Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/327

Այս էջը հաստատված է

ահ ընկնի սրտները ու դարձ գան, մեր[1] հավատն ընդունին, խաչը թողան, ղուռանին գլուխ տան, մերն ըլին, բայց արդարքն վաղուց էր տվել էին սուրբ հոգին. սուրբ արյան պատարագն նվիրել երկնքին։ Ողջակեզ[2] անոշ հոտն բարձրացրել առ վերինն։ [3]Սև ամպերն հեռացան, երկնային լիսն իջավ։ Նրանց մարմինը ամփոփեց, պատեց, բարձրացավ։ Ու հանկարծ սոսկալի վերևիցն ձեն էկավ. Հասան խան՝ դու գազան անօրեն, դիվական, բա՛ց չար սիրտդ կա՛ց, կանգնի՛ր, որ ինձ տաս պատասխան։ Ո՛չ գետին քեզ կպահի, ոչ անդունդ քեզ կքաշի, ո՛չ դժոխք թուլ կտան, ո՛չ գեհյանն սոսկալի։ Կենդանի դու պետք է քրքրվիս, ու տանջվիս, մինչև էդ անմեղաց սուրբ արինն վճարես։ Թե շանթ քեզ հանդիպի, թե կայծակ քեզ էրի, իմացիր՝ թե ես եմ՝ որ քեզ տամ տանջանքի։ Երերյալ մնասցես, տատանյալ մաշեսցիս, փուշ, տատասկ քեզ պատի, թե հողն էլ դու մտնիս»։

Հանգիստ ու խաղաղ մնաք՝ սիրելիք,
Մինչև օրն վերջին լիսն գեղեցիկ,
Անմեղ երեխե՛ք՝ արդար դուք հոգիք․
Քանի Ապարան տեսնիմ, անց կենամ․
Քանի շունչս առնիմ, ձեր անունը տամ․
Ա՜խ՝ իմ ազգի դուք[4] հրեշտակ սուրբ որդիք,
Որ էդպես կանուխ դուք թառամեցիք։
Երբ երեսս[5] հողին, ծնկներս չոքած,
Աչքս ծով դառած, սիրտս արնով լցված,
Ընկնիմ ա՜խ՝ գլուխս բաց ձեր առաջի,
Համբուրեմ ձեր հողն, մնամ վրա գետնի,
Քաղեմ ձեր ծաղիկն, հիշեմ ձեր հոգին.
Ո՛վ սուրբ հոգիք ջան, երկնային բեմին,
Աստծո ատենին, սրբոց խորանին,
Տարե՛ք իմ խնդիրս, տարե՛ք արտասուքս,
Որ մեր խեղճ ազգը, մեր սուրբ աշխարքը,
Որ ձեզ պես մատաղ տվեց Աստծուն,
Էլ չի՛ ավերվի, չմնանք մենք գերի,
Սրի մատաղ, ու եսիր թշնամուն,
Անտեր ու անճար, անտեղ ու անտուն։

  1. [դինին]
  2. [իրանց]
  3. [ամպք]
  4. [գեղեցիկ]
  5. [չոք<ած>]