Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/383

Այս էջը հաստատված է

շատ քիչ էր, ամա Մադաթովն էր նրանց գլխին, որ սար ու ձոր դողացնում էր, որ Աստծո տեղ պաշտում էին, որ Ղզլբաշի հոգին ջուր էր կտրվում,[1] անունը լսելիս, ու իր հավատարիմ ազգը՝ արինը աչքումը, շունչը բերնումը, գլուխը փեշումը հազիր վառված՝ քամակին որ տուն տեղ, որդի, օղլուշաղ, մալ, դոլվաթ թշնամուն յա գերի տան, յա Ռսի թուրը նրանց աչքը խրիլ տան։ Զոռը խփեցին, առավոտյան աղոթքն արին, բայց մեկն էլ ա դեռ չէր գիտում թե ո՞ր կողմովը գնան։ Ղզլբաշի զորքն Գյանջա, Ղարաբաղ էս կողմիցն էր առել, ոտնատակ տվել, Փամբակ, Շորագյալ էն։ Էս կողմիցն Աբաս Միրզեն, էն կողմիցը Հ<ասան> խ<անը> քանդելով, ավերելով էկել հասել էին, Թիֆլիզ՝ որ գնան Պետերբուրգ՝ ինչպես որ տեսանք սհաթե սհաթ աչքը կթած ուներ, թե Աղա Մամադ Խանի կրակը որդիանց որ ա, էլ կրկին իր գլխին կթափի։ Երմալովն ինչ հնար, ճարտարություն ուներ, գործ դրեց, Մատաթովը պետք էր Վրաստանու փրկիչը լիներ, ու ցույց տար աշխարքին, թե Հայոց հողումը[2] իրանց հին հսկայության կրակը, քաջության բոցը, հավատարմության խունկը դեռ կար[3] ու վաղուց մխում էր, որ մեկ հով դիպչի, հոտն աշխարք ընկնի, կրակն իրանց թշնամուն, իրանց աշխարքը քանդողին էրի, փոթոթի։

Պտտելով էլ եդ չադիրը մտավ զորապետը ու[4] միրզի մեկին կանչեց, որ ասածը գրի, Թուրքերին խափի՝ թե ֆլան գեներալը, ֆլան տեղիցը, ֆլանը ֆլան՝ անթիվ զորքով գալիս են՝ որ թշնամու գլուխը ջնջխեն, հանկարծ ղշղրուն ընկավ զորաց մեջը՝ կարաուլ ձեն տվին, թվանքները հազար դհից վրա բռնեցին, բայց «Քրիստյան, Արմյան» գոռալով, երեսին խաչակնքելով՝ մեկ աժդհա, որ ղոնշունի մեջը չընկավ, Մատաթովի չադիրը չտեսավ ու ձիուն եդին ղամշին տվեց, Մատաթովը ստոլի վրա մնաց փետացած, ընչանք մարդ կկանչեր,[5] անծանոթի ձին առաջի երկու ոտը չադըի առաջին փռեց, փռնչաց ու հոգին քթովն ու փորովը դուս փչեց։ Կտրիչ ձիավորը մզրախը գետնին ցցեց,[6] ղարավուլի բանի մտիկ չարեց ու Մատաթովի չադիրն ընկավ։ Քաջ գեներալը՝ թե Եվրոպացի էր էլել, հուշտ կըլեր, յա կզարմանար, ու էնպես[7] հանդգնությունը կարելի ա պատժեր, բայց նա մեր երկրի մարդի խասյաթը լավ գիտելով, տեղը մնաց կանգնած ու էլ էկողին ժամանակ չտվեց՝ որ խոսի, ինքը հարցրեց, թե ինչ խաբար ա։ Ձին որ էն հալն էր ընկել, նստողինն ի՞նչ կըլեր։ Երկար ժամանակ լեզուն խոսք չէր բռնում։ Գեջդանգեջ որ խելքը գլուխն էկավ, ձեն տվեց․ «Կնյազ՝ թադարեքդ տե՛ս՝ որ էս օր ա, ձեզ դաղըթմիշ կանեն, էս գիշեր ա, նմանապես»։ Ու պատմեց, թե[8] ինքն ով ա, Խլդարաքիլիսումն[9] արել, Անի ի՛նչ, Աբարան, Դիլիջան ի՞նչ ու քսան երեսուն ձիավորով, հազար հարամու աչք հանելով, էստեղ էնտեղ կոտորելով, ուզեցել էր հենց ինքը մեկ ֆռսանդ ճարի, ղզլբաշի օրդուն մեկ գիշեր կոխի, ամա բանը տեղը չէր էկել։ Էն օրն էլ Թարթառ գետի ղրաղիցն անց կենալիս[10] թշնամու աչքովն էր ընկել, սաղ օրդուն վրեն պոկ էկել, ընկերների մեկ երկուսն էլ բռնել, մյուսները սար ու ձոր ընկել, ինքը հազար

  1. [նրա]
  2. հողումն էլ = հողումը
  3. [և էլել ա միշտ]
  4. [գրիչ սեկրետարին]
  5. [ձին]
  6. [ու]
  7. [լիր<բ>]
  8. [ինչպես]
  9. Ղլղարաքիլիսումն = Խլղարաքիլիսուն
  10. [Ղզլբաշի]