Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/341

Այս էջը հաստատված է

Նրա հավատարիմ շունը գլուխը ոտի տակին դրած՝ մնացել էր փետացած։ Ձին էլ բերին գլխավերևը կապեցին՝ որ բալքի նրա շունչը Աղասուն մեկ ճար անի։ «Ջանիդ ղուրբան՝ Աղասի, էս ի՞նչ օրն էս ընկել, վա՜յ մեր աչքը դուս պտեր գալ, քեզ էսպես չտեսնիլ․ էս ի՞նչ ա քո հալը», ասում էր ջիվան Մուսեն ու գլխին վեր հատում, երեսն երեսին դնում, ձեռը դոշին,[1] տամարի տալն ու ջանի տաքությունը որ չէ՛ր տեսնում, գլխին կրակ էր վառվում։

Մյուս տղերքն էլ ձիանոնց ջուր տվին, ձեռըները քամակներին քսեցին, էլ եդ թամքեցին, թվանքների, փշտովների ոտը քաշեցին, նոր էլ աղզոթին թազացրին, ու ամեն մարդ իր ձիու լկամը ձեռին՝ էկան Աղասու չորս կողմը կտրեցին։ Աչքըներիցը արտասունքը գետի պես վեր էր թափում․ հորնը մոր դարդը մեկ կողմից, իրանց սև օրը մյուսից․ իրանց սիրելուն էլ էս հալին տեսնելիս, ուզում էին, թե սար ու ձոր պոկեն, գլխներին տան։ Մեկ սա էր ընկնում Աղասու վրա, մեկ նա, որը նրա ձեռն էր բերնին դնում, որը գլուխը նրա դոշին դնում։ «Յարաղանիդ ղուրբան՝ Աստված՝ փառքդ շատ ըլի՝ էս առավոտ հենց՝ ամեն աչք մեզ էր էրնակ տալիս, ինչ արինք, որ մեզ էսպես պատմեցիր։ Վայ մեր սև օրին ու ըմբրին, այ խեղճ հերնը մեր, յարաբ սա՞ղ էք, թե թրի տակին մնացիք․ յա՞րաբ թոփ ձեզ գետնին խփեց, թե զնդան ձեզ մեջ առավ։ Յարաբ մեր ցա՞վն էք քաշում, թե ձեր օրը լաց ըլում։ Տե՛ր աստված, տե՛ր Աստված՝ մեղա քեզ՝ ո՞ւմ մեկ չոռ ասեցինք, որ մեր առաջն էկավ։ Ո՞ւմ մեկ թեք աչքով նայեցինք, որ էսպես մեր գլխին բարկացար։ Արյան ծովն էկել ա չորս կողմերս բռնել, որ կողմն էլ որ ձեռք ենք ածում, կրակ ա ընկնում ձեռըներս։ Է՞ս տեղ մեր թագավորները քեֆ անում, ամառն անց կացնում, որտեղ որ հմիկ մենք կրակումն էրվում ենք։ Էս ժամումն էին նրանք կանգնում, աղոթք անում, որտեղ որ մենք մեր հոգին ուզում ենք տալ։ Էս ի՞նչ չար լեզու մեզ անիծեց։ Ո՜վ սուրբ Սարգիս, ո՜վ սուրբ Գևորգ՝ էլ որ օրը պետք է մեր հավարին հասնիք։ Դժոխքումն էրվում, տապակվում ենք, ախր ի՞նչ կըլի, օր մեզ մի չարա անեք։ Աղասի ջան, Աղասի՝ ի՞նչ կըլի, որ բոլորս[2] էլ քո ուղուրին մատաղ ըլինք․ ախպե՛ր ջան, ազիզ ջան, ջա՛նմ ջան։ Արին կապեցիր խալխի սիրտը, կրակ վառեցիր երկրի գլխին՝ այ աշխարքի աչք՝ Աղասի։ Տո մեկ ճանճ էլ ա նհախ տեղը չե՛ս սպանել, մեկին մեկ թթու խոսք չե՛ս ասել՝ ա՜յ Աստծո գառն ախպե՛ր՝ ախր Աստված ընչի պետք է քեզ էս օրին հասցներ։ Ո՞ւր գնանք, ո՞ւր․ մեր սև օրը ո՞ր քարի տակին լաց ըլինք, ո՞ր ջուրն ընկնինք, խեղդվինք, որ պռծնինք։ Տո մեկ բերանդ էլ ա բաց արա՛, գլխիդ մեռնիմ. ախր ընչի ես էսպես մեզ էրում, փոթոթում։ Տո էդ սիրուն աչքդ էլ ա մի՛ խփիր՝ անումիդ ղուրբան՝ ախր մենք քեզ ի՞նչ արինք․ ախր դու որ չըլիս, մեր ճարն ի՞նչ կըլի։ Էլ աշխարքը աչքըներս չի՛ գալիս, մեկ չոր գլխըներս մնաց, էն էլ քեզ ղուրբան։ Ամենս էլ առաջ մեր արինը կթափենք, մեր շունչը կտանք, եդո, ախ՝ եդո, քունն էլ Աստված։ Կաթն ու ծիծ միասին կերանք, որ քեզանից ձե՞ռք քաշենք։ Բախտ ու լավ օր միասին վայելեցինք, որ քեզ նեղ օրը աչքից քցե՞նք։ Որիս ուզում ես, վեր

  1. [բայց]
  2. [ենք]