Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/403

Այս էջը հաստատված է

Բանայր ինձ զայն խոր զրնդան հոգեսպառ,
Վայել զիմ կենաց վայրիկ այս թշուառ,
Գրկել զայն անսիրտ, սառն չքադարան,
Մահուամբ դիւրանալ ի նախնեացն կայան,
Սուրբ փոշւոյն գէ՛թ իմ կոճղ ոսկերոտեաց
Նուիրել, մնալ զատ[1] յայս արհաւրաց։

Դու զիմ սպառեալ շունչ կրկին զարթուցեր,
Դու[2] նսեմ հոգւոյս՝ նոր լո՛յս բաշխեցեր,
Ի Քոյդ հայեցեալ սէր առ Հայրենին.
Ի ջերմ Քո եռանդն սրտի վեհ – խորին.
Անկան կեղևանք յաչացս դառնակոծ,
Կենսահատ իմ թևք զորացան ի Քոց
Ձայնից երկնասլաց։ Ո՛հ զարթնում յանկարծ,
Մահաշունչ իմ քուն մեկնի ինքնահալած։
Հայրենին իւրով չքնաղ մեծութեամբ,
Հայկազունք իւրեանց ընտիր վեհութեամբ,
Նոր դրա՛խտ, նոր օ՛ր սուրբ բացան առաջի
Թխպեալ իմ հոգւոյ, ծիւրեալ իմ սրտի։
Որդին կարօտեալ ի ծունկս՝ սիրավառ
Անկեալ՝ որոնէ զիւր աստղ ուղեվար։
Դու յայս երկնաղերս մաղթանաց պահու
Կանգնիս ի բարձունս Հայկազանց դասու.
Հոգեհրաշ տեսլեամբ, անմահ Քոց նախնեաց
Կիլիկեան վեհից Սմբատաց քաջաց
Զանունք զօրինակ, զսիրտ և զեռանդն
Ի Քոյդ վեհ անձին բերեալ՝ սիրամարտ.
Բանաս զիմ լեզու, հանես զիմ բաղձանս
Ի բոյլս դիւցազանց մերոց, ի կայանս,
Զորս բուռն ժամանակն թաղէր ի մոխիր,
Զորոց գին անկշիռ անգիտէր երկիր։
Թէ ո՛չ Բրաբիօն կապեսցէն Քեզ ձեռք.
Թէ ոչ խրոխտ կրկէսք կանգնեսցեն Քեզ մերք
Մուսայն զՔո անուն ընտիր, պաշտելի
Հանցէ՝ վե՛հ սեպուհ՝ ի կամարս երկնի.
Անդ ջոկք մեծազանց մերոց սուրբ նախնեաց,
Ասա սիրտք շնորհապարտք անմեղ մեր մանկանց։
Դարուց խիզախեալ զանմահ յիշատակ
Քո սուրբ պահեսցեն յամայր անքանդակ։

Սույն ձոնը «Վերք»-ի առաջին հրատարակության ժամանակ, հավանաբար, խմբագիր Հ. Փոնդոյանի ձեռքով ջնջվելով, այնուհետև նախասովետական շրջանում ոչ վեպի հետ և ոչ նրանից անջատ, երբեք չի տպագրվել։

Սովետական շրջանում այն լույս է տեսել երկու անգամ, 1939 թ. Ռ. Զարյանի խմբագրությամբ հրատարակված Աբովյանի երկերի Ա. հատորի ծանոթագրությունների բաժնում և 1940 թ. Ե․ Շահազիղի կազմած «Դիվան Խ. Աբովյանի» գրքում։


2. ՌՈՊԵՆՍՈՆՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ — Պատմութիւն վարուց Ռոպէնսօնի Քռիւզօէ ի խրատ և ի կրթութիւն մանկանց։ Թարգմանեալ ի գաղղիական լեզուէ յաշխարհաբար․ ի հայր Մինաս վարդապետէ Բժշկեան տրապիզոնցւոյ ի Մխիթարեան Միաբանութենէ։

1817 ռմկզ

Ի Վենետիկ

Ի վանս սրբոյն Ղազարու

  1. [տանջանաց]
  2. [բեկուն]