Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/213

Այս էջը հաստատված է

ու մեր խեղճ աշխարքի, մեր ողորմելի ազգի՝ աղի արտասունքը սրբի, էրված, խորովված սիրտը հովացնի, զովացնի, մեր հազար տարվան, թունալից, անբժշկելի յարեն կտրի, վերջացնի՝ որ հազարների, բյուրավորների ցավամաշ հոգին ուտում, կեղեքում, մաշում, տոչորում, սաղ, սաղ, դալար ու զվարթ՝ էս անգութ ազգին, անողորմ գազանին՝ շատ տարի, շատ դար ղուբար էր տալիս, վերջացնում։

Գիշերվան մութը գետինն առած ժամանակին՝ որ մարդ իր շվաքիցն էլ սասանում, սարսափում ա, ու բազի դիվահալած, մահատագնապ անցավոր երեսին խաչ հանելով, հավատով խոստովանիմն ասելով, սրբոց, մարգարեից անունը տալով, որ Զանգվի կարմնջի վրովը չի կենում ու կոնդի չոր դարդուսը նի ըլում, սարսափը ջանն առած, լեզուն բերնումը սառած, աջու կողմն Երևանու զարհուրելի բերդն ու Թուրքի գյոռխանեքը (գերեզմանատուն), ձախու կողմն՝ դնգերը, ջաղացները որ չեն ձորումը թխթխկացնում, շխշխկացնում ու փոքր ինչ հեռու՝ չանգը կոխած, կամարակապ համամները ու տխուր Ձորագեղը՝ փոսումն ընկած, ձենըները փորըները քցած, առաջին Երևանու Շհարը՝ տրտում, դառնավարամ սքի քողն երեսին փռած՝ որ չե՛ն երևում,− հենց իմանաս՝ բոլորն անդունդն ա գնում բաթմիշ ըլում, քանի մարդ բարձրանում ա, վեր ըլում − ու հեռըվանց որ արթուն շները՝ տների կտրներիցը՝ չեն վնգվնգում, օռնում, հաչում, ղշզրու տալիս, էլի ձենները փորըները քցում, բարակ ձգում, զլում ու քթերիցը իրանց տխուր սարսափելի կոնգոռնալը դուս թողում, նվում, որ սուր սուր սարերի, թափեքանց գլխըներիցը, տակըներիցը սովամահ գիլանը՝ ֆորսի հոտն առած, փրփրած, անկուշտ բողազներն ու ռխըները չեն բան քցում, ոռնում, շան պես կոնձկոնձում, որ նրանց խաբեն, մոտ գան, ներս մտնին կամ իրանց գզգզեն, պատառեն, խեղդեն, գաղթմիշ անեն, կամ մեկ անմեղ գառն, մեկ կաթնակեր ճամփեն մոլորած, տունը կորցրած ֆորթ, կամ մեկ նախրիցը եդ ընկած, քուչում, կամ քարի տակի կուչ էկած՝ արդար կով, կամ առըխ յաբու, կամ ծնած ղսրաղ, կամ մեկ բեզարած՝ իրան համար հանգիստ, խաթրջամ նստած՝ արոճող ոչխար՝ գտնեն ու լափեն կամ մեկ շատ բանացրած, հալից ընկած, տիրոչիցը խռոված, տանից դուս արած, էստեղ, էնդեղ չոր չոփ, ծերը սուր փուշ կրծելով, ծամելով, զոթուր անկաջները թափեթափ տալով, իր սև օրիցը բեզարած, ձեռք վերցրած՝ անատամ, անպոչ, անլեզու հայվան՝ մեկ խղճալի էշ՝ պարապ ռաստ բերեն, հետը խաղան, ծլունգ ծլունգ ըլին, ջահելությունը միտքը քցեն, որ մեկ քեֆը բացվի, սազը քոքի ու ետո իրանք իրանց բանը տեսնեն, մաքրազարդեն։ Սրանց սոսկալի ձենի հետ էլ՝ որ ձորերի միջիցը, քարափների արանքիցը, ապառաժների գլխըներիցը, բաշերիցը, թփերի, քոլերի տակերիցը, դզերիցը, չոլերիցը, բներիցը՝ մեկ կատաղած արջ, կամ խորամանկ աղվես, կամ վախլուկ չախկալ, կամ մեկ ամեհի քաֆթառ, կամ գլխիցը ձեռք վերցրած ալապաստրակ, իրանց սոսկալի, զարզանդելի ձևներն իրար չեն խառնում, գոռում, մռռում, բռռում, մնկմնկում, ճնկճնկում, ճչում, խառանչում, բառանչում, բղղում, ճղղում − կամ անքուն աքլորները՝ իրանց տիրոջը կամենալով արթուն պահպանիլ, լեղապատառ, սասանահար[1] վախտ բեվախտ որ չեն թրպրտում, թևըները թափեթափ տալիս ու ճզլանի

  1. [որ չեն]