Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/60

Այս էջը հաստատված է

Աչքիս լսի պես մեծացրի, որ է՞դ տեղն ընկնիս... թող ինձ սպանեն... էդ թուրը թող իմ սիրտս խրեն... թող քո ոտիդ տակին հոգիս տամ... թո՛ղ ես հողը մտնիմ... էն վախտին ուր տանում են քեզ, թո՛ղ տանին։ Թո՛ղ քո նեղ օրը չտեսնիմ, ո՛ր դժոխքն ուզում ա, թո՛ղ ինձ ներս տանի»։

Էս կսկծալի ձենի հետ լավ պարզ լսվում էր, որ մեկ տղամարդ թուրքերեն ասում, հարբա էր գալիս, որ ձենը կտրի։ «Ձենդ կտրի՛՝ ղանջղ, ղարաչի... հենց էս սհաթին փորդ վեր կածեմ. ջինգյանություն ի՞նչ պետք ա. սարդարի հրամանն ա, պետք է ձեր աղչիկը քաշենք տանինք. ի՞նչ խոսք ունիք, ի՞նչ կարողություն, սարդարի հրամանին սարը չի՛ դիմանալ, դուք ի՞նչ կարաք անիլ»։

Խալխի գլխին ջուր մաղվեցավ։ Ամենն էլ իմացան՝ թե ի՞նչ խաբար ա։ Սարդարի ֆառաշներն (ծառայք) էկել էին, որ աղչիկ քաշեն, ո՞վ հագդ ուներ, որ ծպտա։ Բարիկենդանը սուգ դառավ։ Էրեխեքը լալով, դողալով տուն փախան, կնանիքը դռները կոխպեցին ու շիրախանի կարասների տակը մտան, կամ վերնատներումը տափ կացան, կամ դարմանի ու խոտի խրձերի մեջը մտան։ Գեղը՝ հենց բռնես բիրադի քանդվեցավ։ Տղամարդքերանց որը որ վախլուկ էր, գլուխն առավ, կորավ, որը որ մի քիչ պինդ սիրտ ուներ, զարզանդելով, դողդողալով մոտ էկավ, չէ՛ թե օգնություն անի, չէ՛, այլ թե տեսնի՛, ինչպես մարդիկ են էկողները, ինչպես են տանում խեղճ, ջրատար աղչկանը։ Ռանգ մռանգները թռած, սպրթնած՝ էկան մեռելի պես ու տան բաշին շարվեցան։ Շատի լեզուն բերնումը շաղվել, փետացել էր։ Շատի լերդն ու թոքը ջուր էր կտրըվել։ Շատի պռոշները ահու ճաքել՝ արինը՝ շռռալով գնում էր։ Լավ ուզում էին, որ քոմակ անեն, լավ ուզում էին՝ իրանց էլած չէլածը տան, որ խեղճերին ազատեն, բայց ո՞ւմ ձեռիցը մեկ բան կգար։ Սարդարն էր հրամայել, ո՞վ էր կարող՝ որ ձեռք վրաբերի։ Թե մեկ ծպտոն է՛լ հանել էին, հենց էն սհաթը՝ տուն, տեղ կրակ կտային ու իրանց էլ թոփի բերնին կդնեին, կքցեին։ Աստված ո՛չ շհանց տա. անօրենի ձեռը դուշմանս չի՛ ընկնի։ Մարդ ո՞ր հողը տա գլխին, ինչ ուզում են, է՛ն են անում։ Դատաստան չկա, իրավունք չկա, ու Հայ ազգն էլ՝ էնքան էսպես ցավեր տեսել էր, մեկ օր խոսքը մին չէ՛ր ըլում, որ իր գլուխն ազատի։ Աղչիկն ասես՝ քաշում էին, տղեն ասես՝ տանում, շատ անգամ թուրքացնում, հավատից հանում, շատ անգամ էլ գլուխը կտրում, էրում, նահատակում։ Ո՛չ տունն էր իրանը, ո՛չ մալը, ո՛չ ապրանքը, ո՛չ ջանը, ո՛չ օղլուշաղը։ Զարմանալուն էս ա, որ էսպես կրակի, զուլումի մեջը, էլի նրանց աչքն ուրախություն, նրանց երեսը ծիծաղ էր գալիս։

Էսպես, ինչպես ասեցի, հարիր մարդից ավելի վրա էին թափել, ձեռըները ծոցըներումը դրել ու պատի ծերիցը մտիկ էին տալիս։ Սուգ ու շիվանն աշխարքն առել էր։ Ֆառաշները կատաղել, փրփրում էին. շատ անգամ թվանքները դեմ էին անում, որ խալխին խփեն, վեր քցեն, որ բալքի ռադ ըլին, կորչին. բայց էլի հուշտ էլած ոչխարի պես եդ էին դառնում, էլ եդ եդ փախչում, էլ եդ եդ գալիս, մտիկ տալիս։ Ի՛նչ խեղճ, ողորմելի մերն էր անում, Աստված հեռու տանի․ քար չէ՛ր մնացել՝ որ գլխին չի խփի, հող չէ՛ր մնացել, որ վրեն չածի։ Ձագը կորած հավի պես մեկ դես էր վազում, մեկ դեն, մեկ գլխին տալիս, մեկ ոտին։ Է՛նքան էր ծնկներին, գլխին