եվրոպացիք Ամերիկա ավերեցին, հողի հավասարեցին․ Ռուսք Հայաստան կանգնացրին ու ասիացվոց բիրտ, գազան ազգերին մարդասիրություն ու նոր հոգի տվին։ Աստված ի՞նչպես չի՛ պետք է նրանց թուրը կտրուկ անի, պատմությունն ի՞նչպես չի պետք Պասքեվիչին աստվածացնի, Հայք ե՞րբ կարեն Ռուսաց արածը մոռանալ,[7] քանի որ շունչ ունին։

Բայց ա՜խ՝ սիրելի կարդացող, մի հարցնես, թե ախր էսքան բանը, որ անց կացավ, ո՞ւր մնաց մեր ջրատար, սիրտը փորումը մեռած Աղասին՝ որ չի գալիս, իր մուրազն առնի, իր մահվան դուռն ընկած խեղճ հորն ազատի, նրա օրհնությունն առնի, թողություն խնդրի, որ էնքան նեղությունն

  1. [օրհնում]
  2. [նա]
  3. [նրան]
  4. [որ Ինգլիզներին]
  5. ապավինեց = ապավինելիս
  6. [ու բխով մտավ]
  7. [որքա<ն>]