Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/404

Այս էջը հաստատված է

Չնայած Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» գրքի վերնագիրը և անվանաթերթը գրաբար է, սակայն թարգմանությունը կատարված է պարզ և հստակ աշխարհաբարով՝ արևմտահայ լեզվով։

3. ՊՂՆՁԵ ՔԱՂԱՔԻ ՀԻՄԱՐ ԳԻՐՔԸ — «Պատմութիւն պղնձէ քաղաքին յորում են բանք խրատական և օգտակարք Խիկարայ Իմաստնոյ և այլ բանք պիտանիք» գրված է մատչելի գրաբարով։ Ունեցել է մի շարք հրատարակություններ, որոնցից հնագույնը լույս է տեսել Պոլսում, 1708 թ.։ Աբովյանը «հիմար» որակումը տալով այդ գրքին, դրանով իր անվերապահ բացասական վերաբերմունքն է արտահայտում կրոնաբարոյական բնույթի այդ զրույցների նկատմամբ, որոնք հիմնականում հանգում են աշխարհիկ կյանքի ժխտմանը, հանուն հանդերձյալ կյանքի։

4. «Կռունկ»–ի 1861 թվի № 7-ում տպագրված «Մեկ քանի խոսք Աբովյանի վերա» հոդվածում Մ. Տեր-Ազարյանը, խոսելով աշխարհաբարի հաղթանակի գործում Աբովյանի ունեցած խոշոր դերի մասին, իր մտքերը հիմնավորող մի շարք մեջբերումներ է կատարում «Վերք Հայաստանի» վեպի 1858 թ․ հրատարակության «Հառաջաբան»-ից։ Այդ մեջբերումների շարքում կա մի հատված, որի համար իբրև աղբյուր թեև Աբովյանի կենսագիրը տողատակի ծանոթության մեջ մատնանշում է նույն «Հառաջաբան»-ը, սակայն իրականում այդ հատվածը ոչ մի կապ չունի «Վերք»–ի «Հառաջաբան»–ի հետ։

Այս փաստի վրա առաջին անգամ ուշադրություն է հրավիրել Ստեփանոս Տեր-Սարգսյանցը։ Աբովյանի երկերի 1897 թ. հրատարակության «Խմբագրից» խորագիրը կրող առաջաբանի մեջ։ Հիշյալ տեղում Ա. Տեր-Սարգսյանցը գրում է. «Մի բան, որ մեզ շատ զարմացրեց և որի հիշատակությունն այստեղ մենք ավելի քան ի դեպ ենք համարում այս է։ Մ. Տեր-Ազարյանցի հայտնի հոդվածում՝ «Վերք Հայաստանու. Ողբ Հայրենասիրու» հառաջաբանից հանված մի հատվածի մեջ՝ հայտնի պարբերությանց շարքում մի այնպիսի կտոր էլ է բերված, որ ոչ առաջին տպագրությանմեջ, ոչ էլ պարոն Վարդան Աբովյանի ուղարկած պատճենում չկա։ Ահա այդ կտորը, որ «Կռունկ»–ի 1861, հուլիսի 549 էջի 5-րդ տողի «բեզարում...» բառից և երկու կետից հետո սկսելով՝ վերջանում է նույն էջի 17-րդ տողի վերջին բառով ու հոդվածագրի նույն երեսում գրած ծանոթությամբ ցույց է տված այսպես՝ «Վերք Հայաստանի երես 9։»

Թյուրիմացությունը ստեղծել է ինքը Մ. Տեր-Ազարյանը․ հիշյալ հատվածը թեև առնված է «Ագնես» թարգմանական երկի առաջաբանից (լույս է տեսել «Մեղու Հայաստանի» № 18), սակայն, ինչպես վերը ասվեց, թյուրիմացաբար նա ցույց է տվել «Վերք Հայաստանի»-ի «Հառաջաբան»-ը։

5. Երեսուն թաբաղա մի շնչով գրելու խնդիրը հաճախ այնպես է պատկերացվել, որ իբր թե Աբովյանը «Վերք Հայաստանի»-ն մի գրելուց հետո, մի կողմն է դրել և նույն սևագիր վիճակում էլ այն հասել է մեզ։ Այսպիսի պատկերացումը սխալ է։ Որ «Վերք Հայաստանի»–ն արգասիք է հախուռն զգացմունքի ուժգին պոռթկման, դա փաստ է, այդ զգացվում է նաև երկից, այդ մասին «Վերք»–ի «Հառաջաբան»-ում պատմում է ինքը հեղինակը։ Դրան չհավատալու հիմք չկա, մանավանդ որ հայ գրականության պատմության մեջ այդ փաստը եզակի չէ։ Հայտնի է, որ Ղ. Աղայանը իր «Արություն և Մանվել» վեպը գրել է 1-2 շաբաթվա ընթացքում։ Պետք է կարծել, որ «Վերք Հայաստանի»-ն սկսված և ավարտված է 1840 թ․, այն էլ կարճ ժամանակամիջոցում։ Բայց որ հեղինակը մի քանի անգամ այն արտագրել է և վերամշակել, դրա ապացույցն են հանդիսանում մեր ձեռքի տակ եղած ինքնագրերը։ Մեզ հասած երկու ձեռագրերը, անկասկած է, որ ունեցել են իրենց նախորդ օրինակը, թերևս հենց այն օրինակը, որ հեղինակի վկայությամբ գրված է եղել «թաբաղաների» վրա, որը դժբախտաբար մեզ չի հասել։

6. «Է՜հ՝ ժամ չի՛ դառավ մեր գլխին, մեկ իշի հարսանիք դառավ, տ՜ո» արտահայտությունը 1858 թ. հրատարակության միջոցին ցենզուրան կրճատել է։

7. Այս նախադասությանը հաջորդող՝ «Էլ տուտը չեն կտրում» բառերով սկսվող, «որ փորիդ արքայություն ըլի» բառերով վերջացող հատվածը (վեց տող), 1858 թ․ հրատարակության միջոցին ցենզուրան կրճատել է։