Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/61

Այս էջը հաստատված է

խփել, հարայ տվել, լաց էլել, մազերը պռճոկել, երեսը չանգռել, կտրատել, որ էլ ո՛չ աչքումը լիս կար, ո՛չ ջանում թազաթ, ո՛չ բերնումը լեզու։ Էնպես հենց ձենը փորն ընկած, շունչը կտրված՝ ոտին, գլխին էր անում, ինքն իրան ջարդում, գլուխը քարեքար տալիս, յա սուրութմիշ ըլելով, գետինը լիզելով ֆառաշների ոտներն ընկնում, յա ձեռըները բռնում՝ որ թուրը խլի, իր սիրտը խրի․ յա թե չէ սրանք էլ որ դոշին չէին խփում, յա քացով տալիս, դեն քցում, ընկնում էր ջուխտ ձեռով աղչկա վրա, յա ճտովը ու, էլ թեկուզ քացով էին խփում գլխին, թեկուզ դմբզով (մուշտով), թեկուզ ղամշով, յա թվանքի դուռթմով, էլ պոկ չէ՛ր գալիս, էլ չէ՛ր իմանում։ Ուզում էր՝ որ փորը ճղի, ու իր հոգու սիրելին էլ եդ ներս տանի։

«Թա՛գուհի ջան՝ էս ի՞նչ ա․ քո հարսանիքի պա՞րն եմ գալիս․ փեսեն ո՞ւր ա. տերտերն ընչի՞ համար չի գալիս։ Հինեն ի՞նչ տեղ ա, բերե՛ք, որ աղչկանս ձեռները կարմրացնեմ։ Դափ ու զուռնեն ինչի՞ չեն ածում։ Ա՛յ ղոնաղներ՝ ի՞նչ եք էդպես պարապ կտրի ծերին կանգնած մնացել, ձեռըներդ ծոցըներդ դրել․․․ Ինձ չե՞ք սիրում․․․ պար էկե՛ք՝ է՛․․․հարսանքավորն էդպես բաշիբոշ կկանգնի ու թամաշա կանի՞․․․ Խարջն իմն ա, հո ձեր քիսիցը չի՛ գնում, կերեք, քեֆ արե՛ք, իմ որդուս արևն օրհնեցե՛ք։ Մեկ աղչիկ ունիմ, որ աչքիս լսի հետ չեմ փոխիլ, նրա խաթրն էլ ա չո՞ւնիք, որ մեկ ուրախություն անեք, սիրտս հովանա։ Հա՛․․․ քնա՞ծ եմ, թե զարթուն, թե գլուխս վրես չի։ Բաժինքը հազիր ա․ չէ՛, չէ՛․․․ փեսեն հո Թիֆլիզ գնաց, էսպես թեզ չէ՛ր կարալ եդ դառնալ․․․ Սրանք ո՞ւր են էկել․․․ Թուրքը հո Հայի չի՛ ուտիլ․․․ Հա՛ հա՛՝ հմիկ իմացա․ մեր ճանանչներն են, էկել են, որ երեխիս հարսանքի ուրախությունը տեսնին․․․ Լաց մի ըլիլ երեսիդ մեռնիմ․․․ Թագուհի ջան՝ ջանս ու հոգիս քեզ մատաղ․ քանի որ գլխիդ սաղ եմ, ո՞վ հագդ ունի, որ քո մեկ մազին դիպչի․․․ Մազերդ ոսկեթել Թագուհի ջան՝ ունքերդ վարաղով քաշած՝ ո՛րդի ջան. օրորոցիդ մատաղ գնամ՝ Թագուհի ջան․․․ վարդի պես բաց էլած, մանիշակի պես փընջված․ իմ ա՛րև, իմ կյա՛նք․ իմ թա՛գ ու պարծանք՝ որդի ջան։ Աչքերդ բա՛ց արա, աչքերիդ ղուրբան ըլիմ․ բերանդ բա՛ց արա՝ էդ աննման, վարդահոտ բերնիդ մեռնիմ․․․ Քո խեղճ, պառավ մորն է՞դպես ես սիրում․․․ է՞դպես ես իմ սիրտը շահում․․․ թե ամաչո՞ւմ ես, ասեմ որ՝ էս կանգնողները հեռանան․ ա՜յ մարդիկ՝ հեռացե՛ք, կորե՛ք․ իմ աղչկա աչքին մեք երևալ։ Բան ու գործ չունի՞ք․ գնացե՛ք ձեր տունը. ի՞նչ եք էստեղ կիտվել։ Ի՞նչ անամոթ մարդիկ եք․ տո ձեզ չե՞մ ասում, քառացե՞լ եք։ Արի՛, գնանք բաղը՝ Թագուհի ջան՝ անումիդ մեռնիմ․ ծառերը ծաղկել են՝ քո ծաղիկ երեսին ղուրբան։ Դաշտերը կանաչել են, քո կանաչ արևին մատաղ գնամ, ուր ենք մնացել էստեղ, գնանք, տեսնինք, ուրախանանք․․․»։

6

Ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը թողամ, մարդի սիրտ կրակ ա ընկնում, երբ որ խեղճ մոր արածն ու ասածը միտքն ա բերում։ Ո՛վ որդի ա մեծացրել, նա լավ կիմանա մոր սիրտը, տկար լեզուն ի՞նչ կարա սրտի ամեն