Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/64

Այս էջը հաստատված է

սրբի՝ իրկնային հրեշտակը։ Թևերն երեսին փռում, անմահական երազով նրան գրկում, գգվում, արթնացնում, էլ եդ իր գիրկը դնում։

Ա՜խ՝ ո՞ր մեկն ասեմ. նրա ամեն մեկ շարժմունքը, ամեն մեկ խոսքը, ամեն մեկ մտիկ տալը, ամեն մեկ աչքի ու պռոշի ժաժ գալը՝ հրաշք էր։ Էն լուսակոլոլ աչքերը, էն խնկան ծաղիկ շրթունքը, որ չէր բաց անում, մարդ ուզում էր, ո՛չ ուտի, ո՛չ խմի, հենց նրան մտիկ տա, նրա սուրահի բոյին թամաշ անի, նրա ոտի տակին հոգին տա, նրա ձեռիցն իր մահն առնի։ Է՛ս երկնային հրեշտակը, է՛ս անմեղ գառն էր, էս հադաղին՝ է՛ն գազանների ձեռին, ի՛նչ քարացած, ապառաժ սիրտ պետք է ըլի, որ նրան տեսնելիս, կամ նրա պատմությունը լսելիս, գլխին կրակ չի՛ վառվի։ Ո՞ր մեր<ը> էս հադաղին թուրը չէ՛ր առնիլ ու իր ջիգյարը ցցիլ։ Ո՞ր հարևան կամ անցվորական՝ նրա էն լուսեղեն երեսին նայելիս՝ աչքին չէր հուփ տալ, որ լացը գա, ու սիրտը հովանա։ Ամա մեր գեղական խեղճ խալխը՝ էնքան էսպես բաներ տեսել ու լսել էին, որ արտասուքներն էլ էր ցամաքել, աչքերի լիսն էլ էր հատել։

Հենց էն ա ֆառաշները տեսնելով, որ մեր ու աղչիկ դարդի ձեռիցը նղղեցան, ու էլ ձեն, շունչ չէին տալիս, լավ համարեցին, որ էսպես թուլացած վերցնեն, երկուսին էլ տանին, որ էլ շատ ինջըմիշ չըլին, չչարչարվին։ Երկուսը ձիու վրա նստել, էն ա տեղ էին բաց անում, որ մեկը մորը խտտի, մյուսը աղչկանը առաջն առնի, ու էն ա խաթրջամ էլած միտք էին անում, թե իրանց բանը լավ գլուխ բերին,— մեկ թուր պսպղաց, ֆառաշների մեկի գլուխը գետնի վրա ընկավ, ու սկսեց ղլվլացնիլ, բլբլացնիլ ու պար գալ։ Դեռ սա ձենը չէ՛ր կտրել, որ մյուս ընկերինն էլ սրա հացը կերավ, սրա մոտ գնաց։

«Ա՛ղասի ջան՝ մեր տունը քանդեցիր։ Ա՛ղասի՝ ձեռդ քեզ քաշի, քո խեղճ հալևոր հորը խնայի. որդով, տանով, տեղով եսիր կերթանք. մի՛ անիր, մի՛ ըլիր, ջանմ՝ գյո՛զմ, քո ջիվան ջանիդ էլա ղադր արա, տո բեմուրվաթ։ Աստված՝ էս ի՞նչ զուլում էր, որ մեր գլխին էկավ։ Ո՛վ զինավոր սուրբ Գևորգ, ո՛վ սուրբ Կարապետ՝ դուք մեզ քոմակ արեք։ Տղե՛րք՝ կորե՛ք, կորե՛ք՝ որ ձեր իզն ու թոզը ըստեղ չէրևա։ Տո մեկդ ու մեկդ հասե՛ք տանդրոչ մոտ. անկաջաբռնուկ տվե՛ք, ա՛յ նրա տունը չքանդվի՝ ինչ քանդվեց, գինին գլխին զահրըմար ըլի, աշխարքս արինը բռնել, ծով ա դառել, մեր ախմախ քեդխուդեքը նստել քեֆ են անում, այ թե մարդ են՝ հա։ Տո քեֆն է՛լ գլխըներին խռով կենա, խաչն ու ավետարանն էլ։ Տնաքանդնե՛ր՝ տո մի աշխարքի դարդիցն էլ խաբար առեք՝ է՛, ախր ի՞նչ եք տան չորս պատը ու գինու գավն ու թասը բռնել, լագում, տրաքում։ Տո Վա՛թո, հասի՛, հասի՛, վազի, թև ա՛ռ, թռի՛. մարաքեն քանի կենում ա՝ չաղանում ա. հենց էս սհաթը կգան, մեզ կտանին բերդը կածեն։ Ա՛ղասի, Ա՛ղասի, քառանաս ո՛չ՝ Ա՛ղասի. փախի՛ր, փախի՛ր, էդ շներիցը գլուխդ ա՛ռ, կորիր, էդ ի՞նչ արիր՝ տնով քանդված, մեր դուռը շարեցիր, մեր տան հիմքը տակըվեր արիր. տո բեմուրվաթ»։

Բայց թոփ էլ տրաքեր, նաղրախանա էլ ածեին, Աղասին չէ՛ր իմանալ, ղորդ որ քառացել էր, էլ ո՛չ անկաջն էր իրանը, ո՛չ ջանը, ո՛չ աչքը. բայց խելքն ու ձեռը լավ իմանում էին, թե ի՞նչ բանի վրա են։ Արինը աչքերը կոխած՝