Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/27

Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
1


Բարիկենդան էր: Ձինն էկել՝ դիզվել, սար ու ձոր բռնել էր: Պարզկա գիշերը է՛նպես էր գետինը սառցրել, որ ամեն մեկ ոտքը կոխելիս հազար տեղից տրաքտրաքում, ճռճռում, ճքճքում էր, ու մարդի ջանը սռսռացնում, ձեն տալիս: Ամեն մեկ ծառի ճղկներից, ամեն մեկ տան բաշից՝ հազար տեսակ սառցի լուլա, հազար տեսակ ձնի քուլա կախ էր էլել ու բիզ-բիզ իրար վրա սառել: Հենց գիտես՝ սար ու ձոր կամ նո՛ր էր ծաղկել, կամ նոր ծերացել, մահվան դուռն ընկել՝ շունչն էր մնացել, որ տա, ու աշխարքիս բարով մնա ասի: Ղուշ, գազան, անասուն, սողուն՝ որը փետացել, էստեղ-էնտեղ վեր էր ընկել, որն էլ վաղուց, ամսով առաջ բունը մտել՝ ձենը կտրել, պաշարը վայելում, գարնան գալուն[1] սպասում: Գետերի, առվըների երեսները սառիցը մեկ գազ էկել, հաստացել, իրար վրա դիզվել՝ էնպես էր ջրի, աղբրի բերնին հուփ տվել, որ մոտըներին կանգնողը միմիայն նրանց խուլ ձենն էր լսում, որ սառցի տակին տխուր, տրտում,[2] քլքլում էր ու էլ եդ էստեղ էնտեղ կամաց կամաց ձենը կտրում, պապանձվում, սառչում:

Արեգակը էս առավոտ՝ որ գլուխը քնի տեղիցը ու աղոթարանիցը չի՛ բարձրացրեց ու աչքը աշխարքի վրա քցեց, շողքը սարերի գագաթին, դաշտերի գլխին է՛նպես էր պեծին տալիս, պսպղում, փայլում ու սառցի, ձնի հետ խաղում, ծիծաղում, կանաչ ու կարմրին տալիս, որ հենց իմանաս՝ թե ալմազ, զմռութ, յախութ ու հազար տեսակ տեսակ անգին քարեր ըլեին դաշտերի, սարերի գլխին, երեսին, դոշին փռած: Սարերի սառը բուքը, ձորերի դառնաշունչ քամին՝ է՛նպես էր մեյդան բաց արել՝ գոռում, փչում, հոսան անում, ձնի թեփը իրար գլխով տալիս,[3] որ ճամփորթի քիթ ու պռունգը կպցնում, ճաքացնում, երեսը պատռում, գլխին, երեսին հազար անգամ խփում, աչք ու բերան լցնում, շատին կամ ձորերն էր քցում, խեղդում, կամ ձնումը թաղում, շունչը կտրում, կամ ոտ ու գլուխ փետացրած՝ ճամփից խռկում, սար ու չոլ քցում, խեղդում, կամ քարեքար տալիս:

Էսպես մեկ խիստ ձմեռվան օրի լիսն ու մութը որ բաժանվեցավ, ու աղոթարանը բաց էլավ՝ քանաքռցիք[4] քնից վեր կացան, տան էրթիկները բաց արին, երեսները լվացին՝ մեկ երկու խաչ հանեցին, բարի լիս

  1. [էր]
  2. [ձենը ?]
  3. [հոսան անում]
  4. ա) Երևանուցը հինգ վերստ հեռու մեկ գեղ․ հյուսիսային* կողմն ընկած․ տեղը բարձր, ջուրը քաղցր, օդը գեղեցիկ, չորս կողմը բաղերով լիքը։ Մեջը երկու հրաշալի եկեղեցի, հազար քյալավա, ու այժմ հիսուն տուն կա։ Ամառվան տեղը Երևանու խաների։
    * հարավային = հյուսիսային