Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/333

Այս էջը հաստատված է

ունեցել ու երկրի թասիբը քաշել։ Էս մուռտառ արինը էլ ընչի ա պետքը, որ էսօր չի՛ թափիլ»։ Ճանանչ Թուրքեր ձեն են տալիս. «Սոսի աղա, քո աղու հացը շատ ենք կերել, գլուխդ մահու մի՛ տալ ե՛դ դարձի՛ր , մենք քեզ վնաս չենք տալ»։ Բայց հսկայն Սոսի՝ կասկած անելով՝ թե իրանց սաղ սաղ կըբռնեն, եսիր կանեն, չի՛ նայում նրանց խոսքին, լավ է համարում քաջությամբ մեռնի, քանց կենդանի՝ թշնամուն եսիր դառնա, առաջի թվանքը որ չի՛ քցում, Օքյուզ Աղի տղեն ձիու շլընքովն ա ընկնում, կատաղած հարամին ընչանք վրա կհասներ՝ մեկ տասնը հինգ մարդ էլ սպանում են էս հսկայքը ու թուրը հանած, երբ բարութները հատնում ա, ընկնում առյուծի պես գազանի բերանը, մինչև իրանց հոգին կտային, մեկ տասը հոգի էլ՝ թրի մատաղ անում ու իրանք Աստծուն մատաղ ըլում։ Հանգիստ քո սուրբ ոսկերացը՝ ո՜վ քաջ նահատակ։ Քո ջիվան ջանի արինն ա, որ էսպես սիրտս կրակում ա։ Ինչ Հայ ձեր անունը լսի, ու ձեր լիս գերեզմանին ողորմի չասի. ձեր հիշատակը իր սրտումը չգրի։ Մի՛ իմանաք՝ թե ձեր ազիզ արինը նհախ տեղը թափեցավ։ Էդ պատվական արինն էր՝ որ Աստծու սիրտը գութ քցեց, մեր աշխարհն ազատեց ու այժմ էն քո նահատակության քարի տակիցը ձեն ա տալիս. «Հա՛յք ինձ պես մեռեք, որ անուն ճարե՛ք»։−

Բարեխնամ կառավարությունը տեսնելով՝ թե աշխարքն էսպես ոտի տակ ընկավ, հրամայեց՝ որ Շորագյալ, Փամբակ քոչեն, գան Լոռի, որ իրանց պռծացնեն։ Աստված հեռու տանի, ինչ խալխի հալն էր։ Որի ախպերը չկար, որի հերը, որի որդիքը, որի մերը։ Ղարաքիլիսեն, ուր տեղ որ իշխանն Սավարզամիրզա կենում էր, դառել էր սքատուն ու գողադարան․ անօրեն Պարսիկքը, ձորից, սարից, օրը ճաշին մեր աչքի առաջին՝ մեկ թվանք Մանգզիլ տեղ՝ գալիս՝ տավար, մարդ, եսիր էին անում, տանում, կամ գլուխը կտրում։ Ո՛չ գիշերը քուն կար, ո՛չ ցերեկը ղարար։ Մեկ ոտի կամ թվանքի ձեն մեշիցը գալիս, հերը որդին ուրանում էր, աշխարքն աշխարքով դիպչում ու աչքը ջուր կտրած, շլինքը ծուռը մտիկ անում՝ թե հրես որդեղ որ ա, հարամին կգա ու մեզ սուրը կքաշի։ Մեկ ռոտ սալդաթ, ու մեկ քանի Ղազախ՝ որ գնացել էին ճամփեն բռնեն, էնպես ջարդված, յարալու, փարալու եդ էկան, որ տեսնողի գլխին կրակ էր վառվում։ Մեկ օր Նազի Խ<ան>-ը էնպես վրա տվեց, Ղշլաղ գեղն էրեց ու Ղարաքիլիսու վրեն էկավ՝ որ էլած-չելած գարնիզոն (պահապան) զորքը թոփն առած քաղաքի առաջը կտրեց, խալխն էլ տուն ու տեղ վեր ածած, իրանց էրեխեքանց ձեռը բռնած, գնացին թոփի տակը մտան՝ որ պռծան, ու Ռուսաց քաջ հոգին էր, որ մեզ ազատեց։ Վաղուց էինք սրբություն առել ու մեր սև օրին աչքը դրել։ Խալխը քոչիլ չէր ուզում, չունքի սրի ձեռիցը, սովի ձեռը պետք է ընկներ ու իր քաղցր հողիցը չէ՛ր ուզում ձեռք վերցնի։ Բայց մտքիցս չի գնալ էն դառն օրը՝ որ հրամանն եկավ, որ առանց այլևայլության նրանց քոչացնեն։ Ո՞վ կուզեր էն տունն էրել, որտեղ որ իր հերն ու մերը կացել, իրան կաթը տվել, պահել էին, էն իգին քանդել, կամ թողալ որ իրանց ձեռովը էն տեղն էին հասցրել։ Ամեն տան քսան, երեսուն հենց մեղրի փեթակ լիքը՝ դրած էր։ Հաջաթ, զարդ, տան կայինք՝ բոլոր բոլոր կրակ տվին՝ երբ Ռուսաց եկեղեցու մուխը տեսան՝ որ մեծավորը