Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/73

Այս էջը հաստատված է

ինչպես որ տեսանք։ Ա՜խ՝ ես չեմ ուզում բանը երկարացնեմ, թե չէ նրանց արածն ու ասածը լսողի սիրտը կերեն, կը փոթոթեն։

Էս ձենի վրա էր, ինչպես ասեցի, որ մեր անբախտ ծերունին բիրադի վեր թռավ, էլ ոչ գդակ, էլ ոչ քուրք հարցրեց՝ տանիցը բղղալով, գլուխը ծեծելով՝ միրուքը պոկելով դուս ընկավ ու հոգին բերնին հասած, գլորվելով, տրորվելով իր որդու ոտի տակին գետնին դիպավ ու թռպրտում էր։ Ընչանք էնտեղ հասնիլը հարյուր տեղ վեր էր ընկել, հարյուր տեղ ոտն ու ճակատը քարին էր առել, գլխումն ու ջանումն էլ սաղ տեղ չէ՛ր մնացել. հազար քարի էր դիպել ու յարալու փարալու էլել․ ձնի նման սիպտակ միրուքը՝ արնի մեջ սառել, չանին էր կպել․ ու հմիկ էլ որդու ոտները լիզում էր, որ մեկ թուր էլ իրան խփի, որ շուտով էս դառն աշխարքիցս պրծնի։

Վա՜յ է՛ն ազգին, որ աշխարքումս անտեր ա,
Վա՜յ է՛ն երկրին, որ թշնամու գերի ա,
Վա՜յ է՛ն խալխին՝ որ ինքն իր կյանքն, աշխարքը
Չի՛ պահպանիլ, ու հարամու ձեռ կտա։
Ո՛վ որ սարեր կերթա, իրան ֆորսն անի,
Ո'վ որ կուզի, տեղը նստած, մուլք դատի,
Անտեր ազգին նրա գյուլլեն կըդիպչի,
Անտեր գլուխն նրա քիսեն կլցնի։
Հավատ, օրենք, տուն, ընտանիք, սրբություն,
Հողի, քարի հետ կքսվին, կփչանան,
Թե մեկ ազգ իր ջիլավն, յախեն թշնամուն
Իրան իրան կտա, կըմնա անվաթան։
Կատաղած ծովն ինչ կհարցնի լաց, շիվան․
Նրա ֆրթնեն (ալիքը) ո՛չ սիրտ ունի, ո՛չ հոգի։
Թե ճար ունիս, մի՛ տար նավիդ գլուխն իրան.
Աչքդ թեքեցիր, ծովի տակին կբացվի։
Դառած առջը փնչացնելով դուս պռծավ,
Սարեր ձորեր սասանում են ձենիցը,
Ա՛նմեղ գառը, ո՞ւր ես կանգնել դու անցավ,
Քեզ կըքրքրի, փախի՛ր նրա ձեռիցը։
Դաշտ ու գետին դմբդմբում են, դղրդում.
Ամպի գոուոցն աշխարքն իրար գլխով տալիս։
Ա՛նցվորական՝ ի՞նչ ես ճամփիդ մխկտում,
Գնա՛ էլա մեկ քարի տակ, որ պռծնիս։
Ա՛խ՝ արեգակ, բարի՛ հրեշտակի՝ մեր մտի,
Ի՞նչ ես կանգնել, սիրուն աչքերդ բաց արել․
Հայի համար, որ դուս էլ չգաս դու իսկի,
Դարդ չի անիլ, վաղուց է նրա աստղը թեքվել։
Թախթ, ապարանք, զենք, զարդարանք փչացան․
Թագավորներ, իշխանք, քաղաքք հողը մտան։
Էլ ով նրանց էթիմներին խեղճ կգա․
Մեկ թշնամու սրտումն մըգամ Աստված կա՞։

ԱՌԱՋԻՆ ԳԼԽԻ ՎԵՐՋԸ