Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/411

Այս էջը հաստատված է

չեն նկատել «էս դոշը՝ որ հազար անգամ ուզել ա, իր թուրը իմ սիրտը խրի» արտահայտության անիմաստ լինելը։ Խնդիրն այն է, որ այդ կատարվել է հենց հեղինակի ձեռքով, «Վերք»–ի արտագրության միջոցին Աբովյանի աչքից վրիպել է այդ նախադասության մեջ երկու անգամ կրկնվող «անգամ» բառերի արանքում ընկած հատվածը (տես վերը ընդգծված բառերը)։ Մենք վերոհիշյալ նախադասությունը վերականգնեցինք «Վերք»-ի սևագրի միջոցով։

50. Այս քառյակը նախկին բոլոր հրատարակությունների մեջ տպված է եղել արձակ տողերով, իբրև շարունակություն դրան նախորդող արձակ հատվածի, որից հետո միայն սկսվել է ոտանավորը։ Հրատարակիչները այդպես են վարվել հենվելով Աբովյանի ինքնագրի վրա, թեև բովանդակությունից որոշակի կերպով երևում է, որ բանաստեղծությունը (Աղասու երգը) սկսվում է «Յա առ իմ սիրտը, յա տուր ինձ հնար» բառերով։ Ելնելով թե իմաստից և թե նկատի ունենալով «Վերք»–ի Ա. վարիանտը, որտեղ ոտանավորը սկսվում է հիշյալ քառյակով, մենք շեղվեցինք տրադիցիայից, սկսելով չափածո այդ հատվածը այն տեղից, որտեղից այն ըստ էության սկսվում է։

51. ...«Հավատարմության խունկը դեռ կար ու վաղուց մխում էր» արաահայտությունը նախորդ բոլոր հրատարակությունների մեջ տպագրված է եղել այսպես․ «հավատարմության խունկը դեռ կար ու վազում մխում էր»։ Ակնհայտ է, որ «վազում» բառը այստեղ միանգամայն անիմաստ է։ Սևագրում այդ բառի փոխարեն եղել է «վաղուց» բառը, որ արտագրության ժամանակ փոխվել է հետևալ ձևով. «ց» տառը հաջորդ բառի (մխում էր) սկզբնատառի ազդեցությամբ դարձել է «մ», որի հետևանքով բառամիջի «ղ» տառը «Վերք»-ի հրատարակիչների կողմից վերծանվել է իբրև «զ», իսկ «վաղուց» բառը վերծանվել է իբրև «վազում»։

52. «Հարիր տեսակ խաղ հայերեն, թուրքերեն Երևանու բաղերն ու ձորերը լսում էին» նախադասության մեջ եղած բառը, բացառությամբ 1858 թ․ հրատարակության, «Վերք»-ի մնացած բոլոր հրատարակությունների ժամանակ վերծանվել է իբրև «թաղերն»։ «Բաղերն» բառի աղավաղման այդ փաստը տեղի է ունեցել «Վերք»–ի հրատարակիչների անուշադրության հետևանքով։ Թե վեպի Ա. ինքնագրում և թե մաքրագիր օրիանակում ընթեռնելի կերպով գրված է «բաղերն»։

53. «Մեր Մասիսն, Ալագյազն փիանդազ էլան» տողը բոլոր հրատարակությունների մեջ տպագրված է՝ «Մեր Մասիսն, Ալագյազն քյանդազ էլան»։ «Փիանդազ» բառը աղավաղվելով դարձել է «քյանդազ», որ ոչինչ չի նշանակում։ Այս մասին «Վերք Հայաստանի»–ի 1908 թ․ հրատարակության առթիվ գրված «Ուղղված «Վերք Հայաստան»–ին հոդվածում դիտողություն է արել Հ. Թումանյանը։ Սակայն դժբախտաբար այդ դիտողությունը, ինչպես և նրա մի շարք այլ նկատողությունները, «Վերք»-ի հետագա հրատարակությունների ժամանակ հաշվի չեն առնվել։

Սխալի աղբյուրը եղել է այն, որ ձեռագրում փ տառը այնպես է գրված, որ կարելի է նաև ք կարդալ։ Այստեղ պարզապես պետք էր բառը հասկանալ, որպիսի պարագայում նման աղավաղում տեղի չէր ունենա։

54. Երևանի բերդի ռմբակոծությունը ռուսական բանակի կողմից սկսվեց 1827 թ. սեպտեմբերի 25-ին։

55. 1827 թ․ ռուս–պարսկական և 1828 թ․ ռուս–տաճկական պատերազմից հետո ցարական կառավարության առաջ մի շատ կարևոր խնդիր ծառացավ՝ Պարսկաստանից և Տաճկաստանից ներգաղթող հայերով բնակեցնել Անդրկովկասի այն վայրերը, որոնք պատերազմի ժամանակ ամայացել էին։

Չնայած պարսկական ու սուլթանական կառավարությունների գործ դրած հակամիջոցներին, այնուամենայնիվ 1828 թ. Պարսկաստանից և 1829—30 թ․ թ․ Տաճկաստանից սկսվում է ներգաղթը։

Վեպում եղած «ցրվյալ ազգը՝ էլ եդ իրանց աշխարհը բերեմ» արտահայտությունը վերաբերում է Ներսես Աշտարակեցու օժանդակությանը վերը հիշված ներգաղթի գործին։