Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/329

Այս էջը հաստատված է

սեր չունեն, որ իրանք աշխարհ պայծառացնեն ու լուսավորեն։ Հայք թուրը ձեռն առածին պես՝ սար ըլի առաջին չի դիմանալ, քար ըլի, վաղուց կճաքի, ինչպես որ պատմությունը, անհավատարիմ պատմությունը՝ որ Հայի համար պապանձվել ա, մեկ օր կասի, ու թե նա չասի, ու էն ազգերին միայն գլուխ վեր բերի ու անարգաբար կեղծավորությամբ տակը մտնի[1], որ թագավորություն ունին ու պատմություն գրողին կամ պարգև, կամ պատիժ կտան, երկնային բեմը ցույց կտա Հայոց քաջ որդիքը՝ որ երկու հազար տարուց ավելի իրանց արնովն, իրանց թրի զոռովն, ու հավատովը իրանց գլուխը պահեցին. Ասորիք, Բաբելոնացիք, Պարթևք, Միդացիք, հարյուրավոր ազգ ջնջվեցին, Հայք իրանց գլուխը մինչև էս օր էլ պահեցին, բայց ափսո՛ս ընչի՞ չի աշխարհներ քանդեցին գազանի պես, որ պատմությունը լայաղ անի՝ նրան էլ իր դոշին կպցնի, նրանց էլ գրկի ու իր օթախը տանի։ Ոչի՛նչ ազգի սրտի միջում էնքան ցավեր կան, ոչի՛նչ ազգի առաջին չկա կանգնած Մասիսը, դրախտը, Քրիստոնեությունը, Հայն իրան աշխարհն է առաջինը համարում, իր լեզուն Ադամա լեզուն, իրան երկրումը եդեմական դրախտը, իրան առաջին Քրիստոնյայն, չունքի սուրբ Բարդուղիմեոս Քրիստոսի ձեռովը հավատ ընկալավ, ոչինչ երկրում էնքան մեծամեծ անցք, խռովություն չի պատահել, որքան Հայաստան, թե մեկ երկիր պատմությունը կլասիչեսկի է անվանում, այսինքն երևելի, արժանահիշատակ, էնդուր համար՝ որ մեծ մեծ բաներ ա անց կացել, էլ ի՞նչ տեղ աշխարքումս էնքան երևելի բաներ են անց կացել, որքան Հայաստան։ Պարսիկք, Հոնք, Մոնղոլք, Թուրքք, Հռովմայեցիք, Արաբացիք, ի՞նչ տեղ իրանց թուրը էնքան փորձեցին, սրեցին, որքան Հայաստան, ու դեռ էսօր էլ՝ վերին նախախնամությունը ու Հայոց սրտապնդությունը իրանց գլուխը պահեց, իրանց չկորցրեց։ Մեղավորը մենք ենք՝ որ մեր ազգի արածները չգրեցինք, քնեցինք, ուրիշ ազգեր էլ չիմացան, ու մեր անօրինակ հսկայից անվանքը, որ ամեն գեղում, ամեն պուճախում հարյուրավորը կային ու կան, էնպես անհայտ մնացին։ Թե սիրելի որդիքը պատմության նրանք են՝ որ շատ քաջություն արին,[2] ոչի՛նչ ազգ ուրեմն էնքան բրաբիոն, էնքան պսակ պետք է չստանար, որքան Հայք, բայց ի՞նչ անեմ՝ լեզուս կարճ ա, ձենս բարակ, երկինքը բարձր, երկիրը խոր, անտեր ազգին ո՞վ մտիկ անում, աշխարհս զոռովին ա գլուխ վեր բերում, ծունկը համբուրում՝[3] ու պատմագիրքն էլ ըստ մեծի մասի Եվրոպացի ըլելով, իրանց ազգերին են առաջ քաշում, մեր անունը թող երկնքումը գրվի, չունքի աշխարհ մեզ չի ուզում, չի սիրում,ի՞նչ անենք։ Թե մեկ կապից կտրած հարամի Չինգիզ խան, Թամուր Լանգ, Նադիր շահ և այլն, հազար աշխարհներ քանդելով անուն ճարեցին, ընչի պետք է ցավինք մեր Աննիբալ Վարդանը, մեր Լեոնիդ Վահանը, մեր Մելցիադ Սմբատ, մեր Նապալեոն Մատաթովը՝ աշխարհ շինեցին, մարդիկ նրանց չճանաչեն, Աստված նրանց անվանե գիտի, ու նրանց վարձն ու պսակը կտա, ի՞նչ ենք դարտ անում։ Թո՛ղ Հունաց ու Հռովմայեցվոց քաջերի անունը թեատրներումը երևին, մերերի անունը երկնքումը կտեսնին ու կիմանան պատվելի գիտունք՝ թե որ ազգ աշխարքումը իսկապես արժանի էր փառքի ու պսակի։

  1. [իր]
  2. [ապա]
  3. [որ]