Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/243

Այս էջը հաստատված է

վեր կալել։ Աղասին էլ՝ իր թաբունը եդևին քցած՝ քեֆն արել, պռծել էր, էկավ մեկ տասը ձիավորով գեղի միջիցն անց կացավ, որ գնա կալերի դզումը, ջաղացների մոտին՝ իր հունարը նշանց տա, չունքի գեղամիջին էնպես դուզ տեղ չկա։ Յարաղ ասպապը կապած, թվանքն ուսին, թուրը գոտկիցը կախ, ջուխտ փշտովը ու ղամեն կոխկումը, մովի փոխանը[1], զառ կապեն հաքին, գյուլբանդի աղլուխը ճտին, նուղայի գտակը գլխին՝ է՛նպես կոտրել աջու անկաջի վրա էր ծռել, որ հենց գիտենաս՝ թագավորի որդի ա գալիս։ Մտիկ անողի խելքը գնում էր։ Նրան տեսան թե չէ՛, սկսեցին նրա խաղն ասիլ ու ածիլ։ «Աղասի ջա՛ն՝ գլխիդ ղուրբան, էս թասը խմենք քո արևսադաղին, մեր գլխիցը ո՛չ պակսիս․ գնա՛, մենք էլ էս ա, կգանք», ամեն կողմից ձեն տվեց խալխը ու Աղասու թասը խմեց։ Նա էլ՝ ով որ իրան էսպես պատիվ էր նշանց տալիս, գդակով էր անում, քաղցր երեսոք գլուխ տալիս, ու անց կենում։

Հեռվանց պարզ երևում էր՝ թե ի՛նչ ղիամաթ էր անում նա։ Ձիու անկաջը մտած՝ է՛նպես էր քշում՝ որ հենց գիտենաս՝ թևավոր ղուշ ըլի։ Շատ անգամ ջիրիդը[2] շպռտում, ձին չափ էր քցում, ու գնում բռնում։ Շատ անգամ գետնին էր խփում, ու ծուլ էլած ժամանակը՝ բռնում։ Շատ անգամ էլ գետնին վեր ընկած տեղիցն էլ, ձիուցը կռանում, բարձրացնում էր։ Ընկերներին ղիմիշ չանելով՝ ջիրիդը որ քցում էր, հենց գտակին էր խփում, որ զիան չի դիպչի։ Շատ անգամ թամքի միջումն կաղնած էր չափ քցում։ Աչք պետք է ըլեր, որ նրա ռաշդությունը տեսներ։ «Ջա՛նում սան, ջա՛նմ, Աղասի, քո մերը մեկ հատ ա բերել քեզանից, հազար տարի անց կենա, քեզ նման մեկն էլ՝ բհամ չի գալ», ասում էին թամաշաչիքը ու խնդում, ուրախանում, ծափ տալիս։

Հանկարծ էս քեֆի[3] միջումն՝ հենց բռնես՝ մեկ ամպ[4] պոռաց, կամ երկիրը շարժեց, կամ թոփի թոփխանի ձեն էկավ․ «տա՛րան, տա՛րան, աստվածասերք մոտ էկե՛ք, քոմակ արե՛ք, տունս կոխե՛ցին․․․ քանդե՛ցին... Աչքիս լիսը հանում են․․․ Աստված, ե՛րկինք․․․ գե՛տինք․․․ էս ի՞նչ կրակ ա․․․ Էս ի՞նչ զուլում ա․․․ Վա՜յ աչքս դուս գա․․․ Վա՜յ ումբրս խավարի․․․ էս ի՞նչ եմ տեսնում․․․ Ձեր թուրը կոտրվի․․․ Ձեր էկած ճամփեն փուշ ու տատասկ դառնա․․․ Վա՜յ իմ ըմբրիս, արևիս․․․ ո՞ր ջուրն ընկնիմ․․․ Գետինն էլ չի պատռում, որ մեզ կուլ տա․․․ Էրեխիս տարա՛ն․․․ Քոմակ արե՛ք․․․ Աստված՝ յարաղանդ քոռանա․․․ Էս ի՛նչ կրակ ա՝ որ մեզ մեջն էս քցել․․․ Հարա՜յ, դա՜տ, ամա՜ն․․․ Ե՛րկինք՝ մեկ փուլ արի, մեզ տակովդ ա՛րա․․․ ինչ կըլի․․․ Ձեր փափախը ձեր գլխին խռով կենա, ինչ տղամարթիք էք, տո մեկ ձեռն էլա հասցրեք՝ է՜․․․ Թաքոյի ջան, գլխիդ մատաղ գնամ․․․ Անումիդ մեռնիմ, երեսս ոտիդ տա՛կը՝ Թաքոյի ջան․․․ Էդ չախմուր աչքերիդ ղուրբան՝ ազիզ ջան․․․ Աչքի լսի պես մեծացրի՝ որ է՞դ տեղն ընկնի՜ս․․․ Թող ինձ սպանե՜ն․․․ Էդ թուրը թո՛ղ իմ սրտիս դիպչի․․․ Թո՛ղ հոգիս քո ոտիդ տակին տամ, էն վախտը ուր տանում են, քեզ տանին»։ Էս կսկծալի ձենի հետ լավ պարզ լսվում էր, որ մեկ տղամարդ թուրքերեն խոսում, բարկանում էր, որ ձենները կտրեն․ «Սասըն քյա՛ս, ղանղախպա, քյոփագ ուշաղի, էլա ինզի բու սհաթդա դառնն, երթարամ։ Նա՞դր ջինգյանալդ, Սարդար բույրուփ դր, գյարյաք ղզն ափաբախ՝

  1. [հաքին]
  2. [քցում ու]
  3. [ժա<մանակ>]
  4. ամպը = ամպ