Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/68

Այս էջը հաստատված է

ուտում, ո՛վ ասես՝ նրա արևովն էր խնդում, նրա գլխովն էր ուզում պտիտ գա։ 1Էս ո՞ւր եմ... քնա՞ծ եմ. զարթո՞ւն եմ, երազո՞ւմ եմ, օ՜հ, օ՜հ, օ՜հ... արյան ծովն է՛ս ա, որ ասում են»։ Սկսեց ողորմելի ծերունին էսպես իրան իրան խոսալ, երբ առաջի տաքությունն անց կացավ, ու թմբրությունն էկավ վրեն։ «Դժոխքի տարտարոսն է՛ս ա, որ պատմում են... իսրի պուճախն է՞ն ա... վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ... միսս սրսռում ա... աչքս խավարում ա... չանկալ ա՝ որ հազրում են... մանգաղ ա՝ որ սրում... շիշ ա՝ որ կայծակին ա տալիս... Ա՛ստված՝ քո փառքդ շատ... էլ ընչի՞ մեզ ստեղծեցիր... որ էս կրակի մեջը պետք է էրեիր... Երանի՛ նրան՝ որ մոր փորիցը դուս չի՛ էկել... Էս ի՞նչ եմ տեսնում, Ա՛րարիչ Աստված... Հրե՛ն խորովում են... հրե՛ն միսը կտրատում են... Ամա՛ն... ամա՛ն... աման... գլուխ առե՛ք, կորեք... Շատ գինի խմողի փորն են ճղում... փիս խոսողի, բամբասողի, խաբարբզանի,.. տուն քանդողի՝ լեզուն են բողազիցը դուս ճոթռում, էրում, տապակում... Շատ փող սիրողի ջանին մանեթներ ա ՝ որ կրակիցը հանում են, ջանին կպցնում... կաշառք ուտողի միսը քալփաթնով պոկում են, բերանն են տալիս... Վատ ճամփի ման էկողի, գողի, բոզի գլխներին հալած առճիճ են ածում... տաքացրած շամփրներ սրտները կոխում, ու էրում, փոթոթում... Մեկ տեղ վնկվնկում են, մեկ տեղը թնգթնգում... մեկ տեղ վլվլում, մեկ տեղ թլթլում... Մեկի երեսիցը՝ քրտնքի տեղ՝ կայծակ ա վեր թափում. մեկի բերնիցը կրակ, բոց ա դուս գալիս, իրան էրում... կայծակը մեկ կողմիցս ա խփում, ամպը մյուս տեղից գոռում... երկինք, աստղե՛ր, արեգակ, լուսին կորել, խավարել են... Էնպես պատկերներ են առաջս գալիս՝ որ մեկի լեզուն կրակած թուր ա, մյուսի ձեռը օձ. մեկի աչքիցը կրակ ա թափում, մեկի քթիցը՝ ծուխ վեր ըլում... Ա՛ստված՝ էս ո՞ւր տարան ինձ... Էս ո՞վ բերեց ինձ էստեղ... Աշխարքի վերջը հո չի հասել... էրեկ չէ՞ր՝ որ էլով, գյունով, նստած քեֆ էինք անում... քոմակ արեք, օգտեցե՛ք Աստծու խաթեր, ի սերը քրիստոսի. հրես գալիս են, որ ինձ էլ տանին... Ա՛ղասի ջան՝ ո՞ւր ես. էդ ղոչաղ ձեռդ մի հասցրու է՛․ անումիդ մեռնիմ... էլ քո հորը ո՞ր օրը պետք է քոմակ անես...»։

Որդու անումը անկաջն ընկավ թե չէ, հենց բռնես՝ կայծակը խփեց, ջանը մեկ թափ տվեց սասանմիշ էլավ. աչքը բաց արեց, տեսավ, որ բոլորը մտաց ցնորք էր, ո՛չ դժոխք կար, ո՛չ կրակ, էլի է՛ն սուփրեն էր, էլի է՛ն հացը, բայց ղոնաղների շատը հեռացել, տերտերը ավետարանը նրա գլխին դրել, աչքը երկինք քցել, սաղմոս էր ասում, աղոթք էր անում, վրեն խաչ հանում, ու մարմանդ արտասուքը սրբում, հեկեկում։

«Տե՛րտեր ջա՛ն՝ դո՞ւ ես. ձեռդ մի տո՛ւր, համբուրեմ, աջիդ մատաղ գնամ, ուխա՜յ... սիրտս հովացավ, ջանս տեղն ընկավ, հլա մեկ քանի տարի էլ ումուտ ունիմ, որ քո աղոթքովն ապրիմ․ էս ի՞նչ էր տո՛... ուզում էին ինձ սաղ սաղ դժոխքը տանին... Դեռ Աղասուս երեսը չպաչած, դեռ կնկանս ու հարսիս օրհնություն չտված, ո՞ւր կերթամ... Տղերքն ո՞ւր են, Վիրաբն ո՞ւր ա, խիստ եք ձենըներդ կտրել, հայ յա՛սսարներ՝ էլի ֆռսանդ են ճարել. ինձ քնած թողել, իրանք դուս գնացել՝ որ յալլի տան (պար գան)։ Տեսնո՞ւմ ես էն հարամզադեքն ի՞նչ են բերում իմ գլուխը։ Ասենք ծերացել եմ. ոտներս չի՛ պար գան, հո մեկ թևերս էլա կբարձրացնեմ, ծափ կտամ, հետըները