Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/364

Այս էջը հաստատված է

ջան՝ որ[1] սիրո թևը երեսիդ դիպել ա, սիրո նետը քեզ էլ ա դիպել, բայց ընչի՞ չես պարզ ասում, որ գլուխս եդ դնեմ, սիրածդ գետնի տակին էլ որ ըլի՝ հանեմ, ձեր մուրազին հասցնեմ, ու ես ձեր ոտի տակին հոգիս տամ։ Մեր ու նշանած գլխիս կրակ են ածում, սար ու ձոր ինձ քիչ ա մնում, ուտեն[2] մեկ քար չունինք՝ որ գլխներս դնենք վրեն, էլի դու՝ ո՜վ սեր, ո՜վ բնություն, ուզում ես ցույց տալ քո զորությունը։ Ա՜խ, ո՞ւր կորչի մարդ, որ քո ձեռիցը պռծնի, քո ցավը չտեսնի։ Առաջ վառում, բորբոքում ես մեր սիրտը, եդո էրում, խորովում. առաջ վարդի հոտով գալիս, մեր սիրտը մտնում, եդո փուշ ու սուր դառնում, մեզ կտրատում»։

Էս խոսքերը միտք անելիս բիրադի անկաջն ընկավ։ «Հա Հռիփսիմե ջան՝ քո ջանին ղուրբան, քո սրբի անունը կտամ, ու էքուց, էքուց, Ղարսա սարերումն ինձ կտեսնիս»։ Աղասու էրված սիրտն էլ հենց էս էր ուզում իմանա․ էնքան կացավ, որ սիրելին քնից կշտացավ ու իրան իրան որ աչքը չի բաց արեց Մուսեն, վրա թռավ, ճտովն ընկավ,[3] կպցրեց նրան դոշին ու լալով ասեց։ «Ա՜խ՝ աչքի լիս՝ որ սրտումդ էդպես դարդ ունիս, հենց իմանում ես՝ քա՞ր եմ, որ ինձ<անից> բան ես թաքցնում։ Չլիմ էնպես ես կարծում՝ թե էս իմ խորոված ջիգյարը, որ էլ սաղ տեղ չունի, քո դարտի համար էլ տեղ չի քթնիլ, քո ցավը չի քաշիլ՝ էլած շունչս ու ումբրս քեզ չեմ տալ։ Հենց իմանում էի, Աստվածանից դու բան կթաքցընես, ինձանից չես թաքցնիլ։ Է՞դ ա քո սերդ ու սիրտդ։ Հենց իմանում էիր՝ թե Աղասին էնպես մեռել ա, որ քեզ համար մեկ ախ էլ ա չի քաշիլ, քեզ համար մեկ կաթ արտասունք էլ ա չունի։ Հերնը մերս ղորդ ա մահվան դուռն են հասել, նշանածս ո՞վ ա գիտում, հողի տակին ա, թե երեսին, ամա քանի նրանց ձեռս չի հասել,[4] երբ կթողամ ձեր մեկի աչքը ցավի, ձեր մեկի մազը թեքվի։ Մինչև ես մեռնիմ ո՛չ, մինչև ինձ թիքա թիքա չանեն, ձեզ կթողա՞մ որ մեկ ղուշ անց կենա գլխըներիդ վրա։ Վե՛ր կաց, երեսդ սրփի՛ր, ինձ ուղիղ ասա, էդ քո ջանը հանող Հռիփսիմեն, էդ հրեշտակեն ո՞վ ա, որ քեզ երևել ա, քեզ տանջում, մաշում, ու դու մեզ բան չես ասում։ Հազար սար ու ձով մեր մեջն ըլի, էլի կթռչեմ, նրան կհանեմ, կբերեմ. թաքըլի դու դարտ չանես երեսիդ մեռնիմ։ Ասում ես Ղարս ա։ Էդ հո երկու ոտը տեղ ա, դրա համար էդքան պետք է էրված։ Վե՛ր կաց, դեռ երեխա ես, դեռ գլխիդ բաներ չի անց կացել շատ, որ մարդ ճանաչես։ Վե՛ր կաց էլ ամաչելու գլուխը կախելու վախտը չի»։

Մուսի աչք ու երես կրակ էր դառել ամոթու, չէ՛ր իմանում՝ թե իր մեծահոգի բարեկամի ոտներն ընկնի, թե ձեռը համբուրի։ Արտասունքն ու դամարի սաստիկ խփիլը ցույց էին տալիս՝ որ[5] Մուսեն ուզում էր ասի, լեզուն չէ՛ր բռնում, բերանը փակվում էր, պապանձվում՝ որ ձեն տա։ «Աղասի ջան՝ յա մորթիր ինձ, յա սպանիր էստեղ, յա ասածս արա, իմ մուրազին հասցրու։ Հռիփսիմեն որ չըլի, էլ ինձ ո՛չ կյանք ա հարկավոր, ո՛չ օր, նրա շունչը որ չառնիմ, ես ինքս իմ շունչս բերանիցս կհանեմ, կկտրեմ։ Նրա աչքը որ աչքիս չառնի, աչքս կփորեմ, դեն կքցեմ։ Դու ես իմ տերը, իմ Աստվածը, իմ ձեռս քո փեշն եմ քցել, յա ձեռս կտրիր,

  1. [էդ]
  2. [էլի]
  3. [ու լալով]
  4. քեզ
  5. [Աղ<ասի>]