Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/324

Այս էջը հաստատված է

մանուկ ծծկեր քիր ու ախպոր մարմինը թիքա-թիքա արեց, կտրատեց. էս էն անողորմ ազգն ա, որ մեր ազգի արինը շարբաթի պես մինչև էսօր խմեց ու խմում ա: Էլ ի՞նչ ենք կանգնել, սրանց միջին, սրանց գարշելի երեսին նայում, սրանց օձի ձենը լսում։

Էրեխեք ջա՛ն՝ ձեր անումին մեռնիմ, մենք ո՞ւմ որդիքն ենք, որ թրից վախենանք, ո՞ւմ զավակներն ենք՝ որ կրակը մեզ թուլացնի. մեր ծնողք ու ախպերները չէի՞ն՝ որ երեկ, մյուս օրը էնպես քաջությամբ[1] [2]մեռան, որ արարած աշխարքը զարմացավ ու հուր հավիտենական հլա կզարմանա։ Մտիկ արե՛ք՝ երեսներիդ ղուրբան՝ էս պայծառ երկինքը, էնդեղ էնդե՛ղ են մեր սիրելիքը, մեր ազիզ բարեկամք, ազզականք մեզ սպասում։ Միտք արե՛ք, թե գլխըներդ ցավի, ով պետք է ձեզ ջան ասի, հիվանդ ըլիք, ո՞ւմ կռան վրա պետք է քնիք․ լաք, ո՞վ ձեր արտասունքը կսրբի, մեռնիք, ո՞վ ձեզ կթաղի։ Մեր սուրբ լեզուն պետք է հարամ լեզվի հետ փոխենք։ Մեր սուրբ պատարագն ու ժամը թողանք, ազանի ձենին հետևինք։ Մեր սուրբ մեռոնը թողանք, մեր խաչը, ավետարանը մոռանանք, Ալուն հետևինք։ Մեկ մտիկ արեք սրանց էս դժոխային, ժանդ կեխտոտ երեսին, դժոխքը սրանից ավելի կըլի՞։ Աչքըներից կրակ չի վեր թափո՞ւմ. վայ մեր գլխին ու արևին, էնքան պետք է խղճանանք, որ մեր հորն ու մոր սպանողներին, մեր ժամն ու աշխարհը քանդողներին՝ նոքար դառնա՞նք․ նրանց աղա ասենք, որ մեզ կաթ տվողին, մեզ էս տեղը հասցնողին զիմա-զիմա արեց։ Ա՜խ՝ թե էս փուչ փառքիցը խաբվինք, էս անպիտան պատժիցը վախենանք, ու մեր սուրբ հավատն ուրանանք, որ մեռնինք, ի՞նչ երեսով պետք է գնանք մեր ծնողաց մոտը, ի՞նչ աչքով պետք է նրանց նայենք։ Ասենք թե էս աշխարքումը նրանցից զրկվեցանք, որ մեկ օր պետք է լիներ, բաս չեք ուզիլ, որ երկնքումը էն ծոցումը նստիք, որ ձեզ մինչև էս օր պահեց, էն գոգումը ըլիք՝ որ ձեզ էնքան իր միջումը քնացրեց։ Ո՛չ, ո՛չ, մեռնինք միասին, էրթանք միասին, հասնինք մեր ծնողաց պսակին, փառքին։ Երկինքն մեզ համար հրես[3] սիրտը բաց արել, հրեշտակք մեր գլխին թևերը փռել, նահատակք, կուսանք, սրբությունք և մարտիրոսք՝ մեզ ձեն են տալիս ու կանչում ամոք. նրանց մոտ գնանք, նրանց սիրույն մեռնինք, մեր մարմինը սրո տանք հոգով ծաղկինք։ Ձեզ մոտ ենք գալիս՝ ծնողք սիրելիք։ Ձեր[4] տեսույն կարոտ, դուք միշտ պաշտելիք։ Ձեր արդար կաթը, ձեր սուրբ խրատը, մենք ե՞րբ կմոռանանք, թե մտնինք կրակը։ Արի՛ երկնային հրեշտակդ լուսեղեն, տա՛ր մեր աղաչանքն Աստծուն էս կողմեն։ [5]Բարով կացեք դուք լերինք, հող, աշխարհ, բարով կացե՛ք դուք ծառք ու ձորք, անտառ։ Մենք չէինք արժան ձեր սուրբ երեսին,[6] մեր ոտն անիրավ դիպավ ձեր դոշին։ Քանի՞ցս ձեր պտուղը, ձեր հալքն ու հոտը ձեր շվաքի տակին ձեր ծաղիկն, խոտը, մենք հարամ ձեռով քաղեցինք, առանք։ Կոխեցինք ձեր սուրբ երեսն ու դոշը, ձեր ղադրը, խաթրը մենք բնավ չիմացանք. աղբրի գլխին, առվի ղրաղին, սիրելյաց միջին, ծնողաց գոգին՝[7] սեր վայելեցինք, մեր օրն անցկացրինք, գլուխ չի բարձրացրինք, Աստծուն փառք չտվինք, աստղերն մեր գլխին քաղցր ծիծաղեցին, լուսին, արեգակ իրանց

  1. քաջություն = քաջությամբ
  2. [արին]
  3. [բա<ց> դոշը]
  4. Ձեզ = Ձեր
  5. [Մնաք]
  6. [մենք]
  7. [մեր]