Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/353

Այս էջը հաստատված է

որդի ջան․ հոր[1] աչքի լիս՝ քեզ ղուրբան՝ ալամ աշխարքի գոված. Աստծու դիրեկան, մարդի սիրեկան, ջանս քեզ մատաղ, Աղասի ջան։ Փուշ էիր տընկում, վարդ էր քեզ դառնում, քարին էիր ձեռը տալիս, քարը հոգի առնում։ Մեկ հոգի ունեիր, հազար աղքատի սրտում, մեկ շունչ ունեիր, հազար հիվանդի բերնում։ Մեկ անուն ունեիր, արարած աշխարքում․ երկու ձեռն ունեիր, մեկը ողորմություն տալիս, մեկը աչք սրբում։ Ա՜խ՝ ո՞ւմ մեկ թթու խոսք ասեցիր, որ[2] ինձ անիծեց, ո՞ւմ վրա դուռը հետ արիր, որ ինձ վա՜յ տվեց։ Ո՞ւմ վեր ընկած տեսար, անցկացար, որ մորդ գլուխը լաց էլավ։ Ո՞ւմ կաթը կերար, որ քեզ լեղի դառավ․ ո՞ւմ ձեռին մեծացար, որ գիշեր, ցերեկ քեզ չօրհնեց, ո՞ւմ ծնկան վրա քնեցիր, որ[3] երեսիդ քրտինքը տեսնելիս, հազար անգամ աչքը երկինքը չքցեց,[4] արտա–սունքն երեսիդ չթափեց ու մեղավոր բերնովը չասեց։ Աստված փառքդ շատ ըլի․ դու տվիր, դու պահի՛ր․ իմ կյանքս ա՛ռ, սրա վրա դի՛ր, սրան մեկ փորձանք գալիս, իմ աչքը հանիր։ Ինչ սրան անելու ես, ինձ արա՛․ թուր պետք է սրան դիպչի․ առաջ իմ սրտումս ցցվի․ կրակ պետք է սրան էրի, սֆթա ինձ փոթոթի, սրա աչքը ցավելիս, իմ աչքը դուս գա՛, սրա ցավն ու չոռը իմ գլխիս թող գա։ Ո՜վ երկնային թագավոր, Աստված՝ թաքըլի սա զորանա, մենձանա, հաց չունենամ, գոնե դուռը կընգնիմ, սրան կպահեմ, գլուխս կծախեմ, սրան կհասցնեմ․ քար կկրեմ, սրան չեմ ասիլ տալ՝ թե մուխը դիպա քեզ՝ որ թաքըլի սա իմ երեսիս հող քցի, սա իմ աչքս խփի, սա իմ գերեզմանս օրհնի․ իմ օջախիս սին ու ճրագը սա դառնա, որ իմ հիշատակս աշխարքի երեսիցը չկտրվի, իմ տան ծուխը չպակսի։

«Աղասի ջան՝ ծուխս հատավ, կտրվեցավ, տունս քանդվեց, հիշատակս քոռ էլավ, հիմքս բրիշակ, աստղս խավարեց․ իմ փայ արեգակը վաղուց մեր մտավ, իմ փայ երկինքը վաղուց փուլ էկավ։ Ինձ համար էլ լիս չի բացվում․ ինձ համար էլ աղոթարանը չի՛ ծագում․ օրն ինձ համար գիշեր, գիշերն ինձ համար տարտարոս, դժոխք։ Վաղուց եմ գերեզմանիս ղրաղին կանգնել, հորը փորել, հազար անգամ մեջը մտել, դուս եմ էկել, բայց հողն ինձ տե՞ղ կանի, որ քեզ չեմ տեսել, աչքս կկպչի՞, որ քեզ չեմ նայել, գերեզմանումը կդինջանա՞մ, որ դեռ բերանս բերնիդ չառել, լեզուս լեզվիդ, աչքս աչքիդ, դոշս դոշիդ՝ էդ ազիզ ջանիդ ղուրբան Աղասի։ Հրեշտակը սիրտ կա՞նի, որ ինձ մոտանա, էն ձեռը չի՞ չորանալ, որ ինձ լվանա․ էն լեզուն չի՞ փետանալ, որ իմ սուգն անի․ էն բեմը չի՞ քանդվիլ, որ իմ[5] նաշը տեսնի, էն բաժակը կրակ չի՞ դառնա, որ հոգուս համար պտի խմեն, էն խունկը չի՞ բոց դառնալ, որ ինձ վրա պտի ծխեն։ Որ որդին մոր գլխին կանգնած չըլի՛, էն մորը ո՞նց պետք է թաղեն, որ որդին մոր սուգը չանի՝ էն ծնողը ո՞նց պետք է հողը դնեն։ Որ որդին մոր գերեզմանը չօրհնիլ տա, էն քարը ո՞նց պետք է քցեն»։

«Աղասի ջան, Աղասի, երեսս ոտիդ տակն՝ Աղասի։ Ի՞նչ կըլի մեկ շվաքդ էլ ա տեսնիմ,[6] եդո հոգիս տամ, մեկ ձենդ էլ ա լսեմ, եդո աչքս խփեմ, մեկ ձեռդ բերանս առնիմ, եդո շունչս կտրեմ։ Էն ի՞նչ օր էր, որ գլուխդ գոգումս, ձեռներդ դոշիս՝ ջուրն էի գնում, քամակիս կապում, հանդն էի

  1. [սիրելի]
  2. [քե<զ>]
  3. [քեզ]
  4. [ու]
  5. [լ<աշը]
  6. [մեկ]