Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/330

Այս էջը հաստատված է

Էս մտքերն էր՝ որ Հայի սրտին էնքան ժամանակ ղվաթ տվեց՝ էս անուններն էին՝ որ նրանց գլխովը հրեշտակի պես պտիտ էին գալիս ու նրանց հոգին տեղը պահում, նրանց սրի ու հրի առաջին առյուծի հոգի տալիս, էս ցավերն էին՝ որ էս վերջին ժամանակն էլ հային թև տվին՝ յա իսպառ ջնջվի, իր բարերար տերության հողը թշնամուն տալ չտա։

Բայց ո՞ւմ ասես, որ բազի անաստված Եվրոպացու կտոր էստոնք բոլոր ոտի տակ է տալիս, տեսնելով, թե Հայը իրանից ավելի ա տերությանը հավատարիմ, աչքաբաց, բանագետ՝ իր երկրի տեսած երազները մեզ վրա է պատմում, իր երկրում քաշած թութունի ծլուլը՝ էս տեղ փռշտում ու ածում, բայց թողանք էս, ով աչք ունի, տեսնում ա, մեր ազգը միշտ աղու հացով ու մարդասիրությամբ ա ուրըշի աչքը հող ածել։

Ո՞վ չի գիտի որ էս հադաղին՝ ինչ ժամանակ Հասան խան Արևմտից, Աբաս Միրզեն Արևելքից էկան ավազակի պես ու[1] մեր սնըռը կոխեցին, մեր կողմը ամենևին խաբար չունեին։ Ո՞ւմ չի հայտնի՝ որ էն ժամանակը ոչինչ ազգ էն սրտովը, էն հավատարմությամբը դոշը բաց արեց մեր տերության համար, քամակը դեմ տվեց թշնամու սրին, ու միմիայն Հայք էին՝ որ ջան, հոգի տալով՝ Ռուսաց հզոր բայրաղը (դրոշակը) տանում, թշնամուն հետ էին ածում։ Միթե կարե մարդ էնքան անարգ լինել, որ Ներսես Եպիսկոպոսի, Գրիգոր եպիսկոպոսի, Մադաթովի, Բեհբուտովի արածը մոռանա։ Առաջինը խաչը ձեռին՝ հայոց քարոզում, զորք էր հավաքում, երկրորդը՝ Երմալովի խնդրանոքը եպիսկոպոսության շորը հանած, Չերքեզի շոր հաքած՝ յարադ, ասպաբ կապած՝ որ Թիֆլիզու ու Ղազախ, Բոռչալվի միջովը չէ՛ր անց կենում՝ հենց իմանում էին՝ թե Աստված է գալիս։ Էն ժամանակը որ Շամշադինի Մովրովը հարիր մարդով հենց հասավ Մատուշկի կարմունջը՝ սարսափելով էլ եդ դառավ, չկարաց առաջ գնալ, էս հսկա եպիսկոպոսը երկու մարդով հազար արինակեր հարամ ու գլուխ ջարդելով՝ Ղազախ, Բոռչալու անցկացավ, հասավ Շամշադին՝ իր հայրենիքը, իր ընտանյաց մեջը, Գրաֆ Սիմոնիչին՝ որ Գյանջուցը փախած գալիս էր, իր բոլոր զորքովը իրանց տանը երկար ժամանակ պահեց, Երմալովի թղթովը բոլոր կառավարությունը ստացավ, մինչև օգնություն գա Թիֆլիզուց․․․ Գեղը՝ որ յոթանասուն տանից ավելի էր, երբ որ Պարսիկք քանդեցին՝ գերի արին՝ երեսուն մարդով հինգ հազար մարդի մեջ մտավ, առյուծի պես իր ժողովուրդն ազատեց, նրանց եսիրը եդ բերեց։ Երմալովը որ հասավ՝ ու մեկ պաս օր խնդրեց՝ որ նա էլ ուտի՝ նա հսկայաբար պատասխան տվեց՝ թե Պարսից միս չկերած, պաս ե՞չբ կուտի։ Ու Ալեքսանդր Վալին ու Զոհրաբ խանը՝ երբ էկան Շամշադինը կոխեցին ու տակ ու գլուխ էին անում, իր ընտիր Հայերովը նրանց քամակը կտրեց, զորքը կոտրեց, Հինգ Պարսիկ իրան ձեռովը բերեց Երմալովին փեշքաշ արեց ու երբ Երմալովը՝ ճակատը համբուրեց, ու տասն անգամ խնդրեց՝ որ ասի՝ թե ինչ պարգև է ուզում թագավորիցը՝ նա՝ անմահ եպիսկոպոսը հենց էն խնդրեց որ իր մեծ պարգևն էն կըլի, որ Հայ ազգը Թուրքի իշխանության տակիցն ազատվի ու ազատվեցավ ու ինքն էլ արքայական պսակի ու թոշակի արժանացավ։

  1. [թե]