Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/409

Այս էջը հաստատված է

37. Սարգիս Քամալյանի գրի առած՝ Գ. Աքիմյանի հուշերից մենք տեղեկանում ենք, որ քյուրդ Օքյուզ աղայի և շուլավերցի անվանի հայեր՝ Սոսի աղայի և Մելիք Հոհանջանի մասին Աբովյանը հետաքրքրվել և տեղեկություններ է հավաքել նաև Շուլավեր գյուղի ծերերից, այդ գյուղում, 1841 թ. եղած միջոցին։[1]

38. Նախորդ բոլոր հրատարակություններում «բիրադի» բառը փոխարինված է եղել «բիրդան» բառով։ «Վերք»-ի երկու ինքնագրերում ևս Աբովյանը գործ է ածել «բիրադի» բառը, սակայն առաջին հրատարակության միջոցին Հ. Փոնդոյանը, հավանաբար չիմանալով, որ «բիրադի» բառը արտահայտում է նաև «բիրդան» բառի իմաստը, հեղինակի ինքնագրում եղած հիշյալ բառը ջնջելով, վրան մատիտով գրել է «բիրդան», որից հետո նախորդ բոլոր հրատարակությունների մեջ օրինականացվել է այդ բառը։

39. Նախորդ բոլոր հրատարակությունների ժամանակ «Վերք»–ի մեջ տեղ գտած բնորոշ աղավաղումներից մեկն էլ առաջացել է «ղաչաղ» բառը «ղոնաղ» բառով փոխարինելու հետևանքով։ Ինքնագրում «չ» տառը տողից վեր դրվելով «ճ»–ի ձև է ստացել, որի հետևանքով և փոխվել է բառի պատկերը։

Աբովյանի հրատարակիչներին թյուրիմացության մեջ է գցել նաև մեկ ուրիշ հանգամանք․ այս հատվածում խոսվում է Պարնի գյուղացի աղա Ն-ի օդայում հյուրընկալություն գտած ղոնաղների՝ Աղասու և իր ընկերների մասին։ Սակայն, ինչպես ընթերցողը նկատում է, այս դեպքում արդեն հեղինակի խոսքը վերաբերում է ոչ թե ղոնաղներին, այլ «աչքները ղոնաղների երեսին կթած» տեղացի տղաներին, որոնց հեղինակը անվանում է ղոչաղ տղերք։

Թե Ա. ձեռագրում և թե նույն հատվածի՝ հեղինակի ձեռքով արտագրված մի այլ օրինակի մեջ պարզորոշ կերպով գրված է «ղոչաղ»։

40. «Վերք Հայաստանի» վեպի սույն երգը և Աբովյանի «Աղասու խաղը» պոեմը համեմատելիս գալիս ենք այն եզրակացության, որ պոեմի մտահղացումը կապված է վերոհիշյալ երգի հետ։ Պոեմի առաջին էջերը համարյա երգի բառացի կրկնությունն են, եթե հաշվի չառնենք մի քանի բառերի տարբերություն։

Թե՛ երգում և թե՛ պոեմում արտահայտված է օտարության մեջ գտնվող «Վերք»–ի հերոսի՝ Աղասու կարոտը իր հարազատների և հարազատ վայրերի նկատմամբ։

41. «Քո մատաղդ գամ» արտահայտությունը նախորդ բոլոր հրատարակությունների մեջ տպագրվել է «քո մատաղ գամ» ձևով, որի համար հիմք է հանդիսացել «Վերք»–ի ինքնագիրը։ Հիմնվելով վեպի սևագիր վարիանտի վրա՝ մենք այն ուղղեցինք, որպես գրչի սայթաքում, որ տեղի է ունեցել արտագրության միջոցին։

42. Թեև վեպի այս հատվածում հեղինակը գրում է. «բայց Մուսեն, ջիվան Մուսեն՝ ոչ Նազլու ուներ որ դարդ անի, ոչ հեր, որ բանտումը տանջվի, սակայն վեպի վերջում անակնկալ հայտնվում է Մուսայի հայրը, ստեղծելով հակասական դրություն։

Այս հակասության մասին, «Վերք Հայաստանի» վեպի իր օրինակի վրա, դիտողություններ է արել դեռևս Մ. Նալբանդյանը։ Վեպի 1858 թ․ հրատարակության 221 էջի լուսանցքում Նալբանդյանը գրել է. «Տես 268—369—273 և 274, ուր խոսվում է թե Մուսեն հեր ունի, և թե նա մինն է բարեկենդան օրվա բանդ դրվողներից․ նա է պատմում Աղասու ինչպես մեռնելը և վերջը դրա որդին (Մոսին) սպանում է իրան Աղասու դագաղի մոտ. հերն էլ մեռնում է և Քանաքեռու եկեղեցում մի օր թաղվում են երկու հայր և երկու որդիք։ Իհարկե անուշադրություն է Աբովյանի կողմից։ Նրա սիրտը կրակ է ընկած, էլ որտեղ աչքին կգային այսպիսի հակասությունը. մնաց որ իրանից հետո է տպված գործը, գուցե թե ինքը տպեր սրբագրեր այո և ուրիշ քանիսը»։

43. «Վերք»–ի սևագիր ինքնագրում «բացավ» բառի փոխարեն գործ է ածված «իմացավ» բառը։ Թվում է թէ այս դեպքում ևս մենք գործ ունենք գրչի սայթաքման սովորական դեպքի հետ։ Արտագրության ժամանակ «իմացավ» բառը կարող էր հեշտությամբ փոխվել

  1. Տես «Ժամանակակիցները Աբովյանի մասին», էջ 117։