Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/418

Այս էջը հաստատված է

ոչ պատահականորեն-անհավանական չէ, որ հեղինակը նկատի է ունեցել Ապովենց Ավետիքին՝ իր հորեղբորը։ Աղասու կնոջ՝ Նազլուի մահից հետո նրանց որդիների խնամակալությունը հանձն է առնում Ապովենց Հարությունը՝ հեղինակի հայրը։ Եվ վերջապես Աղասու տատը՝ «Վերք»-ում հիշված Սառախաթունը, «Աղասու խաղը» չափածո երկի մեջ հիշվում է որպես «Մեր լուսահոգի Սառախաթուն տատը»։

Բացի վեպի տվյալներից, Աղասու պատմական անձնավորություն լինելու և «Ապովենց օջախից» սերելու, մասին մենք ունենք նաև այլ աղբյուր։ Պերճ Պռոշյանը «Խաչատուր Աբովյան» խորագիրը կրող իր մի հոդվածում («Աղբյուր», 1902, № 3) խոսելով Աղասու պատմական թե մտացածին անձնավորություն լինելու մասին, գրում է. «Մինչև այսօր մեզանից շատերի կարծիքն է, որ Աղասին հեղինակի երևակայության մեջ ստեղծած մի անգո հերոս է, բայց ես դեռ տասը տարեկան մանուկ՝ հորիցս լսել եմ, որ Երևանի առման ժամանակ, բերդի փակված դռան բանալու ծակից, պարսիկները ատրճանակի գնդակով սպանեցին Ապովենց տանուտեր Օհանեսի տղա Աղասի աղին, որ ռսի ափիցար էր, պսպղան ապալաթներն ուսին, ու սալդաթների առաջն ընկած բերդի դուռը կտրել էր, թուրքերեն դրսից գոռում էր, որ անիրավ շուն Հասան խանը բերդի բանալիքները դուրս ղրկի, բերդի դուռը բաց անի։

«Հետո էն աղեն,− պատմում է Պ․ Պռոշյանի հայրը,− անումս ու որտեղացի լինելս հարցրեց ու ասեց,– երբ որ բերդը կմտնենք ու քիչ կհանգստանանք, դու արի ինձ մոտ, քեզ նշան տալ կտամ, հարցրու քանաքռցի Ապովենց Աղասուն, էդ ես եմ։ Ասեց, ինձ թողեց ու գնաց բերդի դռան առաջին, դռան էս էրեսին անհավատ թուրքի փշտովից (ատրճանակ) գյուլլախորով փռվեց»։

Այնուհետև հայտնի է, որ գոյություն է ունեցել Աղասու նկարը խիստ նման Աբովյանի նկարագրած հերոսի ՞դիմանկարին։ Այդ նույն նկարից տպագրված և տարածված է բացիկ։

Այսպիսով հաստատվում է, որ Աղասին ոչ միայն իրական պատմական անձնավորություն է, այլև Ապովենց տոհմից։ 4, 9, 10, 11, 12, 14, 15, 17, 18...

ԱՊՈՎ (ԱԲՈՎ) — Աբովյանների տոհմապետը, Խ. Աբովյանի պապի պապը, որը Լազիստանից գաղթելով եկել հաստատվել է Քանաքեռում։ «Դիվան» Խ. Աբովյանի» աշխատության մեջ Ե․ Շահազիզը այն կարծիքն է հայտնում, որ «ճամփի վրի մեծ իքին» տնկել է Աբով Բ–ն՝ Խ. Աբովյանի պապը։ Մեր կարծիքով դա սխալ է։ «Վերք Հայաստանի»–ում Խ․ Աբովյանը գրում է. «Հարիր տարի կըլի, որ լուսահոգի Ապովը մեռել ա, էլի նրա ողորմին հա կա, հա կա... Ճամփի վրի մեծ իքու անունը Հնդստան ա հասել, էն ջաղդահ բադը իր ձեռովը տնկեց՝ որ անց կենողը գնա նրա բարությունը վայելի»։ Այս մեջբերումից երևում է, որ «ճամփի վրի մեծ իքին» հարյուր տարի առաջ մեռած Աբովի ձեռքով է տնկված. իսկ հարյուր տարի առաջ մեռած Աբովը չէր կարող լինել Խ. Աբովյանի պապը Աբով Բ–ն, նա պետք է եղած լինի Աբով Ա–ն՝ Խ. Աբովյանի պապի պապը, որի մասին և խոսվում է «Վերք Հայաստանի»–ի մեջ։ 23, 193

ԱՐԱ (ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ) – Ըստ ավանդության Հայկի թոռը և Հայոց առաջին թագավորներից մեկը, որը զոհվեց Ասորեստանի թագուհի Շամիրամի դեմ մղված պատերազմում։ Ըստ նոր մեկնաբանությունների (Գ. Ղափանցյան) Արա Գեղեցիկը հանդիսանում է գարնան, ջրի, պտղաբերության աստվածության սիմվոլը։ 54

ԱՐԲԱԿ – Ըստ ավանդության Հայոց առաջին թագավորներից։ 54

ԱՐՂՈՒԹՅԱՆՑ ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿ ՆԱԽՆԻՔ ․ Ա. Արղության Հովսեփ (1743– 1801)։ 1800 թ․ ընտրվել է կաթողիկոս, բայց դեռ Էջմիածին չհասած մեռել է Թիֆլիսում։ Եղբոր և եղբորորդիների հետ միասին զգալի ծառայություններ է մատուցել Ռուսաստանին, որի համար արժանացել է իշխանական կոչման։

Բ. Արղության Մովսես հայ գեներալ ռուսական բանակում, աչքի է ընկել ռուս-պարսկական (1820—1827) և ռուս–տաճկական (1829) պատերազմներում։ Մասնակցել է Երևանի գրավմանը։ Վախճանվել է 1855 թվին։

ԱՐՇԱԿ — Հայտնի է եղել Արշակ Մեծ անունով։ Պարթև Արշակունյան դինաստիայի հիմնադիր Արշակ Ա-ի թոռը։ Թագավորել է 189 թ. (մ․ թ. ա․)։ Նա իր իշխանությունը տարածելով ամբողջ Ասիայի վրա, ըստ Խորենացու, Վաղարշակ եղբորը նշանակում է Հայաստանի թագավոր։