Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/77

Այս էջը հաստատված է

արին, ջնջեցին, սրբեցին, թրի, կրակի մատաղ արին, ուր տեղ որ սար չի մնացեր որ արին չտեսնի, քար չի մնացել, որ մարդ տակով չանի ու հարիր մեր հարևան ազգեր էնպես են հողի հետ հավասարվել, կորել, որ էս օր ոչ նրանց շունչը կա, ոչ անունը, բայց սուրբ Հայոց ազգը, անհաղթելի Հայկա որդիքը՝ կյանքը, թագավորությունը, մեծությունը, փառքը, իշխանությունը, զորքը կորցնելեն եդև, որ տեսան՝ թե է՛ս աշխարհակործան ջրհեղեղին, է՛ս գազան ազգերին՝ որ մեկը մյուսի ոտիցը ճոլոլակ՝ ուր որ կամենում էին գնալ, Եվրոպա, թե Ասիա,[1] Հայոց հողովը պետք է անց էին կացել, չե՛ն կարող դիմանալ, աչքըները երկինքը քցեցին, գըխըները գոգըները դրին ու հազար թրի տակից, հազար կրակի միջից՝ սիրտ սրտի տված, հոգի հոգու կպցրած, մինչև էս օր էլ՝ իրանց գլուխը, իրանց սուրբ հավատը, իրանց սուրբ օրենքը՝ է՛ն վեհանձնությունովը պահպանեցին, որի օրինակը աշխարքում ո՛չ էլել ա, ո՛չ կըլի, է՛ն աշխարը, է՛ն անօրինակ ազգն էր էս վերջին ժամանակը՝ բերանը հասած՝ աչքը երկինքը կթել՝ որ Ռուսաց հզոր արծիվը գա ու իրանց հողն ու զավակը իր թևի տակովն անի։ Քսան տարու միջում լուսավորյալ, քրիստոնյա, խաչապաշտ եվրոպացոց ոտը՝ ողորմելի Ամերիկա էնպես քանդեց, ջնջեց, հողի հետ հավասարեց, որ հինգ վեց միլիոն ազգերիցը՝ էս օր հազար հոգի էլ չեն մնացել, էն էլ սար ու ձոր ընկած, վայրենի գազանների պես են իրանց սև օրը լալիս ու կոտորվում՝ բաս ի՞նչ աներ Հայոց խեղճ ազգը, որ Նոյան դեսը վեց հազար տարի՝ ո՛չ թե քրիստոնեի, կամ լուսավորյալ ազգի, այլ հեթանոսի, կռապաշտի, Մահմեդականի, անօրենի ձեռին էր աչքը բաց անում, նրանց հետ քյալլա տալիս, ու շատին շատ անգամ՝ իր ոտի տակը քցում, բայց կարող է վարդը ծովի միջում զորանալ, մանիշակը՝ կրակի առաջին դիմանալ․ կարո՞ղ է կակող ցորնի հասկը էն կայծակին ու կարկտին համբերիլ, որ մեր ազգը իր թշնամուն համբերել էր, յա դիմացել։ Հայո՛ց ազգ, Հայո՛ց ազգ, ձեր ջանին մեռնիմ. Հայոց ազգ՝ քո հողին մատաղ՝ Հայոց աշխար՝ էն ո՞ր կաթը դուք ծծեցիք, էն ո՞ր մեջքը ձեզ բերեց, էն ո՞ր ձեռը ձեզ գրկեց։ Էն ո՞ր բերանը ձեզ օրհնեց, որ դուք էս հողին ունենաք, էս սիրտը ձեր միջումն ըլի, էս հրաշքը աշխարքին ցույց տաք․ է՛ն ի՞նչ աչք պետք է ըլի, որ քոռանա, ձեզ չտեսնի, ձեր ղադրը չիմանա. էն ի՞նչ բերան պետք է ըլի, որ կապվի, ձեր փառքը չգովի, ձեր անունը չպաշտի․ էն ի՞նչ քարացած սիրտ պետք է ըլի, որ ձեզ չսիրի, ձեզ իր հոգին մատաղ չտա։ Օրհնեցե՛ք ռսի ոտը, |ջան ջանի տվե՛ք․ իրար սիրեցե՛ք․ դուք էն աշխարքի ծնունդն եք, էն ազգի զավակը՝ որ աշխար ամենայն զարմացրել են ու կզարմացնեն։ Դո՛ւք, դուք իրար պահեցեք, ինչպես ձեր նախնիքը, դուք իրար թասիբ քաշեցե՛ք, ձեր նախնիքը միտք բերե՛ք, ձեր հողն ու ազգը պաշտեցե՛ք, ես եդ եմ դառնում, էլի իմ պատմությունն անեմ, բայց աչքս ճամփի ա, անկաջս ձենի՝ ձեր ջանին ղուրբան՝ չթողաք, էս մուրազը հետս գերեզմանս տանիմ ու հողումն մարմինս քրքրվի, երկնքումը հոգիս տանջվի, երբ իմանամ՝ թե ձեր սերը պակսել ա, ձեր բարեկամությունը ցամաքել։ Գնա՛նք Երևանու բերդը, օրը մթնում ա, խավարը

  1. [իրանք]