Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/219

Այս էջը հաստատված է

թևիցը քաշեցին։ Էնպես որ սառած, կանգնած մնաց ո՛չ, հանկարծ մեկ երեխի ձեն ընկավ անկաջովը։ Կարծում էր՝ թե երազ ա տեսածը, յա միտքն ա իրան խաբում։ Մի քիչ էլ որ անկաջ դրեց, մեկ ուրիշ ձեն էլ ընկավ անկաջը ու պարզ լսում էր, որ մեկ երեխա ձենը փորն ընկած հեկեկում էր։ «Նա՛նի ջան՝ նա՛նի. ա՛խր մի աչքդ էլա բա՛ց, ա՜յ քո չարը տանիմ։ Մեզ ո՞ւր բերիր էստեղ՝ էս մեռելները հո մեզ կուտեն, մեր ճարն ո՞վ կըլի, որ դու էլ քնում ես, աչքդ չե՛ս բաց անում։ Վե՛ր կաց, գնա՛նք տուն, քանի լաց ըլիս՝ քանի՛, մեր ափուն հո կորել չի՛, էլ եդ կգա, ինչ ես էդքան սուք անում։ Մեզ թաղի՛ր՝ նա՛նի ջան, մեզ մորթի՛ր, ջուրն ածի՛ր, մեզ հարամին կգա, կտանի, մեզ ի՞նչ կանես էս չոլումը։ Նանի ջան, նանի՝ էդ սիրուն երեսիդ ղուրբան, ընչի չես մեկ խոսք էլա ասում, ա՜խր քո երեխեքը չե՞նք, ի՞նչ արինք, որ էդպես մեզանից նեղացար։ Էլ քո սիրտը չե՛նք կոտրիլ՝ քո հոգուն մատաղ՝ թաքըլի մեզ սիրես, մեզ պահես, մեզանից էլ չխռովիս»։

Ա՜խ՝ էնպես զարհուրելի սհաթին՝ ո՞ւմ անկաջն էս ձենն ընկնի, որ սիրտը չտրորվի, չխորովվի։ Նազլուն էր, այ իմ սիրելի կարդացող՝ էս մերը, որ երեխեքը սուք էին անում։ Թե դու էլ սիրտ ունիս, չե՛ս ասիլ՝ թե շինովի ա էս պատմությունը։ Սերը, սուրբ սերը՝ որ բալասամի պես կենդանացնում ա մարդի սիրտը, ու թրի պես կտրատում, սերը՝ ի՞նչ ասես՝ որ չանի։ Ի՞նչ կրակ կարա անսեր սիրտը տաքացնիլ, ի՞նչ ջուր կարա սիրով վառված հոգին դինջացնիլ, հանքցնիլ։ Սիրով վիրավորված սիրտը ոչ հողից կվախենա, ոչ գողից, ոչ ահ գիտե, ոչ վախ, ոչ սրից երեսը կդարձնի, ոչ ջրից։ Քանի շատ ա սերը, էնքան քաղցր ա տանջանքը։ Սերին ի՞նչ կդիմանա, որ մահից վախենա։ Սիրելուցդ զրկված վախտը՝ հողն էլ ա բերան առնում, քեզ ուտում, քարերն էլ են աչքումդ մզրախի պես ցցվում, քաշած շունչդ էլ ա քեզ կրակ դառնում, էրում, փոթոթում, քո մարմինը քեզ գերեզման դառնում, քո սիրտը՝ քեզ դժոխք, քո աչքը՝ քեզ արյան ծով, քո ձենը՝ քեզ ամպ ու որոտումն, մրրիկ, փոթորիկ։ Բաս Նազլուն կարող էր առանց Աղասուն կենալ, ասած խոսքը, նրա հետ կապած ուխտը չկատարի՛լ։ Ճշմարիտ սիրողւ մեծ մուրազն հենց էն ա, որ իր սիրելու խաթեր մեռնի, Նազլվի սիրելին էր հողումը, էն թագավոր տերը, է՛ն աշխարքի աչքի լիսը, բաս նա կարող է՞ր՝ առանց նրան՝ աչքը բաց ու խուփ անիլ, կամ մեռած, գնացած շունչը երկար քաշի՛լ։ Գլուխը դրել էր գերեզմանի վրա, երեխեքն առել դոշի տակը, լիսն էկել էր չորս կողմը բռնել, բայց ողորմած երկինքը դեռ չէր կամեցել, նրա սուրբ հոգին առնի, ընչանք էն անմեղ երեխեքանցը մեկ տեր լիս կընկներ։ Նա էլ հո գլխներին կանգնած էր։ Մեկ ա՜խից ավելի՝ էլ ո՛չինչ չիմացավ էս էկողը։ Երանի՜ էն գերեզմանին, որ էսպես կսիրեն։ Երանի՛ էն հողին՝ որ երկու սիրելու մարմինը՝ էսպես իստակ, անարատ կտանի, կպահի, որ Աստծո առաջին պարզերես դուս գան՝ մեր երկիրն էլ, որ երկնքի քիրն ա, մեր հոգին էլ, որ Աստծո սուրբ պատկերը։ Նազլուն էլ գնաց, Աղասին էլ, նրանց էրեխեքանց տերն էլ Աստված հասցրեց, Աստված կթողա՞՝ որ իր որդիքը կորչի՞ն․ մենք էլ մեկ օր կերթանք, մենք էլ, ա՛յ իմ սիրելի հայրենակիցք, ասա՛, որ Աղասու գերեզմանն էս օր քո աչքիդ առաջին էլ ըլի, դու չե՞ս ախ քաշիլ, ողորմի տալ ու մտքումդ ասիլ. «Ի՞նչ կըլեր, ես էլ քո ընկերների մեկն էի