Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/387

Այս էջը հաստատված է

Էջմիածին, Թավրիզ, Աբասաբաթ, Սարդարաբադ Ռուսաց օրհնյալ ոտի հողին արժանացան, բայց դեռ Երևան իր անճար գլուխը դեմ էր տվել ու ետին շունչն ընկած, ուզում էր, որ դեռ մեկ քանի սհաթ էլ իր ջրատար որդվոց գլուխը լա, նրանց սև երեսը մեկ էլ տեսնի, որ փրկիչն Հայաստանի, կոմսն Երևանի, իշխանն Վարշավի էկավ՝ էնտեղանց բանդում, զընդանում մաշված Հայերին էլ մեկ օգնություն անի, ազատի։

Ամսի<հինգ> էր, որ Երևանու բերդը ծխումը կորավ։ Երկնքի կրակը ջոկ էր վեր թափում խեղճ կենողների գլխին, թոփի, թոփխանի գյուլլեն՝ ջոկ։ <Հինգ> օր <հինգ> գիշեր սար ու ձոր դրմբում, դմբդմբում էր։ Հենց գիտես Սոդոմ Գոմորի քուքուրթն ու կրակը էս օր ա վեր գալիս։ Երևանու բերդը ձեթը հատած պատրուգի պես՝ թե մեկ ճրթճրթում էլ էր, մեկ սհաթ քիմի էլ եդ հանգչում, խավարում էր, էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցըրել։ Սարդարը, Շահզադեն վաղուց էին իրանց սև օրը լաց ըլելով՝ Երևանու երկրիցը ձեռ քաշել, Իրան փախել։ Հասան խանն էր մնացել մենակ թոռումը, որ իր արած չարության պատուհասն առնի ու էն մարգարեական ձենը կատարվի, որ Աբարանումը նրա խուլ անկաջն ընկավ, բայց խելքը գլուխը չէկավ։ Նհախ, որքան բերնումը լիզու[1] ու ձեռին հունար կար, բանացրեց, որ իր ազգին սիրտ տա՝ իրանց գլուխը ձեռ չքցեն։ <Հինգ> օրվանից ետո խալխը որ տեսավ ճար չկա, իրանց միջի մեծամեծներիցը[2] մեկ քանի մարդ ընտրեց, ու հենց էն ա վերջին սհաթն էր մնացել, որ բերդը հոգին տա, կենողները իրանք իրանց դուս էկան բրջերի գլուխն ու բալանըքները ձեռըներին բռնած՝ ռայի էկան։ Քանի որ Երևան բինա էր ընկել, կարելի ա, թե է՛ն օրը, է՛ն տեսարանը, է՛ն անունը չէ՛ր տեսել, չէ՛ր ճարել, որ էս օր տեսավ ու իմացավ։ Կարելի <ա> աշխարք աշխարքով դիպչի, ազգեր գան ու էլ եդ ոչնչանան, բայց քանի որ Հայի շունչն ու լեզուն կա, ե՞րբ նրանց մտքիցը կերթա էն ավետալից սհաթը, որ իշխանն Վարշավի, Գեներալն Գրասովսկի մեր անմահ Ներսեսին հետըները՝ խաչ, ավետարան ձեռին՝ մտան բերդը, որ Հայոց աշխարքի ազատության տոնը կատարեն։ Պետք է աշխարքումն էլ Հայի հոգի չըլի, որ[3], Պասքովիչի անմահ հիշատակը արտասնքով ու լալով չզիջեն, իրանց աշխարքի հոր ու պահպանողի սուրբ անունը, որ Հյուսիսի բերնիցը սկսած նրանց հոգսը քաշել, նրանց իր թևի տակն էր ուզում բերի, սրբությունի պես չպաշտեն։ Կամիլլոս՝ ղորդ ա, Հռովմ ազատեց, Սցիպիոն Հռովմայեցվոց թուրը Աֆրիկումը[4] ցցեց, Կեսար Գալիա ու Բրիտանիա ոտի տակն առավ, Նապալեոն՝ Ւտալիո, Սպանիո ու Եգիպտոսին ազատություն էր խոստանում, բայց ե՞րբ Հռովմայեցիք, Գալլիացիք, Եգիպտացիք՝ է՛ն սրտովը, է՛ն սիրովը՝ իրանց ազատողներին կընդունեին, կպաշտեին, ինչպես Հայք, Հայք, որ առավոտն էին վեր կենում, է՛ն էին աղաչանք անում Աստվածանից, րիգունն էին քնում, է՛ն էր նրանց աչքի արտասունքը։ Մեծ էր հիրավի ու անմոռանալի Ռուսաց Փարեժ մտնիլը, բայց ե՞րբ Գաղղիացիք էն հոգվովը իրանց բախտավորությունը կվայելեին, ինչպես Հայք էս արժանահիշատակ օրը։

  1. լեզումը = լեզու
  2. մեծամեծներին = մեծամեծներիցը
  3. [մեր]
  4. [տնկեց]