Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/65

Այս էջը հաստատված է

ռաշիդ երիտասարդը՝ հենց էսպես բանի էր ման գալիս, որ իր ձեռի ղվաթը, իր թրի հունարը շհանց տա։ Ախր էլ ո՞ր օրվան համար են թուր կապում։ Ջիրիդատեղիցը վարավուրդ էր արել, որ աշխարհն իրարոցով դիպավ ու ձենը կտրեց։ «Տղե՛րք՝ էստում մեկ բան կա, գնանք, մեր բարիկենդանը հարամ էլավ»․ ասեց ու թռավ։ Հենց տեսան նրան գալիս, բնությունը իմանալով, հարիր տեղից ձեն տվին, ձեռով, գդակով արին, որ հեռանա, բայց շունչը բերնին դեմ էր առել, էնպես ձին չափ էր քցել, էլ մաջալ չէ՛ր անում, որ տեսնի. թվանքը լիքն ա երա՞բ թե դարտակ։ Առյուծի պես ներս ընկավ հսկա երիտասարդը․ ճամփին անկաջովն էր ընկել՝ թե ի՞նչ խաբար ա։ Երկուսի գլուխը սրբելեն ետև, մյուսներն ուզեցան, որ թուր հանեն, բայց Քաջն Աղասի, որ բերանը բաց չի՛ արեց, «դժոխքի որդիք՝ ձեզ ո՞վ ա ղրկել էս տեղ, ո՞ւմ վրա եք էդպես կատաղել, ասենք՝ թե Հայը ձեն չի՛ հանում, պետք է նրան սաղ սաղ ուտե՛ք, աչքըներիդ լիսը կթռցնեմ էս սհաթը՝ կո՛րեք՝ թե չէ ամեն մեկդ ճուտի պես առաջիս կթըպրտա։ Քանի էս կուռը վրես ա, դուք էստեղանց թել չեք կարող դուս տանիլ»։ Որ չասեց ու մեկի էլ ուսը վեր բերեց, մյուսի աղիքը վեր ածեց, էն վեցը տեսան, որ ճար չկա, ձիանը նի էլան ու ընչանք բերդը մեկ գնացին։

«Արի՛, երեսիդ մեռնիմ՝ Թա՛գուհի ջան՝ աչքդ բա՛ց արա, աչքերիդ ղուրբան՝ Աղասին մեռած, ոսկոռները փտած, հող դառած պետք է ըլեին, որ քո սիրուն մազին՝ մեկն էլա մատով տար։ Վա՛յ իմ աչքին, իմ արևին, ինչպես փետացել, սառել ա։ Թագուհի ջան, քո ջանին ղուրբան, ա՛ռ, հոգիս ա՛ռ, թո՛ղ ես մեռնիմ, դու կենդանացիր և քո խեղճ մոր սիրտը մի՛ դուս կտրիր, մի դուս ճոթռիր, երեսս ոտիդ տակը», ասում էր քնքուշ երիտասարդը, լալիս, գլխին տալիս։ Արտասունքը աչքերիցը քուլա քուլա էր վեր թափում։ Գնացին ջուր բերելու։ Նա ձեռները խաչել, ինքն էլ փետացել՝ մնացել էր կանգնած։ Մոտանար, սիրտ չէ՛ր անում, խտտել, ձեռները ճմռել, անկաջումը ձեն տալ, երեսին ձեռը խփել, բոլոր, բոլոր չէր կարելի, չունքի Թագուհին դեռ կույս էր, ուրիշ մարդի աղչիկ։ Մորն էր մտիկ անում, մերը ձեն չէ՛ր տալիս․ դուրսն էր նայում, սատկած լաշերի դժոխային կերպարանքն էին աչքովն ընկնում։ Էլ ինս, ջինս, իսան, ադամորդի չէր երևում, ամենն էլ փախել, սարերով, ձորերով էին ընկել՝ որ իրանց գլուխը պրծացնեն։ Շների վնգվնգալն ու յա կոնձկոնձալը, աքլորի ու հավի կռկռալը՝ հենց իմանաս՝ թե նրան ասում ըլեին ցավելով․ «ինչ արիր, արիր, գլուխդ ա՛ռ, կորի՛, գնա Փամբակ, Թիֆլիզ, Ռսի հողը։ Էս երկրռւմը քո արևը մեր մտավ, քո օրը խավարեցավ, քո ճրագը հանգավ։ Թոփի բերանն ա, քո ջանը։ Քանի ոտքը խաղաղ ա, քանի ջիլավդ ձեռիդ ա, քանի բերնումդ շունչ կա, ոտումդ թաղաթ, փախի՛ր, գլխիդ ճարը տես։ Մնաս էլ, ձեր տունը բոլոր սուրը կքաշեն, գնաս էլ՝ էն բաբաթ․ քեզ էլա ճար արա։ Քո հերը քեզանից զայրու՝ էլ զավակ չունի․ նրա օջաղի ծուխը մի՛ կտրիր․ ձեռներդ արնոտ արիր, սարդարի ֆառաշներին ես սպանել՝ տո, ա՛նիրավ, մեկ միտք արա՛ է՛լ։ Դրանց արինը քեզանից կուզեն։ Դրանց տերերը հիմիկ կատաղել, փրփրել, իրանց միսն ուտում կըլին, ի՞նչ ես փետացել, կանգնել․ էլ ո՞ր օրին ես մտիկ տալիս։ Քյահլան ձին տակիդ, յարաղ ասպարը վրեդ. մեկ կտոր հաց ո՞րտեղ ըլի, որ չճարես»։