Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/85

Այս էջը հաստատված է

Թողանք էն խեղճ, քոթրոմած, աչքից, ձեռից․ ոտից ընկած, էն սիրուն տղամարդ երիտասարդ Հայերը, որ էս օր էլ Երևանումը՝ որը ջուխտ աչքով քոռացած՝ ա՜խ, ո՜խ քաշելով մաշված ա, իր հարսի, օղլուշաղի երեսին մտիկ տալիս, որը ո՛չ գդալով ա հաց կարում ուտիլ, ո՛չ ձեռով՝ ուրիշը պետք է՝ երեխի պես թիքեն բերանը դնի, չունքի ոչ պռոշներ ունի, ձեռներն էլ ուսաբերնիցն են կտրել, որը քոթրոմացել, անդամալույծ ա դառել, սելով են ման ածում, որը քիթ չունի, որը լեզու, սրտըներն ուզում ա տրաքի, որ ուրիշը խոսում, խնդում ա, երեխեքը լալիս՝ յա ծիծաղում են, բալքի թե մեկ ազար, մեկ մուրազ ունի սրտումը, լալի (մունջ) պես, մանուկ օրորոցկանի պես ոտին, գլխին պետք է անի, որ միտքը հասկանան, բայց ինքն ուրիշին ո՛չ մեկ չոռ ա կարում ասիլ, ո՛չ մեկ ջան։ Քանդվի՛ էսպես տերությունը, հաստատ մնա Ռսի թագավորությունը, որ մեր ազգն ու աշխարքը գերությունից ազատեց, իր բարեգութ ձեռի տակը բերեց ու հոր պես մեզ խնամում, պահպանում ա։ Էն ի՞նչ լեզու, էն ի՞նչ աչք պետք է ըլի, որ ամեն մեկ երկինքը տեսնելիս, փառք չտա Աստուծո, երեսը գետինը չքսի, ու մեր ամենողորմած կայսերը՝ կյանք, առողջություն, զորություն, նրա արքայազն որդոցը ու զավակացը՝ կենդանություն, բարեբախտություն, ու հզոր տերությանը՝ հաստատություն, պայծառություն, մշտական տևողություն՝ չխնդրի, չաղաչի։

Էսքան բաները լսեցիր՝ սի՛րելի կարդացող՝ բաս ի՞նչպես չի սիրտդ վառվիլ, որ դու է՛ն ազգի որդին ես, որ էսքան տանջանք քեզ համար քաշեց, ինքը նահատակվեց, քո կաթդ ու արինդ ուրիշ ազգի հետ չխառնեց։ Էնպես կարծո՞ւմ ես քիչ բան ա, հազար տարով էս օրը քաշիլ, էլի ազգ պահիլ, որդի մեծացնիլ, անուն, լեզու, հավա՞տ ունենալ։ Ա՜խ՝ էս միտք անողը՝ էլ ի՞նչ սիրտ պետք է ունենա, որ իր լեզուն, իր ազգը չսիրի։ Ասենք բլբյուլի լեզուն քաղցր ա, վերու հավին (խոխորին), սիրամարգին Աստված գեղեցիկ գույն, սիրուն թևեր ու բմբուլ ա տվել։ Ասենք վարդը շատ գովելի ա, բաս ընչի՞ չի մանիշակը իր ռանգը, իր հոտը նրան տալիս։ Մի՞թե վարդին տեսնողը՝ մանիշակին չի՞ սիրի՞լ։ Սարի անհոտ ծաղիկն էլ՝ իրան տեղը, իրան փառքը վարդի հետ չի փոխիլ։ Միթե բլբյուլի լսողը կանարեյկին էլ չի պետք է պահի։ Ամեն բան իր գինն ունի, շաքարեղենը քաղցր ա, ամա հացի տեղը չի՛ փոխիլ։ Շամպանսկի գինին անոշ ա, ամա ի՞նչ անես՝ որ մեր երկրումը չի դուս գալիս, մեզ թանկ է նստում։ Ասենք ջավահիրը, ալմազը շատ ջուհաբ ունի, շատ մեծ գին, ի՞նչ անես, որ նրանով տուն շինել չի՛ կարելի, ամեն մարդի ձեռք չի՛ ընկնում։ Ասենք հարևանդ հարուստ ա, օրը տասը տեսակ կերակուր ա ուտում, ձեռդ որ չի՛ հասնի, պետք է որ քո հացն է՞լ դեն քցես։

Ա՜խ՝ լեզուն, լեզուն, լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի։ Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը։ Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՛ր ազգիցն ես։ Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ։ Մեր կաթն էլ որ ծախենք, առնող չի ըլիլ։ Մեր աչքը որ հանենք ուրիշին տանք, ուրիշը կարելի՞ ա դնել տեղը։ Մեր օրորոցի վրա մեր լեզվով մեզ նանիկ ասեցին. էն էլ ա մեր միտքը չի՞