Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/253

Այս էջը հաստատված է

պայծառ դեմը, է՛ս սիրուն երկրի ծաղկազարդ սարերն ու ձորերը՝ մեր աչքիցը պետք է փակվին։ Խոր, սառը, մութը գետնի տակին մսըներս որդունք, ոսկոռներս փոշի պետք է դառնան, ու ո՞վ ա խաբար, թե որ աթրաֆի տակն, ո՞ր երկրի պուճախն ընկնի, էլի ասում եմ, ու աչքերիցս արտասունքը թափում ա, ջանս փշաքաղ ըլում։ Որ մտածենք՝ թե է՛ս անկաջը՝ որ չար բանի էնպես քաղցր դեմ ենք անում, մեկ օր պետք է խլանա. էս աչքը՝ որ չի ուզում՝ թե ուրշի աչքումն էլ փոքր լիս[1] տեսնի, մեկ օր պետք է քոռանա, կիրանա, փչվի, է՛ս լեզուն, որ օձի պես օրը հազարին կծում ու յաղու ա տալիս, մեկ օր պետք է պապանձվի, չորանա, քրքրվի ու օրթունքի կերակուր դառնա, բաս էլ չարություն մեր մտքովս ա՞նց կկենա։ Բաս չե՞նք ուզենալ՝ որ ամենին պաշտենք, պատվենք, սրբի տեղ գլխներովը պտիտ գանք։ Աչքըներս սովորել ա, սիրտըներս սառել, մտքըներս քարացել։ Ժամ որ գնում ենք, հենց իմանում ենք՝ թե էն ա ամեն բանից պռծանք, պարտքըներս տվինք՝ որ մեկ քանի խաչ հանեցինք էրեսներիս, մեկ քանի ծունդր դրինք, պատարագի էրես տեսանք, պասըներս բաց արինք, սրբություն առանք։ Ինչ ասում են, մեզ համար մեռած ա, մեզ չի՛ ազդում․ չունքի մեր սրտի բառը չի, մեր լեզվի խոսքը։ Ուրըշներն ասում են, մենք էլ անկաջներս կախ արած, աչքըներս ցցած, լսենք, չլսենք, տեսնինք, չտեսնինք, երբ ա մեր սիրտը մեկ օր վառվում, որ[2] իմանանք թե՝ էս ի՞նչ հրաշք ա, որ Աստված ամենաբարին մեզ համար ստեղծել ա, մենք ի՛նչ ենք, որ մեր ասած գոհությունը, փառաբանաթյունը, ծունրը, երկրպագությունը՝ Աստծու սուրբ առաջին ի՞նչ ըլի։ Պետք է մտածենք, ո՞վ ա աղքատ, որ նրան օգնենք, ո՞վ ա հիվանդ՝ որ նրան մխիթարենք, ո՞ւմ են զրկում, գնանք նրան թափենք։ Ո՞ւմ սիրտը նեղացրինք, գնանք էլ եդ հաշտվինք։ Թե սիրտըներս մաղձով, թունով, հազար մեկ դառնությունով լիքը մտնում ենք, լիքը դուս գալիս, էլ ի՞նչ օգուտ մեզ։ Հենց պետք է մեռնինք, որ սիրտըներս թամուզանա՞․ հենց պետք է դժոխքի էրեսը տեսնինք, որ աշխարքիս համն իմանա՞նք։ Հենց պետք է՝ հո՞ղը մտնինք, որ ձեռն ածենք՝ թե յարա՜բ մեկ իսան կըքթնվի, որ էրեսը տեսնինք, լեզվներս նրանց լեզվին առնի, ականջներս նրանց ձենն իմանա։ Ա՜խ՝ մտածի՛ր՝ թե որ հնար[3] ըլեր՝ մեռած վախտդ՝ գերեզմանիդ տակիցը դուս գայիր, էլ է՛ն խելքր, է՛ն զորությունն ունենայիր, որ հիմիկ ունիս, չէի՞ր ուզիլ էն մարդի ոտը համբուրիլ՝ որ գերեզմանիդ մոտովն անց կացավ։ Չէի՞ր ուզիլ էն մարդին խտտես, արտասընքով էրեսը լվանաս, էրեսն էրեսիդ կպցնես, բերանը բերնիդ, փարվիս, էլ դոշիցը պոկ չի՛ գաս՝ որ քեզ մեկ «Աստված հոգին լուսավորի՛» ասեց, կամ գերեզմանիդ վրա մոմ վառեց։ Չէի՞ր ուզիլ, որ էն հողն է՛լ ջուր անես, խմես՝ որ քո սիրուն աչքերդ ծածկել էր, քո ազնիվ պատկերը փչացրել,[4] քո անուշ լեզուն, քո քաղցր շունչը բռնել, պապանձացրել,[5] էն քա՜րն էլ պաշտես, որ քեզ ղայիմ բռնած ուներ։ Բա՜ս հիմիկ ի՞նչ ա էլել, որ խելքդ վրեդ, սիրտդ փորումդ, միտքդ գլխիդ, էդպես բաներ չե՞ս մտածում։ Ախ սիրելի՛՝ երանի թե էս սհաթին իմ սրտումս ըլէիր, ու իմանայիր՝ թե ի՞նչ ծով ա պտիտ գալիս միջումը։ Ձեր էրեսներիցը

  1. [ըլի]
  2. [ասե<նք>]
  3. [էլ]
  4. [էր]
  5. [էր]