Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/401

Այս էջը հաստատված է
ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՈՂԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԻ
ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՊ
ԲԱԺԱՆՅԱԼ ՀԵՐԻՍ ՄԱՍՈՒՆՍ
Ի Խ․ Ապովյանե՝ վերատեսչե Արքունական
Նահանգական Ուսումնարանին՝ որ ի Տփխիս։
Ի 1840 Թիֆլիզ

Ինքնագիրը (24x18) գրված է թանաքով, հաստ և ամուր թղթի երկու երեսի վրա։ Ժամանակի ընթացքում թուղթը դեղնել է, կան լաքաներ, երևում են առաջին տպագրության ժամանակվանից մնացած գրաշարի մատների հետքերը։ Հաճախ հանդիպում ենք հեղինակի կողմից կատարված ավելացումների և ջնջումների։ 199—218 էջերում ձեռագիրը փոխվում է՝ հավանաբար արտագրված է Աբովյանի աշակերտներից մեկի ձեռքով։ Վերոհիշյալ էջերում կան հեղինակի կողմից կատարված բազմաթիվ ուղղումներ։

Անվանաթերթի հաջորդ էջի վրա կա ցենզոր Ղայթմազովի ռուսերեն մակագրությունը հրատարակության թույլտվության վերաբերյալ։ Առաջին և երկրորդ էջերը, որտեղ տեղավորված է ընծայականը,[1] սև մատիտով խաչաձև ջնջված են՝ հավանաբար վեպի առաջին հրատարակչի՝ Փոնդոյանի ձեռքով։ Այնուհետև 20, 21, 23, 24, 27, 28, 29, 30, 49, 50, 59, 65, 66, 78 էջերում կան մատիտով ջնջված հատվածներ, իսկ նույն հատվածների կողքին լուսանցքներում կարմիր թանաքով ընդգծումներ „цензор“ մակագրությամբ։ Ցենզորական այդ ընդգծումները և կրճատումները արված են «Վերք Հայաստանի»-ի առաջին հրատարակության ժամանակ՝ 1858 թ․։ 447 էջից սկսվում է «Զանգի» հավելվածը։

Վեպի ամբողջ ձեռագիրը ունի 237 թերթ, վերջում երկու թերթ մաքուր է, չգրված։ Պահպանվում է Գրական Թանգարանում՝ Աբովյանի արխիվ № 1։

«Վերք Հայաստանի»-ի սևագիր վարիանտը (24X18) գրված է հասա և մաքուր թղթի երկու էջի վրա։ Անվանաթերթ չունի, գրության թվականն անհայտ է։ Սա հավանաբար վեպի 2-րդ գիրն է։ Ձեռագրի սկզբում պակասում է ընծայականը և առաջաբանը, իսկ վերջում մի քանի էջ բուն վեպից և «Զանգի» հավելվածը։ Կան բազմաթիվ ջնջումներ և ուղղումներ։ Հաճախ հանդիպում ենք դժվար ընթեռնելի և անընթեռնելի բառերի, ու հատվածների, կան բազմաթիվ հավելումներ լուսանցքներում և նույնիսկ տողամեջ։ Մի քանի էջերի վրա կան շագանակագույն և դեղին լաքաներ, որոնք ըստ երևույթին հետևանք են թղթի հիվանդության։

123, 135, 140, 143, 147, 151, 155, 158, 159, 160, 163, 167, 171, 175, 176, 179, 183, 187, 191, 195, 199 էջերի վրա եղած ռուսերեն գրություններից երևում է, որ վեպի սևագիր վարիանտի թղթերը եղել են Թբիլիսիի Նահանգական ուսումնարանի գործերի շապիկներ։ Ձեռագիրս ունի 200 թերթ։ Պահվում է Գրական Թանգարանում՝ Աբովյանի արխիվ № 2։[2]

«Զանգի»-ի սևագիր վարիանտի ինքնագիրր (23,6x18) գրված է հաստ և ամուր թղթի երկու երեսի վրա։ Կան չափազանց շատ ջնջումներ, ուղղումներ, հավելումներ՝ լուսանցքներում և տողամեջ։ Ձեռագիրը ունի 8 թերթ։ Գրության թվականն անհայտ է։ Պահվում է Գրական Թանգարանում՝ Աբովյանի արխիվ № 4։

«Զանգի»-ի հատվածի ինքնագիրը (24x18) գտնվում է բանաստեղծությունների մի տետրի մեջ։ Գրված է սովորական բարակ և դեղնած թղթի երկու էջերի վրա։ Պահվում է Գրական թանգարանում, Աբովյանի արխիվ № 58։

«Վերք Հայաստանի» վեպի սևագիր վարիանտը պայմանական կերպով ծանոթագրություններում անվանվում է Ա. ինքնագիր, թեև անկասկած է, որ դրան նախորդել է նախնական մի այլ վարիանտ ևս։

  1. Տես ծանոթագրություն № 1։
  2. Բացի վերոհիշյալ երկու ինքնագրերից, Աբովյանի արխիվում պահվում է հեղինակի ձեռքով «Վերք»-ից արտագրված հատվածների մի տետր։ Նկատի ունենալով, որ այդ հատվածները նորություն չեն ներկայացնում, ուստի մենք ավելորդ համարեցինք զետեղել սույն հատորում։