Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/407

Այս էջը հաստատված է

տպագրվել է այսպես՝ «էնպես էն սարերը»։ Աբովյանի հրատարակիչները հավանաբար չհասկանալով «դիբ» (զառիվեր) բառի իմաստը, նրան կցել էն «ա» օժանդակ բայը, ստանալով «դիբա» բառը (դեպի բառի բարբառային ձևը), որից և խեղաթյուրվել է ամբողջ արտահայտության իմաստը։

23. Բացառությամբ 1858 թ. հրատարակության, «Վերք Հայաստանի»–ի հետագա բոլոր հրատարակություններում «կես սհաթ չքաշեց»–ի փոխարեն տպագրված է՝ «կես սհաթ անց չքաշեց», հանգամանք, որ աղավաղում է Աբովյանի տեքստը։ Որտեղի՞ց է «անց» բառը մուտք գործել այստեղ։ Թեև ինքնագրում «անց» բառը կա, սակայն հեղինակի ձեռքով այն ջնջված է։

Անհասկանալի է մնում, թե ի՞նչպես է, որ նախորդ հրատարակիչների կողմից չի նկատվել այդ բառի ջնջված լինելը, մանավանդ, երբ ըստ իմաստի էլ այն միանգամայն ավելորդ է։

24. ԱՆԱՊԱՏ — կոչվել է Երևանի նախկին Ձորագեղ թաղամասի սարավանդի այն տեղը, որտեղ այժմ գտնվում է Ս․ Սարգիս եկեղեցին։ Հնում դա եղել է մի պարսպապատ տարածություն, որտեղ կային հատուկ բնակարաններ եկվոր կաթողիկոսների և վարդապետների համար։

25. ԽՈՐ-ՎԻՐԱՊ — հնագույն նշանավոր վանք, որ գտնվում է Հին Դվինի մոտ՝ Արաքսի ափին։ Ըստ ավանդության՝ այդ վանքի տակ գտնվող փոսում է բանտարկվել Հայաստանում քրիստոնեություն քարոզող Գրիգոր Լուսավորիչը։

26. «Վրա թռան, եկեղեցու ինչ զարդ, զին զինաթ, խաչ, ավետարան կար դես ու դեն դաղթմիշ արին» հատվածը «Վերք»-ի մաքրագիր ինքնագրում այսպես է․ «վրա թռան, եկեղեցու զարդ, զին զինտթ, խաչ, ավետարան ուներ դես ու դեն դաղթմիշ արին»։ Ինչպես տեսնում ենք, «Վերք»–ի մաքրագիր վարիանտում վերոհիշյալ հատվածը աղավաղված է։ Արտագրության ժամանակ հեղինակի ուշադրությունից վրիպել է «ինչ» բառը, իսկ «կար» բառը փոխարինվել է «ուներ» բառով, որի հետևանքով և նախադասությունը աղավաղվել է։ Մենք այդ հատվածը խմբագրել ենք ըստ վեպի սևագիր վարիանտի։

27. Ըստ երևույթին, գաղթի միջոցին տեղի ունեցած՝ իր երեքամյա եղբոր՝ Մոսու մահը չափազանց ծանր է ապրել Աբովյանը։ Իր եղբոր անժամանակ մահվանը Աբովյանը ջերմ ու սրտահույզ տողերով կրկին անգամ անդրադառնում է «Աղասու խաղը» չափածո երկում։

28. «Վերք Հայաստանի»–ի բոլոր հրատարակություններում «էրկու հարյուր ջանից հինգն էլ չմնացին» արտահայտությունը տպագրված է այսպես. «էրկու ջանից հինգն էլ ա չմնացին»։ Այս թյուրիմացության աղբյուրը բնագիրն է, որտեղ հենց այդպես էլ գրված է։

«Վերք»–ի սևագիր վարիանտից պարզվում է, որ հեղինակը արտագրության ժամանակ «հարյուր» բառը անզգուշաբար բաց է թողել։

29. Աբովյանն այստեղ ժամանակը շփոթում է։ Ռուս–պարսկական պատերազմն սկսվել էր 1828 թ. հուլիսին։ Պարսիկների առաջին հարձակման լուրը Թիֆլիս՝ Երմոլովին էր հասել 1826 թ. հուլիսի 18-ին։

Թումանյանը իր «Աբովյանի «Վերք»-ի պատմական աղբյուրները» աշխատության մեջ, անդրադառնալով ծանոթագրվող հատվածին, գրում է. «սխալ է. պատերազմը սկսվել է 1826 թ․ հուլիսի 18-ին, Խլղարաքիլիսի վրա եղած հանկարծական հարձակումով»։ Թումանյանի համար անշուշտ աղբյուր է հանդիսացել Պոտաոյի „Кавказская война“ աշխատությունը:

30. «Արինակեր Հասան-խանը՝ որ էսօր ավելի իր ձիու, քանց իր քաջության հունարովը գլուխը պրացրեց» արտահայտությունը նախորդ բոլոր հրատարակությունների