Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/46

Այս էջը հաստատված է

ամեն առավոտ՝ ինչ պտուղ ծառիցը վեր էր ընկնում, հավաքում, քթոցներով տանում էին ճամփին դնում ու անց կենողի ջեբն ու խուրջինը լցնում։ Էն մեշա իքուցը մեկ պտուղ, մեկ թաս գինի իրանց տանը չէին բանացնիլ, ջոկ կպահեին ու աղքատ գեղըցոնցը կբաժանեին։

«Ի՞նչ պետք է տանինք էս փուչ աշխարքիցը. դարդակ էկել ենք, դարդակ կերթանք։ Սաքի որ շատ էլ մալ, դովլաթ ունեցա, աշխարքի տեր էլ դառա, հո էլի պտի հողը մտնիմ։ Իմն ա մի բուռը հողը, մեկ գազ կտավը։ Լավ ըլիմ, լավ կասեն, վատ ըլիմ՝ վատ։ Տերտե՛ր ջան՝ քո ոտի հողն եմ, դրո՞ւսթ եմ ասում՝ թե ծուռը։ Գրի սևն ու սիպտակը չեմ գիտում։ Ամա ես իմ կարճ խելքովը՝ էսպես եմ աշխարքի բանը քննում։ Ով չի՛ ուզում, իր քեֆն ա, ամեն մարդ իր գլխի տերն ա։ Քեֆ սանն, քյանդ քյոխվանն (Քեֆը քոնը, գեղը տանուտերինը)։ Թուրքն անիծած ա, խոսքն օրհնած։ Ի՞նչ կասես՝ տանուտեր թե սուտ եմ ասում, բերնիս խփի՛ր, անկաջս քաշի՛ր․ դու գիտես՝ որ քո չոռը ինձ համար ջան ա, քո մեկ մազը արարած աշխարքի հետ չեմ փոխիլ։ Թե ճշմարիտը չե՛մ ասում, ասա՛․ «գլուխդ քարին ես տալիս»։ Ե՛ս էլ ձենս կկտրեմ։ Ղորդ ա, վարպետի ու վարդապետի մոտ չեմ մեծացել, ամա իմ ողորմածիկ, լուսահոգի հերը տասը վարդապետի խելք ուներ գլխին։ Ինչ որ խոսում էր, հենց իմանաս՝ թե ավետարանի կողքին գրած ըլի։ Սաղ Աստվածաշունչը13) փորումն ուներ։ Մեկ խոսք խոսալիս՝ հազար վկայություն էր բերում։ Ժամագիրքը, Շարականը, Սաղմոսն ու Այսմավուրքը հո ջրի պես գիտեր։ Հարիր փիլիսոփա, վարդապետ, տերտեր հավաքվեր՝ բերանները կցխեր, ճամփու կդներ։ Աշխարքի էն դինիցն էր խաբար տալիս։ Մեկ ժողովքարար մեր գեղը գալիս, պետք է տափ կենար, որ նրա ձեռը չընգնի, թե չէ Աստված ազատի, հոգին կըհաներ, միսը բերանը կտար, շատ անգամ չէ՛ր իմանալ, թե եկած ճամփեն ո՛րն ա։ Էս հմիկ որ լավ, օսալ գլխիցս դուս եմ տալիս, նրա հունարն ա, թե չէ՛ ես ո՞վ եմ, որ ինչ գիտենամ։ Բանը է՛ն չի, որ մարդ ծեքը տալիս, գնա ժամը, մեկ երկու ծունդր դնի, դուս գա, մի քիչ գրին մտիկ անի, արշտոտա, քունը տանի, կակոզ բարձի վրա, ղույթուքի յորղան դոշակում երկար ձգվի, ուտի, խմի, քեֆ անի, փորն ու գլուխը հաստացնի, ու գա, մեր ջանին ընկնի, թե ինչ որ դատել եք՝ էն էլ մեզ տվեք, որ տանինք լավ ուտենք, լավ հագնինք, լավ մաշենք, ձեզ համար աղոթք անենք։14) Ախպե՛ր, բաբա, ջանմ, գյոզմ, աղոթք ունիս, քեզ համար պահի, քեզ համար արա։ Ի՞նչ ես տվել, որ մեզանից չես կարում եդ առնիլ։ Ըսկի որ չըլի, կասեմ Աստված՝ քեզ համար մեկ պասորթ կանեմ։ Աստված բերնին չի նայում, սրտին ա մտիկ տալիս։ Մեկ հաս ու չհաս պատահելիս հո ուզում են մեր տունը քանդեն։ Տո թե տուտը կարճ ա, չի՛ հասնիլ, փո՞ղն ա երկարացնում։ Բերաններս խփել ենք, ինչ որ ասում են, անկաջ ենք անում։ Ասենք՝ մենք չենք խոսում, բաս Աստված վերևիցը չի՞ նայում։ Էս ինչ բան ա՝ թե փլավը ես ուտեմ, քո գլխին դմփեմ, մածունը ես լպստեմ, քեզ դոդ կատու կանչեմ։ Ասենք՝ թե կարգավոր են, խաթրներիցը անց չենք կենում, չենք ուզում, որ անեծքի պատճառ դառնանք, չունքի սևագլխի անեծքը քարին որ դիպչի, քարը կպատռի, իրանք էլ մի քիչ պետք է իրանց չափը ճանաչեն։ Սևանու ճգնավորներն են լավ կարգավոր, ի՞նչ