Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/80

Այս էջը հաստատված է

հսկայն։ Հալվաբարու Հայերը որ կան, էն ժամանակն են իրանց երկիրը թողում, քոչում ու որը մելիք Աբրահամի, որը Հովհաննես ուզբաշու ձեռի տակին՝ գալիս, քաղաքը մտնում։ Ռուսը՝ որ եդ ա դառնում, Մահմադ-խանին բռնում, Պարսկաստան են տանում ու նրա տեղը Թավաքյալ-խանն ա գալիս նստում, որ Գուդովիչի հետ կռիվ ա տալիս։ Սրան էլ փոխում են, Հուսեյին-խան–սարդարը ու իր ախպեր Հասան-խանն են Երևան ղրկում, որ մեկ քանի տարվան միջումը Ղարս, Բայազիդ, Արզրում ոտի տակ տվին ու Օսմանցվին կատու էին շինել։ Կարելի ա թե Երևան էնպես բարի, ազնիվ, խալխի ցավին հասնող, աշխարաշեն մարդ չէր տեսել, ինչպես որ սարդարն էր, բայց ինչքան նա բարեսիրտ էր, էնքան չար, գազան, դժոխք էր նրա ախպերը, որ ոտը փոխելիս սար ու ձոր դողում էին։ Նրա համար հո մարդի, հո սոխի գլուխը, բոլորը մեկ էր։

Էս էր՝ որ Աստված գլխին բարկացավ. էլածն էլ ձեռիցը խլեց ու խեղճ Հայերի էրված, խորոված սիրտը՝ անջախ մի անջախ հովացրեց ու էս օր խաչն ա նրանց պահում, ո՛չ Ալու փանջեն նրանց սասանացնում։ Օրհնվի էն սհաթը, որ Ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարը մտավ, ու ղզլբաշի անիծած չար շունչը մեր երկրիցը հալածեց։ Քանի որ մեր բերնումը շունչ կա, պետք է գիշեր ցերեկ մեր քաշած օրերը մտքըներս բերենք ու Ռսի երեսը տեսնելիս՝ երեսներիս խաչ հանենք։ Աստծուն փառք տանք, որ մեր աղոթքը լսեց, մեզ Ռուս թագավորի հզոր, աստվածահաստատ ձեռի տակը բերեց։ Բայց թե մինչև էս բախտին հասնիլը ի՞նչ օր ենք քաշել, ի՞նչ գյուլլեք ա դիպել մեր խեղճ ազգի գլխին, ի՞նչ թրեր ա նրանց լերդն ու թոքը կերել, էրել, նրանց արինը վեր ածել, քանի քանի անգամ են տնըհան, տեղըհան էլել, քանի քանի իշխանք՝ որը կրակով, որը փետի տակին իրանց հոգին տվել, ով ուզում ա իմանալ, հետս գա, գնա՛նք էլ եդ Երևան։ Թո՛ղ լսողը չի՛ իմանա, թե ես Երևանու ծնունդ ըլելով, նրա հողի ու ջրի սերն ա էնքան սիրտս քաշում, տանում, չէ՛, գիտե Աստված։ Երեխա եմ էլել՝ որ էն տեղանց դուս եմ էկել, ամա էս օր էլ, որ մտածում եմ՝ թե Զանգվի կարմնջի վրովը, յա բազարի մեյդանովն անց կենալիս, ինչպես էր իմ լուսահոգի հերը ինձ ոտով, ձեռով անում, չունքի լեզվով խոսալն էլ ղազաբի էր բերում, որ թեզ անց կենանք, մեզ թուրք չտեսնի, որ մտածում եմ, թե քանի քանի անգամ հենց մեր այգումը յա մենք ենք ղզլբաշ յարալու արել, յա նրանք մեզ, ջանս վրես սրսռում ա, միսս վեր թափում։ Դեռ Ռսին չտեսած, մեկ էլ մտնինք Երևան, չունքի մեր հայրենիքն ա, մեր նախնիքն են էնտեղ կացել, տիրել, մեռել, թաղվել, էն ժամանակը կիմանանք Ռսի ղադրը ու մեր բախտավորության գինը, ով ուզում ա, գա։

Երևանո՛ւ բերդն, Երևանո՛ւ բերդն՝ ա՜խ՝ որ առավոտը բացվելիս նրա էն լաչար գլուխը մարդի աչքով չէ՛ր ընկնում, հենց իմանաս՝ թե դժոխքն ա իր բերանը բաց անում, ատամները ղրճտացնում ու իր ապականյալ, թունավոր դառը շունչը չորս կողմը փրփրալով փչում, ցրվում, փռնչացնում, որ կարենա՝ իր հոտած աղկների կերած, լափած արդար ջանը մարսի, էլի չանգերը դուբարա քցի, էլի հազար անմեղ, արդար հոգի անծամ կուլ տա, իր անկուշտ փորին մատաղ անի։ Արեգակը մտնելիս հո՝ հենց իմանաս՝ թե Սադայելի որդիքն ու զավակները, նրա զորքն ու զորապետներն