Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/208

Այս էջը հաստատված է

իր կսկծալի ձենն սկսեց, սև ձիանոնց գլուխն ու դագաղի ծերն երևեցան ու գեներալ, աֆիցեր՝ Ներսես սրբազանին մեջ արած՝ դուս էկան, ոտը շարժիլն ու սքի ձենը մեկ էլավ։ Հազար բաշից, հազար կտրից աչք էր, որ[1] մրմնջում էր, սիրտ էր՝ որ էրվում, մղկտում էր, բերան էր՝ որ ա՜խ քաշելիս՝ քարերն էլ հետը ա՜խ էին քաշում, սզլթում։

Մեծ ա Անապատի հայաթը, բայց Ռուս, Հայ, Թուրք, մեծ, պստիկ՝ է՛նպես էին լցվել, որ շւնչ չէր դուս գալիս։ Տերտերներն՝ եկեղեցու դուռը վաղուց էին բաց արել, ճրագները վառել, շուրջառները քցել, բուրվառ, խաչ, խաչվառ ձեռներին՝ մտիկ տալիս, որ մեյիդը ժամը տանին։ Խալխին դեն անելուցը զվիրն էին էկել, շատը պատերովն էին ներս թափում, որ շուտով մեկ տեղ ճարեն։ Էս հադաղումն էր, որ իրար ոտնատակ էին տալիս, մեկ անդամալույծ էլ սուրութմիշ ըլելով՝ քանի որ ոտը խաղաղ էր, գլխին, դոշին վեր հատելով, մազերը պոկելով, սուրբ Սարքիս ձեն տալով՝ հասավ ընկավ մեկ տերտերի ոտ, որ թողա, ժամի դռանը վեր ընկնի, Աստվածասեր քահանեն՝ տեր Մարուքը, Հովսեփ եպիսկոպոսի հերը՝ հենց իմացավ՝ թե յա ուխտ ա էկել ողորմելին, յա ուզում ա մեկ ողորմություն խնդրի, սիրտը մրմնջաց, հանեց մեկ երկու գռոշ էլ առաջը քցեց ու տիրացվեքին ասեց, որ նրան ձեռ չի տան։ «Ա՜խ՝ քոռանա քո քոռացնողի աչքը, մեկ բուռը հողի հասրաթ մնա՝ որ քեզ էդ տեղն ա քցել, ա՜յ խեղճ տղա․ էդ պատվական սուրաթը, էդ գյովդեն ու սիրուն բոյը՝ որ քոնն ա, ընչի՞ պետք է էդպես չուռումիջ ըլեր․ չուռումիշ ըլի քո էդպես անողի կյանքը», ասեց, աչքը տրորելով ազնիվ քահանեն ու երեսը շուռ տվեց։

Հենց պատվական մարմինը տեղ հասավ, հենց մուզիկի ու շարականի ձենը կտրեցին, մեյիդը վեր բերին՝ որ հոգոց ասեն, հենց Ներսես սրբազանը էն սուրբ բերանը բաց արեց, Աստված՝ ով ունի էն լեզուն, որ պատմի, ինչ որ էստեղ պատահեցավ։ Սար ու ձոր[2] կրակ ընկավ, խալխի գլխին ջուր մաղվեցավ, էլ բերան չէ՛ր բաց ըլում, աչքն էր իր կրակը վեր ածում, սիրտն էր իր խանչալները[3] փոխում, շունչն էր իր ծուխն ու բոցը քթիցը քուլա քուլա դուս փչում։ Ալամ աշխարք մնաց քարացած, կանգնած։ Երազ չէ՛ր՝ որ աչքըները բաց անեին, պրծնեին, կրակ չէ՛ր, որ փախչեին, դինջանային. ջիգյար էր՝ որ էրվում էր, սիրտ էր՝ որ պատռվում էր։

«Ա՛ղասի ջան, Աղասի, աչքիս լիսը վաղուց ա խավարել, որ մեկ երեսդ էլա տեսնիմ» մեկ ձեն գոռաց, «ոտներիս ջլերը վաղուց են փետացել,որ վրեդ էլա մի կանգնիմ, սուք անեմ, ձեռներս քոթուքի պես դոշիս են կպել՝ որ մեկ նաշդ էլա խտտեմ, որ մեկ նաշդ էլա դոշիս կպցնեմ, որ մեկ երեսիդ վրա[4] ընկնիմ, երեսդ երեսիս տամ, հոգիս հոգուդ հետ ճամփու քցեմ, էդ լիս երեսիդ ղուրբան՝ Աղասի, էդ ջիվան ջանիդ մեռնիմ՝ թագավոր Ա՛ղասի։ Է՞դպես էիր ուզում քո խեղճ հոր հավարին հասնիս, է՞դպես էիր քո դոսթ, բարեկամի սիրտն ուզում առնիս, է՞դպես էիր ուզում Անի շինես, ումբրդ ու արևդ խավարացնես, որ բալքի քո ազգին ու աշխարքին մեկ ճար անես՝ ա՜յ քո[5] հրեշտակ ջանին ղուրբան։ Ա՜խ՝ մկամ երկիրը՝ քեզ պես ծնունդ ունի, քեզ պես զավակ բե՞րել ա, որ էդպես անջիգյար քեզ տանում

  1. [քոռանում]
  2. [սուք]
  3. [սրում]
  4. [էլա]
  5. [լիս]