Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/385

Այս էջը հաստատված է

փառքով ներս բերեին, բայց ով նրա արածը իմացել էր, ուզում էր ոտները ջուր անի, խմի։ Մեկ թղթի միջում ծալած՝ իրան ոսկոռները՝ քսան անգամ հենց ինձ ա ցույց տվել, որը որ զանազան տեղ կռվըներումը կոտրել, հանել էին։ Մեկ քանի ժամանակից ետո հայտնի ա ամենին, որ երբ Ղարաբաղու կողմն թշնամուց ազատվեցավ, Ապարան, Երևան դառան Ռուսաց քաջ սրտի մեծագործության ու տղամարդության ասպարեզը։ Նհախ տեղը չի Երևանու անունը էնպես անձին պատիվ տվել, որ Ռուսաց զենքը Ասիա ու Եվրոպա՝ երկինքը հասցրեց։ Ո՞ր Հայը իրան պարծանք չի համարիլ՝ որ Օսմանցվի, Ղզլբաշի ու Պոլշիո Աստվածը՝ էս օր իր կոմսության անունը Երևանու անունովն ա զարդարել։ Իշխանն Վարվաշի և կոմսն Երևանի՝ Ասիու միջումը Ալեքսանդրի ու Պոմպեոսի, Ջինգիզխանի ու Թամուրլանգի հիշատակը իսպառ ջնջեց ու Ռուսաց քաջության, մեծահոգության, բարեսրտության, մարդասիրության անունը աստղերի հետ դասեց։ Քանդելու միայն էին սովոր Ասիացիք, շինություն ու խաղաղություն տեսան։ Ուրիշ թշնամու առաջ իրանց արինն էին տալիս, ետո իրանց քաղաքն ու օղլուշաղը, Ռուսաց ընդհակառակն՝ բալանիքն էին ընծայում, ետո իրանց տունն ու ընտանիքը։ Գոռոզ կարծիքն Պարսից՝ թե խաչը միշտ պետք էր Ալու փանջին հնազանդեր՝ ցրվեցավ, ու իրանց անողորմության, անօրենության տեղակ, շնորհք, ողորմություն տեսան։ Հայոց արտասվալից աղոթքը՝ որ գիշեր ցերեկ անում էին՝ թե ե՞րբ մեկ Ռուսաց՝ իրանց հավատակցի երեսը տեսնին, ետո հողը մտնին՝ լսեց Աստված ու կատարեց։ Խաչի լիսը ու Ռուսաց մարդասիրության շնորհքը ապառաժն էլ կակղացրին ու Հայաստանի չոլ, ամայի դաշտերը, էս օր մարդաբնակ են դառել ու Ռուսաց ազգի խնամքը վայելում, իրանց սուրբ աշխարքը կրկին շենացնում։ Հայոց ազգի կարոտ աչքը վաղուց էլ արտասունք չի տեսնիլ, իրան հայրենիքը կտեսնի, նրա ծոցումը կմեծանա, նրա սերը կվայելի, ու քոռ նախանձոտ մարդին գործքով ցույց կտա, թե Հայ ազգը ոչ թե փողի կամ շահի խաթեր ա Ռուսի տերության անունը պաշտում, այլ թե իր սրտի ուխտն ա ուզում կատարի՝ որ իրան հավատն ու ազգը պահողին՝ արինը, կյանքը, որդին չխնայի։ Հայ ազգը՝ որ ո՛չ թե թուլ էր, յա քաջություն չուներ, որ իր երկիրը պահել էր, ո՛չ։ Երկիրն ինքն էր պարտական։ Աշխարքուն ով ոտը բարձրացրեց, Հայաստանու վրովը պետք էր լոք տար, Հայոց ազգին պետք էր ոտնատակ տար, ձեռք քցեր, որ իր թշնամու հախիցը կարենար գալ։ Ո՛չ Ասորիք, ո՛չ Պարսիկք, ո՛չ Մակեդոնացին, ո՛չ Հռովմայեցիք, ո՛չ Պարթևք, ո՛չ Մոնղոլք, ո՛չ Օսմանցիք չէին կարող էն զորությունն ստանալ, եթե հայոց ազգը մեկի դեհը չէ՛ր պահել։ Դեհը պահելով ղորդ ա՝ իր տունը քանդեց, չունքի իր բարեկամը վեր ընկնելուց ետո, իր թշնամին ավելի ևս իր չարությունը գործում, իր ինադը (ջիգրը) հանում էր, բայց էստով Հայոց ազգը արարած աշխարքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ի՞նչքան հոգի ուներ, ի՞նչքան կամաց զորություն, սրտի հաստատություն, որ իրան չորս կողմի էն հզոր ազգերը՝ կորան, փչացան, անունները չկա, Հայոց ազգը անուն էլ ունի, ու իրան հավատն ու լեզուն մինչև էս օր՝ իր արնի գնովը պահեց, հասցրեց, որ մեկ ազգ էլ ա, էսպես օրինակ չունի։