Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/287

Այս էջը հաստատված է

մուրազն առնի ու էկողի սուրբ ձեռը, յա փեշը համբուրի ու օրհնությունն առնի, էնպես պատահում էլ էր՝ որ խեղճ եպիսկոպոսը երկար ճամփիցը, շոքիցը բեզարած՝ չէ՛ր կարում, որ էնքան երկար կանգնի ու ձեռները լիզել տա, խաչն առնում, խաչակնքում էր, ու շտապով ձիուն զոռ անում, որ գնա նրանց ձեռիցը պռծնի, ու կարոտ ժողովուրդը եդևիցը կանգնած՝ մտիկ էր տալիս, երեսին խաչ հանում ու նրա աղոթքը խնդրում։ Բայց ափսո՛ս որ հիմիկ լուսավորությունը նրանց աչքը քիչ քիչ բաց ա անում, ու վարդապետի անուն լսելիս՝ ուզում են՝ որ գլուխ առնին, կորչին։ Հավատը լավ բան ա, քանի որ մարդ դեռ երեխա ա, մեծանում ա թե չէ, շատ բան լսելով, տեսնելով՝ մարդ քանի կենում ա, հովանում ա։ Քանի կարող ես, մարդի հետ ուղիղ ճամփով գնա, թե չէ որ աչքը բաց էլավ, քո ծըռնությունը իմացավ, էն ժամանակը մատներդ էլ ճրագ շինի, վառի, նա էլ իր ասածը կանի ու քեզ չի հավատալ։

Մեր եպիսկոպոսունքն էլ խոր հոգոց հանելով՝ մեկ աչքները քցեցին Մեչըդի կողմը ու անսաս գնացին Անապատը, ուր Քեդխուդեք, իշխանք էկան հավաքվեցան, ձեռըները համբուրեցին, օթախը ներս գնացին, եպիսկոպոսունքն էլ չաքմեքը հանեցին, շորըները փոխեցին, վեղարի ծերը ետ քաշեցին, իրանք նստեցին խալըչի վրա, նրանք էլ իրանց առաջին բոլերեշուրջը, վարդապետ, տիրացու, փոքրավորը ոտի վրա կանգնած իշխանների համար արաղ, մազա բերին, թվանքչիքը ձիանոնց հոգսը հոգացին, ու էսպես ամեն մարդ սկսեց իր գործքը կատարել։ «Ծառա եմ աջիդ, սկսեց մեկը բերանը բաց անել, ինչպե՞ս ա մեր հոգևոր տիրոնչ քեֆը, ջանը սա՞ղ ա, դամաղը չա՞ղ ա, լավ դռի՞ ա, թե ոտից, ձեռից ընկել ա։ Աստված նրան իր թախտին հաստատ պահի․ նրա սուրբ աղոթքը մեր գլխիցը անպակաս ըլի։ Քանի որ նրա շունչը կա, Աստված մեր ռըզղը կհասցնի։ Մեկ աթոռ ունինք, մեկ էլ մեկ հոգևոր տեր, էլ հո ուրիշ բան էս աշխարքումը չունինք։ Գիշեր ցերեկ մեր խնդիրքն էս ա, որ Աստված նրա կյանքը երկար անի, մեր աթոռը շեն ու հաստատ պահի․ ինչ ունենք, սուրբ աթոռին ա, որդիքներս կծախենք նրա ուղուրին»։ «Աստված ձեր հավատն օրհնի, Աստված Հայոց ազգը միշտ շեն ու պայծառ պահի, պատասխանեց եպիսկոպոսը, դուք որ կաք, սուրբ Լուսավորչու գառներն էք, ձեր յուղը պետք է ուտենք, ձեր պանիրը, ձեր կաթը, որ կշտանանք, ձեր բուրդը մեզ շոր շինենք, թե չէ՛ մերն ա, էն սև քարը․ ո՛չ թուր ունինք, որ չափմիշ անինք ո՛չ իշխանություն, որ զոռով խլենք, ինչ որ կտաք, մենք պետք է էն առնինք, ընդով յոլա գնանք։ Դուք մեզ կտաք, Աստված էլ ձեզ կտա։ Մենք էլ մեր մեղավոր բերնովը գիշեր ցերեկ Աստված կաղաչենք, որ դուք միշտ բախտավոր լինիք ձեր մինը հազար ըլի»։— «Հայր սուրբ, զլխիդ ղուրբան․ լավ ես հրամանք անում, ամա ի՞նչ անես, որ մինչև բանը բանին հասնում ա, դանակն ոսկոռին դեմ ա ըլում,[1] էն դհիցը մեկը գլուխը բարձրացրեց, ուսերը քաշեց ու ասեց։ Մենք էլ գիտենք, որ խաչն էլ ա մերը, ավետարանն էլ, մենք էլ գիտենք, որ տասներկու խաչապաշտի գլուխը Հայն ա, Հայի ժամի արարողությունը, շարականը, պասը, Հայի մեռոնը ու հավատամքը

  1. [էս անօր<ենները>]