Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/311

Այս էջը հաստատված է

սիրտը մեծ ա, քեզ վրա պետք է գյոռ շինած, քար կաղնացրած − անունդ ու պատմությունդ վրեն գրած՝ որ մեր որդիքն էլ քո տղամարդությունն իմանան, ու ձեզ պես շան ձեռին գերի չընկնին, ձեզ գերի անեն, ձեզ կոտորեն, ձեր հոգին հանեն։ Էս էն քարերն են՝ որ ոտնատակ էիր տալիս, ու հազար գերի վրներովը տանում, կամ սպանում, որ հմիկ ոտդ բռնել են, քեզ ուզում են կուլ տան, քեզանից վրեժ պահանջեն. բայց ես չեմ տալ, էս քո արինը էդպես էժան չեմ ծախիլ. էդ թանկ ջանդ ինչպես շուտով վարթարաֆ կանեմ, հլա ինձ շատ պետք է տեսնիս, որ արածներդ միտքդ բերես, դու ամաչես, որ Հայի ղուլ ես դառնում, ես ուրախանամ, որ քեզ լավություն կարողացա անել, ու մեկ քանի ժամանակ էլ[1] կյանքդ[2] [3]երկարացրի։ Երեսիդ խաչ հանիր, երեսդ մեր աղոթարանը դարձրու․ դու մեր անտեր Հայերին շատ ես Քո քյաբի կողմը դարձրել ու շլինքը կտրել, էս օր էլ դու մեր աղոթարանը ճանաչիր․ մերիցը արեգակն ա դուս գալիս, մեր դաշտերը ծաղկացնում, ձերիցը տաք քամի գալիս, հանդերը էրում, չորացնում։ Չոքի՛ր Հասա՛ն-խան, տերտեր չեմ, ամա գետը մոտիկ ա, ջուրը կքաշեմ, Հասան անունդ կդնենք Օհան։ Մեր պասը դեռ չե՛ս պահել, չունքի միս ուտելու սովոր ես։ Օ՜, մեր սրբությունը՝ որ էնքան ոտի տակ ես տվել՝ թե որ Աստված տա, համն առնիս, էն ժամանակը էդ սև երեսդ կսպիտակի, էդ գիլի աչքերդ՝ գառնի կդառնա, էդ հոտած բերանդ կդառնա Աստծո տաճար։ Մինչև մեր Քրիստոսին չպաշտես, մեր սրբերի առաջին հազար անգամ չչոքես, մեր մեռոնը երեսիդ չքսվի՝ մեր տերտերի ձեռը չպաչես, Աստված երկնքիցը ձեն տա, քեզ չէ՛ թե բաց թողամ, փառչա փառչա կանեմ էդ փիս հոգիդ սատանեքանցը կտամ։ Շուտ՝ չոքի՛ր, չոքի՛ր թե չէ՝ տեսնո՞ւմ ես էս թուրը, գլուխդ սոխի պես կթռցնեմ − չոքի՛ր....»

Քար ըլեր կպատռվեր էս խոսքերիցը, ի՞նչ թե Հա<սան> Խ<անը>[4], աշխարքի տերը, երկրի քանդողը․ ամեն բանը տարավ համբերությամբ, ձեն չի հանեց։ Քուրդ ասեր, Օսմանցի ասեր նրան էս խոսքերը՝ ե՞րբ էնքան կցավեր. Հայից էսպես թուք ու մուր ստանա, որ մինչև էն օրը խոտ, աղբ էր համարում։ Հայը նրա հավատը ոտի տակ տա՞։ Արինը կոխեց աչքերը, մեռած հոգին՝ հենց գիտես նոր շունչ առավ․ ատամները ղրճտացրեց, ու աչքերը կայծակին տալով, տեղիցը վեր թռավ ու կատաղածի պես ղամեն հանեց, վրա պրծավ, «Հայի շուն, դո՞ւ մնացիր Հա<սան> Խ<անի> վրա ոտք բարձրացնես, դո՞ւ մնացիր՝ ձեր հոտած հավատի լափն իմ գլխին ածես. գյոռդ պատռվի Հասան Խ<ան>, հողը գլխիդ, էս ի՞նչ ես լսում։ Գլխիդ փափախը քամին տանի, քառանայիր, ո՛չ լսեիր, էս ի՞նչ իմացար։ Հազար հազար մարդի փոր վեր ածես, մեկ Հայի կտորի առաջին էսպես կուչ գա՞ս, էլ ո՞ւր եմ ուզում աշխարներ առնեմ, որ էս խոսքը պետք է լսեի։ Ընչի՞ չի պետք է ես[5] Հայ օլանի քոքը կտրեի, որ ձեր անհավատ հոգին երկրի վրա էլ չըլեր»։ Ասաց ու կատաղությամբ ղամեն էնպես Աղասու վրա շպրտեց՝ որ թե ձին չէ՛ր խրտնել ու Աղասին գլուխը կռացրել, ղամեն սրտի մեջտեղը պետք է ցցվեր։ Աղասին քարիցը կկարծեր, նրանից

  1. [քեզ]
  2. կյանք = կյանքդ
  3. [տվի]
  4. [որ]
  5. [ձեր]