Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/406

Այս էջը հաստատված է

14. Այս նախադասությանը հաջորդող «Ախպեր, բաբա» բառերով սկսվող, «ասենք, թե կարգավոր են» բառերով վերջացող հատվածը (մոտ 9 տող) 1858 թ. հրատարակության միջոցին ցենզուրան կրճատել է։

15. Այս նախադասությանը աջռրդող «Չէ թե կնգանից» բառերով սկսվող, «քեֆ են արամիշ անում» բառերով վերջացող հատվածը (մոտ 20 տող) 1858 թ. հրատարակության միջոցին ցենզուրան կրճատել է։

16. Այս նախադասությանը հաջորդող «էս ղալմաղալումը» բառերով սկսվող, «իր օրումը քսիլ» բառերով վերջացող հատվածը (մոտ 17 տող), 1858 թ. հրատարակության միջոցին ցենզուրան կրճատել է։

17. «կրակ կածես» բառերին հաջորդող «թե որ նրան սի...ռը...ղռ...րես... վայ քո հերն էլ անիծած, քո մեռոն քսողինն էլ» բառերը, 1858 թ. հրատարակության միջոցին ցենզուրան կրճատել է։

18. Այս նախադասությանը հաջորդող «Անաստված տանուտերը» բառերով սկսվող «հերիք չի» բառերով վերջացող հատվածը (մոտ 10 տող) 1858 թ. հրատարակության միջոցին ցենզուրան կրճատել է։

19. Սուլթան Մուրադի օրով Ֆահրատ փաշան պարսիկներից գրավելով Երևանը 1583 թ. կառուցում է Երևանի բերդը։ Հետագայում Շահ Աբասի ժամանակ Ամիրգունա նախարարը վերանորոգում է այն։ Այնուհետև, պարսիկների և օսմանցիների պատերազմների միջոցին, Երևանը բազմիցս ձեռքե-ձեռք անցնելով, բերդը ավերվել է, իսկ 1679 թ. երկրաշարժի հետևանքով հիմնահատակ կործանվել։ Երկրաշարժից անմիջապես հետո Զալի խանը կրկին վերաշինել է այն։ Վերջին անգամ Երևանի բերդը վերանորոգվել է Հյուսեյին խան Սարդարի օրով։

Երևանի բերդի կառուցման ժամանակի վերաբերյալ Աբովյանի այն արտահայտությունը, թե «պարսիկ նրան շինեց թե օսմանցի նրա հիմքը դրեց՝ ոչ գիր կա, ոչ թաբեղ» այնուամենայնիվ անհիմն չէ։ Անհավանական չէ, որ Ֆահրատ փաշայի կառուցած Երևանի բերդը էր հիմքում ունեցած լինի մի հնագույն բերդի ավերակներ։

20. «Ախր որ ասում ես» բառերով սկսվող, «սիրես ու գովես» բառերով վերջացող հատվածը (մոտ 14 տող) 1897 և 1908 թ. թ. հրատարակությունների միջոցին ցենզուրան կրճատել է։ Խնդիրը նրանումն է, որ այդ հատվածը ոչ միայն ցենզուրան, այլ նույնիսկ Վարդան Աբովյանը (Խ. Աբովյանի որդին) ընկալել են իբրև հակացարական մի փաստ։ Մկրտիչ Բարխուդարյանին Աբովյանի գրած 1898 թվակիր նամակում կարդում ենք. «Ինչ որ կվերաբերվի «Վերք Հայաստանի»–ին, ես շատ ուրախ եմ, որ գրաքննիչը թույլ չէ տվել տպելու այն 93 երեսի վրա գտնված խոսքերը, որովհետև դա կլիներ կատարյալ ծաղր Ռուսաց տերության դեմ, հիմիկվա ժամանակին նայելով»։[1]

Վերոհիշյալ հատվածի նմանօրինակ մեկնաբանությունը թյուրիմացություն է, որ հակասում է Աբովյանի դեպի ռուս կուլտուրան և մասնավորապես դեպի ռուսաց լեզուն ունեցած բացառիկ ջերմ վերաբերմունքին։ Նույն «Վերք»-ում և հենց միևնույն հատվածում հեղինակը հայ երիտասարդությանը կոչ է անում ռուսաց լեզուն ամենից բարձր համարել։ Վերոհիշյալ հատվածում Աբովյանը պարզապես դատապարտում է այն մարդկանց անկուլտուրականությունը և անճաշակությունը, որոնք խառնելով ռուսերեն և հայերեն լեզուները, աղավաղում են թե մեկը և թե մյուսը։

21. ՄԵՔՔԱ – գտնվում է Արաբիայում (Հեջաս)։ Մահմադի հայրենիքը և իսլամի կրոնական կենտրոնը։ Այստեղ է գտնվում Մահմադի գերեզմանը։

22. «Էնպես դիր ա էն սարերը» արտահայտությունը նախորդ բոլոր հրատարակություններում

  1. Գրական Թանգարան, Մ. Բարխուդարյանի արխիվ, № 5։