Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/226

Այս էջը հաստատված է

«Ժամ չի՛ դառավ մեր գլխին, մեկ իշի հարսանիք դառավ», սկսեց բերանը բաց անիլ տանուտեր Օհանեսի մեծ տղա[1] Աղասին, ու ինքն իրան բարկանալ, որ բոզ ձին թամքել՝ հազիր էր արել՝ որ էսօր ջիրիդ խաղ անի, ու ուզում էր՝ մեկ փոքր նհար անի, դուս գնա և իր թայդաշ տղերքանց հետ իր քեֆն արամիշ անի։ — «Ի՞նչ խաբար ա, մեկ էրկու ծունդր դի՛ր, երեսիդ մեկ[2] քանի խաչ հանի, ժամի դուռը պաչ արա՛ պռծանք, գնաց, ի՞նչ ա՝ էսպես օրն էլ ժամի տուտը բռնիլ ու մտիկ անիլ՝ որ Օրհնյալ եղերուքն ասեն։ Խաչը գիտենա՝ էս պառավները՝ քանի մեծանում են, խելքըները կորցնում են։ Հա կա՛ց ու մտիկ արա՛՝ թե ժամավորները պտի գան. մարդի աչքը ջուր ա կտրում։ Տերտերների գլուխն էլ տաքացած՝ էլ տուտը չեն կտրում, էլ չե՛ն միտք անում՝ թե էսօր ի՞նչ օր ա։ Էս կարգ դնողին ի՞նչ ասեմ։ Փորս վեց վեց ա անում ու պետք է մտիկ արած՝ թե ժամը պետք է արձակվի»։

«Խա՛նի խարաբ՝ ի՞նչ էլավ քեզ, մի քիչ որ համբերես՝ լեզուդ քեզ անես՝ լավ կըլի, փորդ հո կրակ չի՛ ընկել», ասեց մերը՝ բարկանալով։ «Հո՛ աշխարքը տարան ո՛չ։ Ժամանակիս տղերքը հենց սալթ գժվել են։ Ո՛չ մեծի պատիվը գիտեն, ո՛չ հավատի գինը։ Էս ա՝ որ Աստված մեր գլխին բարկացել ա, ու ամեն կողմից զուլումը մեզանից պակաս չի՛ ըլում։

Ամենն էլ իրանց ձին են քշում։ Վեր կացար, մեկ Աստծուն փառք տո՛ւր, երեսիդ խա՛չ հանիր,[3] հոգիդ միտքդ բե՛ր ռւ էնպես ուզածդ ա՛րա։ Տա՜, տա՜, տա՜․ Աստված ազատի։ Լավ ա, որ Աստված էսպես բանին համբերում ա»։

Բայց մոր ասածը մեկ անկաջովը մտավ, մյուսովն դուս գնաց։ Աղասու ոտի տակին կրակ էր վառվում։ Գեղումը մեծացած տղա՝ հազարից մեկ անգամ ժամի երես չէ՛ր տեսել։ Մեկ զատկին, մեկ էլ ջրօրհնեքին՝ ղորդ ա, պատարագի ձեն իմացել էր, բայց նրա համար թեկուզ պատարագը՝ թեկուզ գիլի հարսանիքը։ Ո՛չ բառն էր իմանում, ո՛չ զորությունը։ Գրի սևն ու սիպտակը տերտեր<ներ>ն էլ բռանց էին ջոկում, ո՞ւր մնաց նա։ Ղորդ ա՝ տարին չորս անգամ սրբություն էր առնում, խոստովանվում էր, իր մեխքը բոլոր տերտերի վիզն էր կապում ու էսպես օրերը նշխարք էլ չէր բերանն առնում, բայց էս պարտքիցը պրծածին պես՝ էլ է՛ն ջուրն էր, էլ էն ջաղացը, ո՛չ ղուղն էր բան մտնում, ո՛չ բերանն էր մեկ լազաթ առնում։ Շատ անգամ չէ՛ր էլ գիտում, թե ժամի ճամփեն ո՞րն ա, կամ ինչպես պետք էր էրեսին խաչ հանել։ Էս մեկ ադաթ էր․ ուրիշներն անում էին, ինքն էլ նրանց մտիկ տալով, անում էր։ Շատ անգամ բարկությունն էլ էր գալիս որ տերտերը էնպես բաներից[4] էր խաբար տալիս՝ որ նրա մտքովը ամենևին չէ՛ր անց կացել։ «Ախպեր՝ արածիս հլա մեկ դեղ արա՛, տո ուրիշ բան հարցրո՛ւ է», ասում էր շատ անգամ նեղանալով։ «Հե՛նց քանի ասում ես, էլի հարցնում են՝ թե ասա՛, ասա՛․ ախր որ չե՛մ արել, ի՞նչ ասեմ։ Խաթա բալա ա, է՜լի։ Մեկ որ յախեդ ձեռ ա ընկնում, էլ չե՛ն ուզում՝ թե պոկեն։ Հաղորդության օրը որ զալիս ա, Աստծո անունը գիտենա, ջանս դող ա ընկնում։ Ինչ աման չաման կա, լվանում եմ, ղուղս մզում, բեինս քամում, որ տեսնեմ թե ի՞նչ եմ արել։ Տուն չե՛մ կտրել, մարդ չե՛մ սպանել, ուրիշի հացը ձեռիցը չե՛մ խլել՝ Աստծուն իրան այան ա, գողություն,

  1. տղեն = տղա
  2. [էր<կու>]
  3. [մեկ]
  4. էին = էր