Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/362

Այս էջը հաստատված է

Մուսեն՝ որ կուռը չհանեց, կեսը հենց բռնի՛ր, ծամած էր։ Մեկ սաղ սհաթ Աղասին նրա դոշիցը չէ՛ր պոկ գալիս։ Էնպես գիտում էր՝ թե էն կյանքիցն ա վեր էկել։ Սարըցիք էլ՝ էս ջիվան իգիթի սիրտը տեսնելով, մնացել էին զարմացած, ու սաղ շաբաթը հենց էն էին խոսում։

Բայց Մուսի աչքիցը քունն էր փախել, սրտիցը զարարը։ Արեգակն էր դուս գալիս, նրա օրը մեր էր մտնում, օրն էր մեր մտնում, նրա ցավերըն էին նոր ի նորո բացվում։ Սար ու ձոր նրա համար դժոխք էր դառել։ Գիշեր, ցերեկ նրա կերած հացը, նրա խմած ջուրը, նրա տեսած լիսն ու երազը՝ էն սքանչելի պատկերն էր, որ իրան կանչել էր։ Ծառերն էին սլսլում, թե ջուրը քչքչում, քամին էր փչում, թե հովը հնչում, նա ոչի՛նչ ձեն չէր իմանում, ոչի՛նչ չէր տեսնում, եթե ոչ իր սիրեկանի երկնային դեմքը։ Հսկայն Աղասին՝ որ իր վերջին օրումն էլ չէ՛ր ուզում, որ իր ընկերների մեկի մազն էլ ա թեքվի, վաղուց էր վարավուրդ արել սրա էս նեղությունը՝ վաղուց էր իմացել, որ իր սիրեկանի սիրտը, ուշ ու միտքը թռել ա, էլ վրեն չի, ամա չէր իմանում, թե պատճառն ի՞նչ ա։ Գիտեր, որ նրան աչքի լսի պես էր մինչև էն օրը պահել, բայց թե ի՞նչն էր նրան էսպես էրում, խորովում, չէ՛ր կարում հասկանալ։ Նա տեսնում էր, որ ջիվան Մուսին մեկ աղչկա ձեն լսելիս, մեկ աղչկա պատկեր տեսնելիս, իրանից գնում, խելքամաղ էր ըլում, ամա էնպես կարծում էր, թե էս էն առաջին կրակն ա՝ որ ամեն ջահել մարդի սիրտ վառում, բորբոքում ա, երբ ինքն իրան ճանաչում ա, երբ արինը եռ ա ընկնում ու սար ու ձոր մարդիս աչքին յա սազ ու քյամանչա են դառնում, ուշ ու միտքը տանում, յա թուր ու դանակ են դառնում, սրտումը ցցվում։ Շատ որ ճտովն էր ընկնում լալիս ու աղաչանք անում, որ իր դարդն ասի, արտասունքից ավելի ոչի՛նչ չէր տեսնում, լացից ավելի ոչի՛նչ չէր լսում։ Շատ անգամ, սիրտը բերանն էր գալիս՝ որ իր ցավերն ասի, ամա լեզուն չորանում էր պապանձում, երեսը կարմրատակում, չէ՛ր գիտում թե ինչ ջուղաբ տա, դողդողալով սարերն ու ծառերն էր նշանց տալիս։ Ընկերքն էլ էին մնացել մաթալ, թե որ մի ֆռսանդ էր ճարում, էլ հաց ու ջուր միտքը չէր բերում, գլուխն առնում, կորչում էր, սար ու ձոր պետք էր ոտնատակ տված, որ նրան մեկ տեղ քնած քթել էին։

Մեկ օր էլ էլի էսպես Մուսին ման էին գալիս, որ մեկ քարափի տակից էնպես մեկ ձեն էկավ, որ մարդ լսելիս՝ ջանը վրեն սրսռում էր։ Քամին ձենը ձորն էր քցել, ու քարերն էին էս խոսքերը եդ ասում։


ԲԱՅԱԹՈԻ ԳՈԻՆՈՎ

«Հրեշտակ էիր, որ ինձ երևեցար, ա՜խ, ինձ երև<եցար>․
Երկրումն ես ծնվել՝ թե երկնքիցն եկար․
Մեկ ջան ունեի, էն էլ դու տարար․
Ա՜յ իմ սուրբ պատկեր, արի՜, հոգիս ա՜ռ, ա՜խ, հոգիս ա՛ռ։

Մեռնիմ չես տեսնիլ[1], կորչիմ[2] չես ման գալ․
Սուր[3] կոխեմ սիրտս, դու չես իմանալ.

  1. [էրվիմ, չես զգալ]
  2. [դու]
  3. [խրեմ]