Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/286

Այս էջը հաստատված է

ձորերի ու բաղերի մեջը։ Ամենն էլ ուզում էին իմանալ՝ թե էս զարմանալի ճամփորթները ո՞վ պետք է ըլեին։ Կարծեմ, որ մինչև չասեմ, դու էլ չե՛ս իմանալ։ Մեր երկրացոնց աչքը էնպես սուր ա, որ շատ հեռու տեղից ղարալթուն՝ իր շարժմունքիցը կարելի ա ճանաչել, բայց էս միջոցին՝ հենց բռնիր բոլորի աչքը կապվել էր։

Կես սհաթ չքաշեց, գյորխանեքանց կողմիցը վեղարների սուր սուր ծերերը հայտնի ցույց տվեց՝ որ էն Ուչթափալարի ղոչաղ ձի խաղացողները՝ մեր սուրբ Աթոռից էկող եպիսկոպոս, վարդապետներն էին, որ էսպես հանդիսավոր օրերը միշտ պետք է գային, լավ լավ փեշքաշներ բերեին ու Երևանի Սարդարի խաների խաթրը առնեին, տոնը շնորհավորեին ու իրանց ծառայությունը ցույց տային՝ որ նրա աչքը մեր ազգի ու մեր աթոռի վրա քաղցր ըլեր։ Քյահլան ձիանոնց վրա նստած փոքրավոր տիրացուքը ու թվանքչիքը եդևներին քցած՝ մեկի ձեռին գավազանը բարձր բռնած, մյուսները՝ որը առաջ էր վազում՝ որ ճանապարհ բաց անի, տեղ պատրաստի, որը աչքը՝ իր մեծավորի աչքին քցած՝ մտիկ էր անում, որ նրա հրամանը կատարի։ Կոնդի, Շհարի տերտերն էլ որ տիրացուվով, խաչով, խաչփառով սաղ օրը բերդի մոտին չորացել՝ սպասում էին, որ նրանց առոք, փառոք տուն բերեն։ Էնքան ահ ու դող էին քաշել անցկենող անհավատների ձեռիցը, որ թուքըները բերնըներումը սառել էր։ Ամեն անց կենող մեկ բան էր ասում, որը մատներն էր իրար վրա դնում խաչաձև՝ ու ուշունց տալիս, որը շարականի ձևով բան էր ասում ու տերտերների վրա ծիծաղում, որը մուռտառ բերնով ձեն էր տալիս՝ «քեշիշ–բելա իշ» (տերտերն էլ էսպես բան), բազի ախունդ, կամ թաջիր էլ անցկենալիս՝ աչքերն առաջը քցած՝ էնպես մեկ խորդ[1] ձենով տակնըհանց նրանց վրա քիթ ու պռունկը հավաքում՝ խոժոռած, քափը բերանը կոխած՝ մտիկ էր տալիս՝ որ թե հնար լիներ՝ կուզեր որ հենց էն րոպեին, նրանց արինը ծծի։ Էս էր, որ հենց էս օր էլ շատ եկեղեցու սրբերին՝ որի աչքն ա հանած, որի բերանն ա քերած, որի կես երեսը պոկած, շատ եկեղեցու գլուխը քանդած, դռները ու սեղանը խարաբ ա, շատի միջում ոչխարի տարթը մեկ գազ բարձրացել, սեղան ու դուռը ծածկել ա։ Ամեն ծունր դնողի հոգին էրում, խորովում են, որ միտք ա անում՝ թե որ անշունչ պատկերների կամ քարերի գլխին էս օյինն են բերել, կենդանի Քրիստոնեից հալը ի՞նչ կըլեր։ — Անտեր երկրի, ազգի կամ մարդի ցավն ախր ո՞վ կքաշի, թե ինքը չըքաշի։

Եպիսկոպոսին տեսան թե չէ, խեղճ տերտերները դողդողալով ամենը մեկ պուճախից դուս էկան շուրջառները քցեցին, տիրացուքը շապիկ հաքան, խաչփառները բարձրացրին, գտակները վերցրին,— նրան խոր գլուխ տվին, նա էլ մեկ խաչակնքեց, ու էսպես առոք, փառոք, շարական ասելով՝ էրեսները դեպի Անապատը շուռ տվին, ուր տեղ որ Երևանու առաջնորդը կենում ա։ Էս պարտավորությունը ամեն ժամանակ պետք էր կատարած, երբ մեկ եպիսկոպոս կամ նվիրակ՝ մեկ քաղաք մտներ։ Շատ անգամ բոլոր խալխն էլ՝ իր գործը թողած՝ առաջ էր վազում՝ որ իր սրտի

  1. [աչքով]