Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/221

Այս էջը հաստատված է

փրփրի տակին, քո պարկեշտ Մամբռու ափին, քո խնկահոտ ծառերի տակին, քո անմահական ծաղկների միջին, քո էդ տրտում, դառնավարան լացի, բոթի, սքի ձենն առնելիս, քո սիրուն աչքերի աղի արտասունքը տեսնելիս բաս ի՞նչ կըլեր, որ քո բախտավոր, վաղուց հեռացած, մեր գլխիցը պակսած-մեծազն, քաջազոր, աշխարհասասան, անհաղթելի, անպարտելի իշխանաց, աշխարհակառույց թագավորաց մեծազոր, քաջաբազուկ հսկայից, տարաբախտ, վատաբախտ, թշվառացյալ, գերեվարյալ, տատանյալ, տարտամյալ, զուրկ, թափուր, սրախողող, քարակոշկոճ, հայրենամերկ, կենսակորույս, տնանկ, սքավոր, աղքատ, չքավոր՝ որդիքը ու թոռունքը՝ մեկ միտք անեին, գլխըներին վա՜յ տային, իրանց սև օրը լաց ըլեին՝ թե ո՞վ քեզ առաջ՝ ուրախ[1] ձայնիվ, բարձրադիր ճակատով, երկնանման պատկերով, արծվահայաց աչոք, հսկայական դիմոք, քաղցրամոք ժպտիվ, ողջույն տվեց, քո համն առավ, քո ծաղկըներիցը՝ խնդալով, ցնծալով հոտ քաշեց, քո քաղցրահամ պտղըները ախորժանոք ճաշակեց, քո հով, զովարար ղրաղին էկավ, բազմեց, քո սուրբ անարատ գիրկը համբուրեց, քո անուշահոտ վարդը, քո պարկեշտ մանիշակը՝ ողջագուրելով, խանդաղատելով քաղեց ու պերճ դիմոք, վսեմ ծանրությամբ իր քաջ բազուկը վրեդ մեկնելով, տարածելով ու իշխանական զորությամբ, խորհրդածու ուշիմությամբ՝ էդ սուրբ ափներիդ, էդ ազնիվ ձորերիդ, էդ անդրդվելի քարափներիդ՝ սուր նայելով, էդ անահ, քաջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալյացդ՝ երկար հիացյալ՝ ապշյալ մնալով, խրոխտ ձայնիվ, հզոր շրթամբք, վճռահատ, ազդու բարբառով, երկնալից բերանով, քերովբեական լեզվավ գոչյաց. «Հրազդա՛ն՝[2] դու ես իմ այսուհետև նազելի բնակարան61)»։

«Այս քա՛ջ բազուկ, այս լայնալիճ աղե՛ղն, այս նետ երեքթևեան, այս կուրծ քաջակուռ, ամուր, այս աշխարհասասան, անընկճելի, անվանելի հսկայից սիրագումար դասք, քե՛զ լիցին յայսմհետէ պահապան, պաշտպան՝ սխրալի՛դ իմ Հրազդան»։ Ցնծա՛, զուարճացի՛ր, բերկրեա՛ց, փարթամացի՛ր. հրճուեա՛ց, զուարթացի՛ր՝ գեղեցի՛կդ իմ Հրազդան։ Թո՛ղ՝ ծոց քո ցնծալից, թո՛ղ՝ դաշտ քո զուարճալից՝ ուռճասցի՛ն՝ ծաղկեսցին, ընձիւղեսցե՛ն, բողբոջեսցե՛ն պտուղս հազարաւորս, սերմանիս բիւրաւորս՝ ի կերակուր՝ իմ սերնդոց, ի ցնծութիւն՝ իմ զաւակաց, ի վայելչութիւն՝ իմազանց դիւցազանց։ Իմ տո՛հմք ժառանգեսցեն յայսմհետէ զայս դաշտ երկնատիպ, իմ շառաւիղք եղիցին քեզ թշնամայա՛ղթ խնդակիցք։ Այս լերինք երկնամբարձք՝ եղիցին իմ պատուարք մշտահաստատք. այս դաշտավայր չքնաղադէմ՝ իմ քաղցր օթևան։ Քո ձո՛ր ծաղկածին՝ իմ նազելի զբօսարան։ Իմ անուն կընքեսցէ՛, դրոշմեսցէ՛ զայս մաքուր, վայելչագեղ սահման, զի ո՛չ գտի երբէք ի բոլոր ուղիս, յերկարատև չուս իմ բացական, սմա հանգունատիպ՝ տեղի յարանման, սա՛ կոչեսցի՛ այժմ և յայսմհետէ, մինչև ցօրն յաւիտենական − Հայաստա՛ն»...

Զանգի՛, Զանգի՛, անողոքելի իմ Զանգի՝ սիրտ իմ մորմոքի, աղիք իմ գալարին, ոսկերք իմ քստմնին, ուշ իմ աղմկի, հոգիս բորբոքի, տուայտիմ

  1. [ողջունիվ]
  2. Զանգի