Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/292

Այս էջը հաստատված է

կամ աղքատ՝ ծեծելով, ջարդելով հենց էն հադաղին քաղաքիցը դուս քշեցին, որ տանեն գեղըցոնց հետ խառնեն։ Երանի նրան՝ որ մեկ սել, ձի, կով, եզը կամ մեկ էշ ուներ։ Էնքան կարացին, որ մեկ քանի կարպետ, խալիչա, յորղան, դոշակ, աման, մի քիչ ալիր, կամ չալթուկ՝ վերցրին՝ որ անձրևի տակին ու սովի ձեռիցը մյուս օրը չմեռնին։ Բայց քաղաքումը շատը ո՛չ գրաստ ուներ, ո՛չ մարդ, սել հո լսված չի։ Անիրավ թշնամին էս էլ չէր թողում վերցնեն, ինչ ուտելիք կար, ձուկն ասես, պանիր, եղ, հաց, գինի, բոլոր տան թադարեքը կամ ջարդում, դեն էին ածում, կամ էրում, ջուրը քցում, տնները կրակ տալիս, որ շուտով դուս գան, քոչին։ Եկեղեցքանց, տների, ջաղացների դռները հենց մնացին էնպես բաց։ Տանող տանողի էր, քաշող քաշողի. շունը տերը չէ՛ր ճանաչում։ Շատ ողորմելի մեր երկու հոգի, շունչը բերնին դեմ առած՝ մեկ երեխա ծծին ուներ բռնած, մեկը քամակին կապած՝ որի էլ ձեռիցը բռնած, հազար տեղ չոքում, հոգին ուզում էր տա. չէ՛ր գիտում՝ թե իր գլուխը լաց ըլի, թե ողորմելի երեխեքանց ձենը կտրի, որ սոված, ծարավ ոտովն էին փաթաթվում, ճտովն էին ընկնում՝ որ իրանց մեկ կտոր հաց տա։ Շատ հեր մեկի տեղ երկու երեխա ուներ շալակած ու սրանց հետ էլ խալիչա ասես, խուրջին ասես՝ ուսը քցած՝ դեմը գնում էր՝ դեմը լալիս, ու բեզարելիս՝ որ ուզում էր փոքր շունչ առնի, թրի ոռքը, յա թվանքի լուլեն էին աչքը բուռը քցում, որ վազի, եդ չմնա։ Որի հերն էր մերձիմահ տանը մնացել ընկած, որի հարսը ծննդկան պառկած, որի երեխեն օրորոցումը, տեսնողի սիրտը կրակ էր ընկնում, բայց անողորմ ղզլբաշի թուրը, կամ արինաթաթախ ձեռը ո՛չ հեր էր հարցնում, ո՛չ հիվանդ. որին քարով էին սպանում, որին թրով, որի ոտիցը բռնում, ջուրը քցում, որ մնացողները ձեռք վերցնեն, գնան։ Անգետ, հայվան շները շատ էին ցավում, կսկծում էս դառը տեսարանի վրա, քանց բանական մարդիկը։ Ա՜խ, ո՛վ կարե էն ողբը, է՛ն կսկիծը, էն սուգը պատմել, ինչ որ էս ողորմելի խալխը քաշում էին։ Մարդի սիրտ պատռում ա, բայց երկինք, գետինք փակվել, մեկ փուլ էլ չէին գալիս, որ բոլորը տակով անեն պրծացնեն։

Ինչ որ գեղըցոնց հալն էր՝ Աստված հեռու տանի։ Տավարը հանդումը մեաց, մալը չոլումը։ Ում ձեռը հասավ, էնքան արեց՝ որ արաբեն լծեց՝ էրեխեքը մեջն ածեց, մեկ քանի փալաս փուլուս էլ վրեն դրեց, ու լալով, աղի արտասունքով ճամփա ընկավ։ Տուն, տեղ, բաղ, մասիլ՝ մնացին Աստծո ապով։ Հերը որդուն ուրացել էր, բայց էլի էս ողորմելի գեղըցիք էին՝ որ բազի քաղաքացու երեխա, օղլուշաղ, բարգ իրանց սելումն էին դնում, կամ նրանց հիվանդներին տերություն անում։ Չունքի լավ, օսալ էլի սրանք գրաստ, ուտելիք, տավար ունեին. ու ինչքան ձեռըներիցը գալիս էր՝ նրանց քոմակ էին անում։ Շատ ողորմելի հերնըմեր հենց ճամփին՝ սովամահ ծծկեր երեխեքը երկու օր, երեք օր ձեռներին պահում, ուզում էին որ մեկ էնպես տեղ՝ հողի տակովն անեն, որ բալքի թե գազան չդիպչի, ու իրանք էլի էդ գան, իրանց ջրատար մեռելի ոսկոռները հանեն, ու կրկին թաղեն, ճարըները կտրած, կամ ջուրն էին քցում, կամ մեկ քարի տակ դնում, իրանք էլ վրեն էրվում, խորովվում, ու մյուս օրը լալով, կիսամահ ճամփու ընկնում։ Շատ[1] հղի մեր հենց ճանապարհին կամ մեռած

  1. [ծննդկան]