Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/414

Այս էջը հաստատված է

68. Այստեղ հեղինակը ծանոթության նշան է դրել և ապա լուսանցքում նույն նշանը կրկնելով կողքին ավելացրել՝ «Ծանոթություն»։ Խոստացած ծանոթությունը հեղինակը բերում է «Վերք»-ի մաքրագրի համապատասխան տեղում (տես էջ 111)։

69. Այս նախադասության մոտ՝ լուսանցքում ծրագրային նշում. «Սահակ աղի հայերի խնդիրը և լացը։ Շատ երեխի հայ սարվազի ձեռը տան ու ոչխարի պես փարչալամիշ անեն»։ «Վերք»-ի մաքրագրի համապատասխան տեղում հեղինակը այսպիսի տողեր ունի, որ համապատասխանում է վերը բերած ծրագրային նշումին. «...Հենց գիտեմ՝ էս օր ա Սահակ աղեն առաջիս կանգնել՝ աղլուխը աչքին դրել, աղաչանք անում, որ Հասան խանի սիրտը ռահմ ընկնի, էս օր են հայ սարվազներին էն երեխեքանցը տալիս՝ որ նրանք բռնեն, իրանք փարչալամիշ անեն» (տես էջ 112)։

70. Այս նախադասության մոտ՝ լուսանցքում ծրագրային նշում. «Սահակ աղի խընդիրքը, Սավարզամիրզի գալը»։ Սավարզամիրզի (Ղարաքիլիսի ռուսական սահմանապահ գնդի հրամանատար) գալը արտահայտության տակ թե ի՞նչ պետք է հասկանալ, անհայտ է։ Արդյոք Աբովյանը մտադրություն է ունեցել նկարագրել Սավարզամիրզի գնդի հարձակումը հայ գերիներին խոշտանգող պարսից զորամասի վրա, թե մի այլ բան, դժվար է ասել։ Համենայն դեպս, հեղինակի վերը բերված ծրագրային նշումը վեպում ոչ մի արտահայտություն չի ստացել։

71. Խոսքը վերաբերում է «Սար ու ձոր ընկած՝ մեկ չոր թփի տակի» տողով սկսվող Աղասու հայտնի երգին, որ այս ձեռագրում բացակայում է։

72. Նազլուի նամակը և բայաթին այս ձեռագրում չեն գտնվում իրենց համապատասխան տեղում, այլ զբաղեցնում են ձեռագրի 161—164 էջերը։

73. Ստորև բերվող «մարդը իր մտքումը չկարծի՝ թե աշխարքիս քանդող շինողը հենց ինքն ա ու էս տեսնելիս՝ իր չափը ճանաչի, իր ստեղծողը չի մոռանա, իր արարմունքը, իր հոգին, խղճմտանքը իր միտքը բերի, դարձ գա, արածը փոշմանի, Աստծու ճամփիցը չհեռանա կորչի...» հատվածը, որ հեղինակի ձեռքով հետագայում ավելացրած է «Զանգի»-ի սևագրի առաջին էջի լուսանցքում, չի տեղադրվել և քանի որ ըստ իմաստի էլ չի կապվում տեքստի հետ, ուստի բուն տեքստից դուրս է թողնված։

74. «Ցնծան» բառը ինքնագրում պատռված է։ Բառը վերականգնված է ըստ «Զանգի»-ի մաքրագրի։

75. Սկսված, սակայն առաջին իսկ նախադասությամբ ընդհատված է «Զանգի»-ի բուն սյուժետային մասը՝ Նազլուի և նրա երեխաների այցելությունը գիշերով Աղասու գերեզմանին, ապա տարաբախտ կնոջ սուգն ու մահը սիրելու գերեզմանի մոտ։

76. Սկսած այստեղից մինչև հավելվածի վերջը տպագրվում է հին ուղղագրությամբ, դրա անհրաժեշտությունը առաջացել է այն բանից, որ այդ ամբողջ հատվածը գրված է գրաբար։

77. «Զանգի» հավելվածը, որ Աբովյանը վերնագրել է՝ «Հատուած ի րօմանէ (վիպասանութենէ) «Վէրք Հայաստանի, վիշտ հայրենասիրի» առ գետն Զանգի»՝ հետաքրքրական փաստ է մի քանի տեսակետներից։ Նախ բնորոշ է, որ հեղինակը «Զանգի»–ից քաղած հատվածը անվանում է «Վերք Հայաստանի» վեպի հատված, որով մի ավելորդ անգամ ևս հաստատում է, որ «Զանգի» հավելվածը հեղինակը ընկալել է որպես «Վերք»-ի անբաժան մասը։ Այս հատվածը հետաքրքրական է նաև նրանով, որ «Զանգի»-ի վերջին էջերը, որ ըստ էության չափածո լինելով մյուս վարիանտներում չէին տողատված, այստեղ հեղինակը տողատել է և ընկալելով այն իբրև չափածո երկ, զետեղել է բանաստեղծությունների մի տետրի մեջ, որը հայտնի է իբրև «Ղորղանյանցի տետր»՝ մի շարք տարիներ այդ տետրի վերջինիս մոտ գտնվելու պատճառով։ Նկատենք, որ բանաստեղծությունների տյդ տետրը Աբովյանի աշակերտ Հովհաննես Ղորղանյանը վերցրել է «Զանգի»-ի հատվածը արտագրելու նպատակով։ Եվ վերջապես տյդ հատվածը ուշագրավ է նրանով, որ այստեղ Աբովյանը «Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի» վեպի վերնագրի «ողբ» բառը փոխարինել է «վիշտ» բառով։