Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/28

Այս էջը հաստատված է

ասացին իրար, երեխեքը ծածկեցին, ու ամեն մարդ սկսեց գնալ իր բանը։ Մեծ մարդիքը միրքըները սանդրելով, պառավ կնանիքը չարսավը կռնատակների տակին՝ կամաց կամաց տանիցը դուս էլան ու տեր ողորմյա քաշելով, Հայր մեր ասելով, Հրաժարիմքը կամ Հավատով խոստովանիմը քըթների տակին փնթփնթացնելով՝ իրար ողջույն տալով՝ շատը իր տակը քցելու շորը կամ մորթին ձեռին բռնած՝ քիթ քթի տված գնացին ժամ, դուռը պաչեցին, էն վախտին վրա հասան՝ որ տերտերը դեռ չէ՛ր եկել, ժամկոչին ասեցին՝ որ զանգակը քաշի ու իրանք՝ մեկ քանի ծունր դնելուցը ետո՝ մարդիքը սեղանի առաջին, կամ սների տակին, կնանիքը ետի դասումը իրենց համար իրար մոտ շորը փռեցին, չոքեցին, գլուխ գլխի դրին ու սկսեցին զրից անիլ, իրանց գեղի ու տների բանը պատմիլ, իրար հալ հարցնիլ, մինչև տերտերն էկավ, ճրագները, կանթեղները վառեցին՝ որտեղ ձեթ չկար, մղդսին ածեց՝ տերտերի փիլոնը քցեց ու ընչանք մյուս ընկերն ու տիրացուքը կգային, նա էլ մի քանի ծունր դրեց, չոքեց, սաղմոս ասեց, աղոթք արեց, էկողներին լավ վարավուրդ արեց՝ որի քեֆը հարցրեց, որի հետ էլ էնքան զրից արեց կամ աչքերը ճմբռեց, մինչև խալխը մի քիչ շատացավ, ընկերն էկավ, Հրաժարիմքն ասեցին, գդակը գլխների երեսները դեպի Արևմուտը դարձրին, ու ետո էլ եդ շուռ էկան՝ Հավատամքն ու Մեղեն սկսեցին՝ զանգակն մեկ անգամ էլ քաշեցին, որտեղ զանգակ չկար, ժամհարը գնաց կտրների, աղբսների վրա ձեն տվեց ու ժամն սկսեց կանգնիլ։ Տերտեր, տիրացու ժամն էին ասում, ժողովուրդը ծունր դնում, խաչ հանում, կամ չոքում, նստում ու աշխատասեր, ժիր մղդսին յա ճրագի ծերը կտրում, յա կանթեղներին լիս տալիս, յա թե չէ՝ միրուքը քորելով, կոնդալ գլուխը տրորելով, արշտոտալով՝ դուրս ու տուն էր անում, բուրվառ շինում, կամ էրեխեքանց գլխին խփում՝ որ հանդարտ կենան, ղալմաղալ չանեն, դես ու դեն չվազին։ Բազի անգամ էլ բռնոթու ղութին ջիբիցը կամ ծոցիցը հանում, թափ տալիս, իմքը քաշում, փռշտում, երեսին խաչ հանում, յա սատանին անիծում ու քեդխուդեքանցը թավազա անում, պատիվ տալիս ու էլ եդ ծանր ծանր իր տեղը կանգնում կան տերտերի հրամանը կատարում։

Ջահել՝ տան տղերքն էլ՝ ամառվան պես խոտ հնձելու, կալ կասելու, բաղ փորելու, էտելու, թաղելու, դարման կրելու դարդ չունենալով՝ ճլմկոտալով, աչքերը ճմռեցին ու քնահարամ մտան գոմը, որ տավարին, ձիանոնցը խոտ տան, տակըները սրփեն, ջուրը տանին, ձիանը թիմարեն ու հետը խաղ ասելով՝ էլ ետ կապեն ու գնան տուն։ Հարգևոր հարսերը՝ ասղարույր գյուլաբաթին օշմաղը մինչև քթըների կեսը խոր քցած, քող ու լաչակի ծերը աչքերի տակը խոր քաշած՝ որ էլ երեսներ չէր երևում, մեկ դարայի կամ ղադաք մինթանա հաքըներին, մովի կամ կտավի շապկով զարդարած՝ մեկ մեծ գոտկով մեջքըները չորս տակ, հինգ տակ կապած՝ ղշի պես կուփ կուփ վեր թռան՝ երեսներին մի քիչ ջուր քսեցին՝ փեշով սրբեցին ու որն սկսեց տունն ավելել, որը դուռը սրբիլ, որն էլ չախմախին տվեց, կրակ արեց, որ թունդիրը վառի ու տան թադարեքը տեսնի, պղընձները վրեն դնի ու կերակրները էփի, հազիր անի։ Տան ջահել աղչկերքն էլ՝ գլխըները սանդրեցին, մազըները հուսած, քամակներին քցած, կարմրագագաթ պոպոզ մորթե գդակները գլխըներին, անկաջները կապեցին,