Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/35

Այս էջը հաստատված է

անաստված, իր հավատն ուրացած մարդ պետք է ըլեր, որ մեր ողորմելի կարդացողներին էսպես քարկոծում, պախարակում էր, ու էլ միտք չէ՛ր անում թե նրանք են Քրիստոսի կենարար մարմինն ու արինը ճաշակում, ծառա եմ նրանց սուրբ զորությանը։ Նրանք են մեր հոգու տերը, մեր մեխքը սրբող, մաքրողը։ Նրանց է տված երկնքի ու երկրի իշխանությունը, որ արքայության դուռը մեզ համար բանան, կամ փակեն։ Նրանք որ չըլին, մեր հոգին դժոխքումը հուրն հավիտենական իսրի պուճախումը՝ հա կտանջվեր, հա կտանջվեր ու սատանեքանց փայ կըլեր։ Մազե կարմնջովը անց կենալիս տեղը թե նրանք մեր ձեռը չի բռնեն, անդունդը կթափվինք, ու ամեն մեկ մեր թիքեն հազար սատանի ճանկը կընկներ։ Ի՞նչ ուզում ես խոսի՛ր, արա՛, ձեոդ ո՞վ <ա> բռնում, ամեն մարդ իր գլխի տերն ա, ամա էսպես բանի վրա խոսողի ատամները պետք է ջարդած, որ խելքը գլուխը գա։

Ի՞նչ անես․ էշ գեղըցի ըլելով՝ գլուխը հաստ, ծուծը բարակ, անտաշ, կոպիտ, ոչ վարպետ էր տեսել, ոչ վարժատուն, ձիու տակը սրբելուցը, մաճը բռնելուցը, հանդը վարելուցը ու կատեպանությունից ավելի ոչինչ բան չէր գիտում։ Ախր մեկ մարդ որ անլվա հաց ուտի, ամսըներով չոլումն ու գոմումն իր օրն անց կացնի, նրանից էլ ի՞նչ հարցնես, ինչ բեդամաղ ըլիս․ նրա ասածը ո՞վ չվանի կդնի։ Թեկուզ գեղըցին, թեկուզ յաբանի հայվանը, մի հեսաբ ա։ Մեկ մարդ որ խաչ հանելիս չիմանա՝ թե ձեռը առաջ դոշին պետք է դրած, թե ճակատին, աջու կողմը, թե ձախու, սաղ տարին հինգ անգամ ժամի երես տեսնի, էլ ո՞վ նրա դնչին մտիկ կտա։ Կըլի որ նրա բոլոր անբավականության պատճառը բարիկենդանն էր ու ժամի երկարիլը։ Բալքի[1] միտք էր անում՝ թե իր թայդաշ տղերքը էն սհաթին ձի ու ասպար հազրած՝ դուս ըլին էկած ու ինքը եդ մնա։ Բալքի թե հենց է՛ստուր համար էր նա էնքան դատ բեդատ անում, տրտնջում, բերանը ավերում, հոգին ապականում՝ թե չէ նրա ձենը մինչև է՛ն օրը՝ իր հերնը մերն էլ[2] չէին լսել։ Էս պատճառավ կարելի յա նրա գիժ խոսքերը մոռանալ, նրան ներել ու էսպես ափեղցփեղ, հայվարա խոսողի բերանը ցխել, որ իր չափը ճանաչի։

Ուրեմն լսողը թող չբարկանա ու իսկույն ձեռք բարձրացնի, որ Աղասու բերնին խփի։ Էսպես չար լեզու ուրիշ մարդիք էլ ունին, բայց Աղասու բարի խասիաթը, բարի սիրտն ու հոգին քիչը կունենան։ Էս հասակը հասել էր, քսան տարին անց կացել՝ նա դեռ հորնը մոր առաջին էնպես էր, ինչպես մեկ անմեղ գառը։ Մեկ օր նրանց խոսքիցը չէ՛ր դուս էկել․ մեկ օր նրա բերնիցը մեկ թթու խոսք չէ՛ր լսված․ աչքը նրանց աչքին առնելիս, նա նրանց միտքը իսկույն իմանում ու գլուխը մահու էր տալիս, որ նրանց կամքը կատարի։ Գեղըցիքը բոլոր նրա արևովն էին խնդում, նրա գլխովն օրթում ուտում։ Ամենի աչքը նրա վրա էր, նրան էր գովում, նրան էր օրհնում։ Մեկին մեկ փորձանք դիպչելիս, կամ մեկ դարդ ունենալիս, նա իր գլուխը եդ էր դնում, նրա մուրազին հասնում։ Բերնի թիքեն հանում էր, ուրըշին ուտացնում։ Էնքան իր ապրանքին, իր հանդին ու մալին չէր մուղայիթ, որքան իր հարևանների։ Տանուտերի տղեն էր, աղքատի ու

  1. [թե]
  2. [էին]