Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/210

Այս էջը հաստատված է

քաշեցի, առանց քեզ թո՛ղ չըլի, քո կոխկին արևս բաց էլավ, իմ առաջին քոնը մեր մտավ, էս շունչը կրակ կդառնա, ինձ կէրի. էս հողը դժոխք կդառնա, ինձ կմաշի, էս մարմինը՝ որ ինձ պետք չի՛, քե՛զ՝ թող քեզ զուրբան ըլի, քեզ. ինձ ո՞ւր ես թողում՝ դու գնում, ինձ ո՞ւր ես թաղում՝ դու թռչում. երկիրն մեկ տեղ վայելեցինք, օրորոցում, չոլում՝ դու էիր իմ կենաց ընկերը, դու իմ սրտիս սիրեկանը, ես քո ազիզ բարեկամը։ Մկամ հերնը մեր՝ որ քեզ լաց չըլին, ազգական սիրելի վրեդ չկանգնին, բաս քո ջրատար Մոսին, քո պահած որդին՝ քեզ կուղարկի՞, ինքը կմխիթարվի՞, քեզ հողին կտա, որ հետդ չի՛ գա՞, չէ՛ չէ՛՝ էդ սուրբ երեսիդ մեռնիմ, որ էլ չեմ տեսնիլ․ դու գնա արքայությունը, ինձ տա՛ր դժոխքը, տա՛ր, էս աշխարքն էլ չի՛ կարող ինձ պահիլ, մարմնիս աչքը քեզ չի՛ տեսնում, հոգուս աչքը հո բա՞ց կըլի, քո ջանին մեռնիմ. թե երկնքումն էլ քեզ չկարենամ խտտիլ, գրկիլ, հետդ խոսալ, մոտդ նստիլ, հրեշտակ տեսնելիս, գլխովդ շրջելիս, դրախտումը նայելիս լիսն վրեդ գալիս, որ քեզ տեսնիմ՝ քե՛զ՝ Աղասի ջան՝ սուր խրեն սիրտս, էլի կխնդամ, կրակ վառեն գլխիս՝ էլի կցնծամ, տա՛ր, տա՛ր քո բարեկամն, թե չէ ես կգամ, որ եդ չմնամ... Ա՜խ»...

«Ա՜խ՝ էս ո՞ւմ ձենն էր՝ որ լսեցի, քար առե՛ք՝ ա՛յ ջամըհաթ՝ ինձ սպանեցե՛ք, սուր առեք՝ ինձ թիքա թիքա արե՛ք» մեկ ձեն էլ խալխի միջիցն վեր էլավ ու հենց իմանաս՝ մեկ ամպ տրաքեց։ «Մոսի՛, ո՛րդի, առաջ ինձ սպանի, ի՛նձ թաղի, ա՜յ իմ կորած որդի, որ իմ ջանը հանեցիր, իմ սիրտը մաշեցիր, քո հալևոր հորը խեղճ արի՛, էս սիպտակ մազերը քեզ ղուրբան՝ բա՛լա ջան։ Թող մեկ շունչդ էլա առնիմ՝ է, վա՜յ իմ գլխիս, արևիս, Մո՛սի, Ա՛ղասի, երկի՛նք, քանդվեցե՛ք, ա՛շխարք՝ հիմքդ կործանվի, Հասան-խան, դժո՛խք, դժո՛խք՝ ինձ տարե՛ք, ինձ կերե՛ք։ Մո՛սի ջան, բալա՛ ջան՝ դու ինձ թողիր, դե կշտացի՛ր, ե՞ս պետք է քո հողը բուռն անեմ, էս չորացած ձեռները պետք է քեզ թաղե՞ն. ընչանք ես գետինը չմտնիմ, քեզ երկնքումը տե՞ղ կանեն։ Գնա՛ք բարով՝ ազիզ ո՛րդիք ջան, գնա՛ք բարով․ սիրով ինձ էրեցիք, ես էլ էս սրով՝ հոգիս ձեզ կտամ, մարմինս հողին, որ ձեր առաջին աստուծո բեմին՝ իրար հետ խնդանք, իրար հետ ցնծանք, իրար հետ տանջվինք, իրար հետ մաշվինք. գնա՛ք բարով՝ հերնը մերով», ասաց ողորմելին, թուրը պսպղաց, արինը շռռաց, ամպը գռռաց, օրը խավարեց, թվանքները ճռռացին, դագաղները բարձրացրին, շարական ու երգ վերջացրին, ու Քանաքռու վերի եկեղեցին էրկու հեր, էրկու որդի մեկ օրում, մեկ տեղում մինչև էս օրը առել՝ պահել ա իր սուրբ ծոցումը, որ դատաստանի օրը լիս քցի, իրանց փառքին հասցնի։

Գերեզմանն կորած, հողումը թաղված,
Աչքից հեռացած, մտքից մոռացած,
Իրանք անլեզու, աշխարհն անիրավ,
Որ Հայոց աղգիցն անթիվ ու անբավ
Էսպես քաջ որդիք խլեց՝ չկշտացավ։
Ո՛չ մատուռ նրանց գլխին կանգնեցավ,
Ո՛չ արձան նրանց անունը թողեց,
Ո՛չ ազգի միջումն հիշատակն լսվեց։