Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/39

Այս էջը հաստատված է

նրա երեսիցը պակաս չէ՛ր հարկիզ․ էնքան պարզ էր նրա սիրտը, էնքան հանգիստ նրա խղճմտանքը, էնքան արդար նրա հոգին։ Նրա ամեն մեկ խոսքը՝ անգին ջավահիր էր։ Շատ մոր աչք մնացել էր կարոտ, որ նրան իր փեսա շինի, նրա գլխովը պտիտ գա։ Ջահել աղջկերքը նրա ձենը, կամ անունը լսելիս, ուզում էին՝ որ հոգիները տան։ Շատ անգամ, ջրի ճամփին, կամ տան կտրներին կանգնած տեղը, որ Աղասուն անց կենալիս՝ չէին տեսնում, էնպես էին կարծում՝ թե հրեշտակ է անց կենում, մնում էին քար դառած, մայիլ էլած։ Նրա ձենը լսելիս, նրա բոյը տեսնելիս, սիրտըները կրակ էր ընկնում, խելքըները գնում, ուզում էին իրանց հոգին հանեն, նրան տան։ Ջանգյուլում[1] ասելիս, կամ ֆալ քցելիս, կամ թիզ բաց անելիս, ամենն էլ իրանց մտքումը նրան էին դնում, երազում նրան տեսնում, վեր կենում՝ նրա սիրուն՝ ա՜խ, ո՜խ քաշում։ Նրա ձեռի խնձորը կամ վարդը, որ մեկի ձեռն էր ընկնում, որ փթում էլ էր, կամ չորանում, էլի նա ծոցիցը չէր հեռացնում, քնելիս՝ բարձին[2] դնում, զարթնելիս՝ դոշին, երեսին, կամ քթին։ Մեկ տեղ ղոնաղ ըլելիս՝ հազար տեղից՝ պատի արանքից, դռի շեմից, տան պուճախից՝ հենց նրան էին մտիկ տալիս ու շատը ուզում էր՝ թե հենց էն սհաթը, յա Աղասու ձեռը նրա ձեռին դիպչի, կամ շունչը շնչին, յա թուրը սիրտը մտնի, որ շուտով նրա արևին մատաղ ըլի, որ Աղասին նրան թաղի, Աղասու սիրտը նրա համար մրմնջա, Աղասու աչքը նրա վրա լա, բայց ա՜խ՝ Աղասին վաղուց էր իր մուրազին հասել ու նրանց մուրազը փորըներումը թողել։ Սաղ գեղը էնքան էր նրա սիրովը վառվել, որ մինչև նրա վրա խաղ էլ էին հանել, իրանք ասում, էրեխեքանցը սովորցնում։

Աղասի ջան՝ գլխիդ ղուրբան՝
Դու ես մեր թագն ու պարծանքը։
Աշխարքս որ բոլոր ման գան,
Ո՞վ կըլի հատդ, դու մեր կյանքը։

Գլխովդ միշտ պտիտ կըգանք,
Ա՛ռ մեր հոգին՝ դու մեր հրեշտակ․
Թե թաղես էլ մեզ՝ ձեն կտանք,
Էլ քեզ կօրհնենք, քեզ ղուրբան գնանք։

Երկնքին դու լիս ես տալիս,
Ծաղկերին հոտ, համ ու հոգի․
Դաշտ, սար ու ձոր քեզ տեսնելիս,
Գլուխ վեր բերում քո առաջի։

Բյուլբյուլն մեռած սազիդ ձենին,
Վարդն թոռոմած՝ սերդ հիշելիս,
Ա՜խ են քաշում, տալիս գլխին․
Վա՜յ են ասում, դու մտիկ չտալիս։

  1. [բաց անելիս]
  2. [էր]