Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/318

Այս էջը հաստատված է

և ո՛չ նրանց դոշի վրա մորթվեցիք, նրանց կռան վրա խաղացիք, և ո՛չ նրանց մեռած, կտրատած, թիքա, թիքա արած արինաթաթախ լաշի վրա ընկաք, ու լալով, արտասվելով ծծի տեղ լերդն ու թոքն ընկավ ձեր[1] բերանը, կենդանի մոր փորից դուս էկաք, ու նրանց սերը վայելեցիք, և ոչ թե նրանց ճղած փորը դուք կենդանի մտաք, ու ձեր գլուխն էլ նրանց սրտումը արինաթաթախ ցցվեց։ Բարձի վրեն, յորղան դոշակի տակին նրանց խտտեցիք, խնդացիք, և ո՛չ հողի միջումն, քարերի վրա, նրանց արնումը ու մսումը թավալ տալով, ձեր արինն էլ խառնեցիք։ Ա՜խ, մի լաք, մի նախատեք ինձ, որ ես ձեզ ձեր առաջին դժոխք եմ բաց անում, իմ սիրտս էլ որ դժոխքումն էրվի, էսքան չեմ կսկծալ, մորմոքիլ, ցավիլ, տանջվիլ, ինչպես Խլ<ղարաքիլիսի> պատմությունը միտքս բերելիս։ Չբարկանաք ինձ վրա, չասեք՝ թե երազ եմ պատմում, հազարիցը մեկը չեմ ասում, որովհետև ձեռքս թուլանում ա, աչքս սևանում, խելքս մաղվում ու գրիչս ձեռիցս վեր ընկնում, իմ լեզուս ի՞նչ ա, հարցրեք էնտեղ ըլողներին, նրանք հազար պատիկ լավը կպատմեն՝ թե ինչպես էին անօրեն Պարսիկքը մոր փորը ճղում, երեխեն հանում, թիքա թիքա անում, առաջ ոտը կտրում, հետո ձեռը, ապա երկար ժամանակ մզրախի, կամ թրի ծերը հանած, նրա մորմոքելուն, մղկտալուն, թպրտալուն մտիկ անում, իրանց դժոխային քեֆն անում, ասում, լսում, խնդում, ծիծաղում, ո՛չ լալիս, ո՛չ մրմնջում, Աստված նրանց տունը քանդի, ու ետո, ետո՝ էն անմեղ քոռոփի լացն ու սուգը երկար ժամանակ լսելուց ետո, նրան էնպես հավի ճուտի պես թռպրտալուցը ետո՝ կամ հորն ու մորը տալիս, կամ[2] նրանց գլուխն էլ նրա գլխի հետ իրանց անաստված[3] մասաբին մատաղ անում։69) Թողե՛ք, թողե՛ք, անց կենա՛նք, հերիք ա, աչքս էլ բաց չի ըլում, ձեռս էլ չի զորում, բայց ի՞նչ անեմ, հենց գիտեմ էս օր են առաջիս Վարդանի քիր ու ախպերը, հերն ու մերը տասը Պարսիկ վրա թափած՝ սաղ սաղ քերթում, կաշին մեջքիցը, դոշիցը հանում, ոտները, ոսկոռները, ատամները, քարով, թոխմախով ջարդում,[4] երեսներին քացով տալիս, թքում, ու Վարդանը՝ էսպես հրաշագեղ պատանին՝ ձեռները կապած էս երկնային հրեշտակը, էս Աստծո որդին ու անմեղ գառը նրանց վրա կանգնած ոտն ա կամենում շարժի, ճոպանը չի թողում, ձեռն ա կամենում շարժի, չվանը չի՛ թողում, թրի առաջն ա ուզում ընկնի, Թուրքը չի՛ թողում, իր միսն ա ուզում ատամով կտրատի, բերանը չի հասնում, թոկն ա վզին, աչքն ա ուզում հանի, դեն քցի, սուր չի կա ձեռին, ուզում ա գոռա, լերդն թոքը բերնիցը քցի, բերանն են փալասով խցկել.[5] թրի տակն ա ուզում ընկնի, հորն ու մոր վրա մատաղ ըլի, Հ<ասան> Խ<անը> չի թոզում, չունքի սիրուն տղերքն ու աղչկերքը նրա ու խաների գանձն ու փեշքաշն էին, ուզում ա, որ մեկ ետ էլ ա մտիկ տա իր ծնողաց սուրբ արինը՝ ու կտրատած լաշը տեսնի, կարոտն առնի, մեկ կաթ արին էլ ա վրեն քսի, մեկ բուռը հող էլ ա ծոցը կամ ջեբը դնի, որ հիշատակ մնա, մեկ համբուրի էլ ա, ու եդին բարով մնան ասի, մեկ չոքի էլ ա, նրանց հողը համբուրի, օրհնությունն առնի, բայց ա՜խ, ա՜խ, հարիր սուր գլխին պլոկած, աչքերը կապած իր

  1. [ձեռքը]
  2. [հոր]
  3. [հո<գուն>]
  4. [ոտների<ն>]
  5. [քար]