Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/76

Այս էջը հաստատված է

նրան սիրով խտտում, իրանց մեջը, իրանց հանդն են տանում, որ նրա սուրբ կաթնահամ ջրովը՝ իրանց էրված սիրտը հովացնեն, իրանց դառը քրտինքը նրանով լվանան ու նրա տված պտղովը իրանց գլուխը պահեն։

Երևանու բերդն, Հայաստանու[1] հողն՝ որ հազար տարուց հետ սկսած՝ դառել էր գողի ու ավազակի բնակարան։ Է՛ն հողը, էն հիանալի աշխարը, ուր տեղ որ դրախտն էր եդեմական, ուր որ Աստված՝ բոլոր աշխարը ջրհեղեղովը երբ որ կործանեց, Հայոց սուրբ Մասսա սարը միայն արժան տեսավ, որ Նոյան տապանը նստի ու Հայոց երկրիցը էլ եդ մարդիկ բազմանան ու ուրիշ երկրներ էլ շինություն քցեն։ Է՛ն սուրբ հողը, ուր որ անպարտելին Հայկ՝ անաստված Բելա չար մտքին[2] չհավանելով՝ իր ընտանիքը, իր քաջ, պատվական զորքը հավաքեց, էկավ ու Հայաստանի զարմանալի սարերի, սիրուն դաշտերի տեսույն մայիլ մնացած, Զանգվի դրախտանման ձորը, Զանգվի փրփրադեզ, անահ ջուրը, Երասխի մարմանդ ծոցը, Մասսա ու Ալագյազի երկնանման գլուխը՝ Սևանա ծաղկափթիթ ձորերն ու սարերը տեսնելով, իր մզրախը ցցեց ու իր սուրբ անունովը Հայաստան կանչեց ու Բելա անհոգի մարմինը իր նետ ու աղեղին մատաղ արեց։ Է՛ն սուրբ տեղը, ուր որ Շամիրամ աշխար տիրելով, ո՛չինչ տեղ էն պատկերը չճարեց, որը որ իր սիրտն ուզում էր ու մեր հրեշտականման Արայի սիրուն երեսին կարոտ՝ զորք ժողովեց, էկավ, որ թե նրա սուրբ սիրտը լալով, սիրով չգրավի, զոռով նրան գերի անի, որ բալքի նրա սուրբ շունչը իր երեսին դիպչի ու մեռած ժամանակն էլ՝ նրա մարմինը առաջին դրած՝ գիշեր ցերեկ սուք էր անում, որ կամ նա կենդանանա, կամ ինքը նրա ոտի տակին հոգին տա։ Էն աշխարը, ուր որ Զարմայր՝ Աքքիլեսի հետ Հեկտորի դեհն ուզեցավ պահի, Պարույր՝ Արբակի հետ Սարդանաբաղին էրեց, Տիգրան՝ Կյուրոսի հետ Աժդհակա հողին առավ, Վահե՝ Դարեհ Կոդոմանի հետ Աղեքսանդրի ճամփեն ուզեցավ բռնի. Վաղարշակ Պարթևն՝ իր եղբայր Արշակա ոտը իր երկրիցը կտրեց ու Հայաստանին կարգ տվեց, նախարարներ հաստատեց․ Տիգրան՝ արքա արքայից Ասորոց աշխարն իր ձեռի տակը բերեց ու Կարթագինացոց հսկային Աննիբալ զորապետին իր մոտ հրավիրեց՝ ուր որ քաջահաղթն Տրդատ՝ Հռովմ իր քաջությունովը ու իմաստությունովը զարմացնելեն հետո՝ էկավ իր հայրենական հողին տիրեց ու Ալանաց, Պարսից շունչն ու ոտը կտրեց։ Ուր որ որդին Աստծո երևեցավ ու սուրբ Լուսավորչու՝ Իջման տեղի կերպը լուսով չափ տվեց։ Է՛ն տեղը որ Վարդան Մամիկոնյան, Վահան ընտիր եղբայր նորա՝ անօրինակ քաջությամբ, որ աշխար դեռ չի տեսել, իրանց օրենքն ու սուրբ եկեղեցու պատիվը արընով գնեցին. է՛ն տեղ՝ ուր Վռամշապուհ՝ բոլոր աշխարհի լուսավորությունն ու իմաստությունը իր կողմը քաշեց, իր աշխարհը բերեց։ Է՛ն ընտիր աշխարը, ուր Ռուբինյանք, Բագրատունյանք՝ իրանց՝ հազար թշնամու ձեռի անտեր մնացած հայրենիքը (վաթանը) էլ եդ գերեզմանից հանեցին, էլ եդ նո՛ր հոգի տվին։ Է՛ն օրհնյալ հողը, ուր Ասորիք, Պարսիկք, Հոնք, Ալանացիք, Մակեդոնացիք, Հռովմայեցիք, Արարք, Օսմանցիք ջրհեղեղի պես վրա էկան, հարյուրավոր ազգ ու աշխար՝ ոտնակոխ

  1. [բերդն]
  2. միտքը=մտքին